Իսկ օրերս, Հունաստանում ՍԾՏՀ կազմակերպության վեհաժողովի ժամանակ, հայ պատգամավորները հանդիպել են թուրք եւ ադրբեջանցի մի շարք պատգամավորների հետ: Հանդիպմանը նախապես մասնակցել են են այն սկզբունքով, որ չեն քննարկելու հայ-թուրքական հարաբերությունները, սակայն, այդ մասին խոսակցություններ եղել են եւ՛ թուրքերի, եւ՛ ադրբեջանցիների հետ:
Ըստ թուրքերի, իրենց խորհրդարանն անպայման վավերացնելու է հայ-թուրքական արձանագրությունները, քանզի սա Թուրքիայի համար հնարավորություն է հաջողությունների հասնել եվրոպական ուղղությամբ:
Հանդիպող կողմերը կարծում են, որ Հայաստանում արձանագրություններն առաջինը չեն վավերացնում, քանի որ «թուրքերի նկատմամբ վստահությունը զրո է, եւ միայն գործից հետո կարող են վստահ քայլեր անել»: Ադրբեջանցիները, իհարկե, դեմ են հայ-թուրքական մերձեցմանը, քանզի «մեծ եղբոր» կերպարը այսպիսով խամրում է իրենց մոտ, բայց ահա, իրենք էլ են փորձում «խաղի մեջ մտնել» հայկական կողմի հետ:
Այսպիսի զարմանալի հարաբերություններ են լինում թուրքական եւ ադրբեջանական ճակատներում:
Նարե Մշեցյան
Ոչ կոմունիստակա՞ն քայլ
Ադրբեջանական զլմ-ները հերթական սին տեղեկությունն են տարածել. այս անգամ` իբր այդ երկրի կոմունիստական կուսակցության անդամները ԽՄԿԿ կոմունիստական կուսակցությունների 34-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի կոմկուսի ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկությունը նրանց հաղորդել է Ադրբեջանի ԿԿ նախագահ Ռաուֆ Գուրբանովը: Հայաստանի ԿԿ նախագահ Ռուբեն Թովմասյանը Panorama.am-ին պարզաբանել է, որ հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել կոմունիստական կուսակցությունների միություն – ԽՄԿԿ հերթական 34-րդ նիստը, «բայց ինչ վերաբերում է ադրբեջանական դելեգացիայի հետ հանդիպմանը, այդպիսի բան չի եղել»: Նրանք ընդամենը նույն դահլիճում նստած են եղել եւ միջանցքում իրար բարեւել են ու անցել: Որեւիցե քննարկում կամ մտքերի փոխանակում չի եղել:
Իսկ զլմ-ներին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչն ասել էր նաեւ, որ Հայաստանի կոմունիստների «տեսակետը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համընկնում է մեր տեսակետներին, եւ նրանք ԼՂ-ն համարում են ադրբեջանական հող»:
Հայաստանի թիվ 1 կոմունիստը սակայն նշում է, որ «եթե Գուրբանովը նման բան է հայտարարել, ապա դա ադրբեջանական ստի ապոգեին է: Ես չէի ցանկանա, որ կոմկուսի հասցեին նման բան ասեին: Բայց եթե Գուրբանովը թույլ է տալիս իր տեղական կոմունիստների դեմ վեր-վեր թռնել, դա արդեն իր գործն է: Ես Գուրբանովի հետ որեւիցե հարց չեմ քննարկել, եւ իր երազանքները թող իրականություն չմատուցի»:
Ռ. Թովմասյանը ասել է նաեւ, թե իրենք միշտ կանգնած են եղել Ղարաբաղի անկախության կողքին եւ մինչեւ հիմա էլ հաստատում են, որ «Ղարաբաղը ինքնորոշվել է, Ղարաբաղն ունի իր պառլամենտը, իր նախագահը եւ շատ հիանալի էլ ղեկավարվում է»:
Ինչպես ասում են՝ «հին ու բարի ժամանակների» նոր բանավեճի ականատեսը չեղանք: Սովետական տարիներին ամեն հարց լուծվում էր միաձայն: Բայց վաղուց այդ ժամանակներն անցել են եւ, ըստ ամենայնի, ինտերնացիոնալիզմի դիրքերն արդեն իսկ զիջված են նացիոնալիզմի առաջ:
Իսկ Արցախ-ԼՂՀ-ի հարցը վստահաբար դեռ կաշխուժանա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը զուգահեռ:
Նազելի Մանուկյան