Սահմանի բացումը եu…

…ԹմրամոլությունըՀՀ-ում թմրամոլ քաղաքացիների 24-օրյա բուժման համար հատկացնում է 133. 500 դրամ: Ըստ նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի, թմրամոլության ծավալը ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ավելանում է, «Աշխարհում խոսում են ոչ թե թմրամոլության վերացման, այլ նվազեցման մասին»,- ասում է նա:
Իսկ ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանն էլ  նշել է, թե թմրանյութի բիզնեսը ամենաեկամտաբերներից է: Նախկինում, ըստ ԱԺ պատգամավորի, թմրամիջոց օգտագործողի նկատմամբ կիրառվել է կալանք,  2008թ. նոր օրենքի ընդունումից հետո օգտագործողները ենթարկվում են միայն վարչական պատասխանատվության, սակայն օրենքը խստացվել է տարածողների եւ վաճառողների նկատմամբ:
Հայ

-թուրքական սահմանի հնարավոր բացումից հետո թմրանյութերի բիզնեսը կաշխուժանա եւ, ըստ Մ. Մինասյանի, «հայ- թուրքական սահմանի բացումը բերում է մտորումներ, հոգսեր, այդ բնույթի խնդիրներ էլ կլինեն, բայց պետք է զգոնություն ցուցաբերեն մեր իրավապահ մարմինները եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն»: Հետազոտությունները հիմնավորել են, որ թմրամոլությունը յուրահատուկ չէ որեւէ սոցիալական խմբի, եւ բոլոր սոցիալական խմբերը ընդգրկված են դրանում: Ֆինանսական լավ պայմաններ ունեցողները օգտագործում են թանկ թմրամիջոց, իսկ սոցիալապես վատ վիճակում գտնվողները` էժան թմրամիջոց:
Օրինակ` հաշիշը ամենատարածված եւ էժան թմրամիջոցն է, իսկ կոկայինը ամենաթանկն է` 1 գրամը 200 դոլար: Նարկոլոգիական կլինիկայում  բուժում է ստացել 1140 հոգի, իսկ ընդհանուր առմամբ կա 30.000 թմրամոլ: Բուժման ընթացքում 12 կին թմրամոլ է գրանցվել:

…Պոռնկությունը
Ըստ հետազոտությունների, 241 մարմնավաճառից 140-ի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի վեներական հիվանդություններ: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պարբերական ստուգայց-շրջագայությունների 7 օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այս տարվա 9 ամիսների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսեր ստուգման է ներկայացվել 241 մարմնավաճառ, որոնցից 140-ի մոտ հայտնաբերվել են` ՄԻԱՎ, գոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնոզ, խլամիդիա եւ այլ հիվանդություններ: 241-ից 3-ի 18 տարին դեռ լրացած չէ, իսկ 13-ը` 45-ից բարձր են:
Հայտնի է, որ մարմնավաճառությունը ցավալի բիզնես է դարձել ՀՀ-ում եւ հատկապես արաբական երկրներում, Թուրքիայում այն սկսում է մեծ չափերի հասնել:
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է «բարերար» դաշտ դառնալ նաեւ «հին արհեստի» հետեւորդների համար…

Կարեն Բալյան

Ազնավուրը ուղղու՞մ է սխալը
Աշխարհահռչակ հայազգի երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Թուրքիայի դեմ տարածքային պահանջներ է դրել: Այդ մասին նա հայտարարել է իտալական «RAI- 3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այս մասին արդեն տեղեկացրել են նաեւ միջազգային լրատվամիջոցները: «Արեւմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն հայերին: Երբ ես ծնվեցի՝ 1924թ., Հայաստանին խոստացան, որ հողերը կվերադարձնեն: Ես արդեն 85 տարեկան եմ, եւ նույնքան էլ սպասել չեմ կարող: 1924թ. Ստալինը հայերին խոստացավ վերադարձնել Էրզրումը, Երզնկան, Սեբաստիան, Խարբերդը, Տիգրանակերտը, Բիթլիսը, Վանը, Մուշը… «Վիլսոնյան Հայաստանը» նույնպես ներառում էր Տրապիզոնի, Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգները»,- ասել է Շառլ Ազնավուրը: Նա միաժամանակ գոհունակություն է հայտնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների առումով, եւ նկատել է. «Հաճելի կլինի` կյանքիս վերջին շրջանում բաց սահմաններ տեսնեմ»:
Կարծում ենք` այս քայլով Ազնավուրը փորձում է ձերբազատվել իր ցյուրիխյան «ներկայությունից»…

Արման Դավթյան

Մենք սկսում ենք զիջե՞լ, թե՞ անտեսում ենք մեծահոգաբար
Ադրբեջան այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ այցելել էր Բաքվի շեհիդների պուրակ եւ ծաղիկներ դրել շեհիդների (իսլամադավան նահատակներ) հուշակոթողին, որտեղից դեռ օրեր առաջ հանվել էին թուրքական դրոշները:
Ա. Դավութօղլուն անդրադարձել էր դրոշների հետ կապված խնդրին եւ ընդգծել, որ թուրքական դրոշները հանվել են ոչ միայն շեհիդների պուրակից, Բաքվում Թուրքիայի դեսպանության կրոնական հարցերով խոհրդականի գրասենյակի առջեւից, այլ նաեւ` դպրոցներից:
Նա հիշեցրել էր, որ 2008թ. Ադրբեջանի օրենսդիր մարմինը օրենք է ընդունել դրոշների կիրառման մասին. «Մենք էլ դրոշների մասին ընդունած օրենք ունենք, բայց մեր այդ օրենքում Ադրբեջանի դրոշը բացառություն է, այն չի դիտվում, որպես օտարերկրյա դրոշ: Եթե պետք լինի 72 մլն. թուրք, ադրբեջանական դրոշի համար` ինչպես իրենց սեփականի, պատրաստ են մեռնել»: Եվ սա ասվում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախաշեմին: Չնայած թուրքական խորհրդարանում ասվել է ավելին ու` ավելի՛ պարզ…
Թուրքիայի ԱԳ նախարարը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանում թուրքական դրոշը եւս չդիտվի իբրեւ օտար պետության դրոշ: Ադրբեջանի արտգործանախարարն էլ արձագանքել էր, թե ծագած անհարթությունները վերացնելու համար էլ իրենք հանդիպեցին «եղբայրական ու անկեղծության մթնոլորտում»: Բուրսայի ֆուտբոլային դեպքերի վերաբերյալ (ադրբեջանական դրոշների արգելման առումով) Ա. Դավութօղլուն ասել է, որ անձամբ ինքը մարզադաշտում տեսել է շուրջ 50 ադրբեջանական դրոշներ` չնայած սահմանված արգելքին:
Արտգործնախարարի մակարդակով արված այս հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան թերացել է իր ստանձնած պարտականությունները կատարելիս, բացահայտորեն խախտել է ՖԻՖԱ-ի սահմանած արգելքը, ինչը, պետք է որ անհետեւանք չմնար: Սակայն, եւ Հայաստանը, եւ ՖԻՖԱ-ն ո՛չ մի հակաքայլ չձեռնարկեցին:
Այսպես մեզ հետ «եղբայրություն» են անում նաեւ վրացիները` մեզ գովում են, ադրբեջանցիների հետ` համագործակցում…

Նարե Մշեցյան

Ասում են` նախապայման չկա՞
Հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովը կսկսի գործել արձանագրությունների` խորհրդարաններում վավերացվելուց եւ սահմանի բացումից 2-3 ամիս անց: Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսպես է արտահայտվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:
Նա նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը 2 երկրների ինքնիշխան իրավունքն է: Նա անդրադարձել է նաեւ այն հայտարարություններին, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումից հետո»: Ա. Կիրակոսյանն այս առումով ասել է. «Հայտարարությունները մի բան են, իսկ գրավոր համաձայնությունները` մեկ այլ բան»: Մենք կավելացնենք` այսպիսի վերլուծություններն ու տրամաբանությունն էլ մեկ այլ բան են… եւ գուցե կապ էլ չունենան թեմայի հետ ու բթացնեն մեր առանց այն էլ խաթարված զգոնությունը…
ՀՀ փոխարտգործնախարարը գլխավորում էր ՍՏՀԿ ԱԳՆ-ի հայկական պատվիրակությունը, որը ժամանել էր Բաքու` խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
Եվ այստեղ նա հիշեցրել էր ադրբեջանցիներին, թե հայ-թուրքական նախաստորագրած արձանագրություններում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանը բացելու որեւէ նախապայման չկա:
Չկա-չկա: Սպասենք` կտեսնենք…

Արտակ Հայոցյան

Թուրքական մոտեցում
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում բացվել է ցուցահանդես: Այն կազմակերպվել է Ճամփորդական գործակալների հայկական միության եւ ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո եւ ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի աջակցությամբ, զբսաշրջության զարգացման հայկական գործակալության գործընկերությամբ:
Այս ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալ զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին եւ խնդիրներին, ինչպես նաեւ կարելի է ծանոթանալ այս ոլորտում Հայաստան-Թուրքիա գործարար փոխհարաբերությունների զարգացմանը եւ հեռանկարներին: Ըստ կազմակերպիչների` այս ցուցահանդեսի մասին տեղեկատվությունը ճամփորդական գործակալների թուրքական միության կողմից պաշտոնապես փոխանցվել է իր ավելի քան 5000 անդամներին, այդ թվում` թուրքական զբոսաշրջային ընկերություններին եւ լրագրողներին:
Ցուցահանդեսին մասնակցում են 65 կազմակերպություններ, այդ թվում` ճամփորդական գործակալություններ եւ օպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցային համալիրներ ու հանգստյան տներ, ոլորտին առնչվող պետական եւ հասարակական կազմակերպություններ, ճամփորդական հրատարակություններ ու տեղեկատվական կենտրոններ, ուսումնական հաստատություններ, ռեստորաններ, զբոսարջային ոլորտը օժանդակող կազմակերպություներ, հուշանվերներ եւ կոնյակի/գինու առաջատար արտադրողներ:
Ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են» եւ հայ-թուրքական արձանագրությունները դեռ չստորագրած… արդեն մեզ պարտադրում են հա-մա-գոր-ծակ-ցել…

Արփինե Գասպարյան

Թուրքական մտածելակերպ
2007թ. նորոգված Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին տարին մեկ անգամ բաց կլինի աղոթքի համար:
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուկրուլ Գունայը «Հյուրիեթ»-ին հայտնել է, որ խաչ կտեղադրվի եկեղեցու գմբեթին, ինչպես եղել է նախկինում (բայց չի նշել` երբ նախկինում):
Տրապիզոնի Սումելա հունական մենաստանը եւս տարին մեկ անգամ բաց կլինի աղոթքի համար:
Ի դեպ, ըստ «Հյուրիեթ»-ի, անցած տարի, Հունաստանից 500 հոգանոց զբոսաշրջիկների խումբը, որոնց թվում էր նաեւ Սալոնիկի քաղաքապետ Պանայոտիս Պսոմիադիսը եւ ռուսաստանցի պատգամավոր Իվան Սավիդիսը, ցանկացել է մոմեր վառել մենաստանում, սակայն Տրապիզոնի թանգարանի տնօրեն Նիլգյուն Իլմազերը նրանց դա չի թույլատրել: Այս դեպքից հետո, նախարար Է. Գունայը շտապել եւ ասել է. «Մենք հարգում ենք բոլորի հավատքը»: Դե՜ իհարկե, տարին մեկ անգամ կարելի է հարգել բոլորի հավատքը, այն էլ առանց ծիսական մասի, նույնիսկ` անհավատների «հավատը» կհարգեն թուրքերը…
Այնպես որ, մե՛ր Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող ավերակ եկեղեցիներում աղոթել շտապող մե՛ր հայրենակիցները պետք է գոնե հիմա հասկանան, որ թուրքական «հյուրասիրությունն» ու «զիջողականությունը» քրիստոնեական չէ, եւ թուրքերն էլ հայերի նման չեն պատրաստվում սեփական (իհարկե, այս դեպքում` սեփականացրած) տարածքն ու  հավատը զիջել օտարին ու նրա կրոնին…  
Մեր դասը նրանց հերիք է, այդ մե՛զ չի բավարարում եւ ուշքի բերում դեռեւս…

Նարեկ Առուստամյան

Հայաստանն էլի տարանցիկ երկիր չդարձավ
Թուրքիայի վարչապետի Իրան կատարած այցը նշանավորվեց էներգետիկ պայմանագրի ստորագրմամբ: Շուրջ երկուսուկես տարի սեղանին դրված բնական գազի պայմանագիրը վերջապես ստորագրվեց:
Համաձայն այդ փաստաթղթի` Թուրքիան, ի դեմս թուրքական «TPAO» ընկերության, հնարավորություն ստացավ «Հարավային ֆարս» ավազանից գազ արդյունահանել:
Այդ գազի պաշարի մի մասը նախատեսված է ուղարկել «Նաբուկո»-ին: Թուրքական աղբյուրները թուրք-իրանական այդ պայմանագիրը համարել են պատմական: Պայմանագիրը 3 առանցքային կետ է ներառում:
1. «Հարավային ֆարս» ավազանի բնական գազի որոշ հանքավայրեր հատկացվելու են թուրքական «TPAO» ընկերությանը:
2. Իրանական գազը Թուրքիայով արտահանվելու է եվրոպական շուկա:
3. Թուրքմենական գազը Իրանով մատակարարվելու է Թուրքիա:
Երկար ժամանակ մեր երկրի պատկան մարմինները քննարկում էին իրանական գազը Հայաստանի տարածքով` տարանցիկ կերպով արտահանելու հարցը, սակայն, «եղբայրական» Ռուսաստանի ջանքերով, այդ խնդիրը լուծում չստացավ… եւ ահա, խնդրեմ, «եղբայրության» շահամոլ միջամտության հետեւանքով Հայաստանը դուրս մնաց նաեւ այս գործընթացից: Ըստ որոշ աղբյուրների, ռուսաստանյան կողմը ցանկացել է տնօրինել այն խողովակաշարը, որով պիտի արտահանվեր իրանական գազը: Այսինքն` Հայաստանը միայն տարածք տրամադրո՞ղ է… Իսկ մնացյալը «եղբայրական» Ռուսաստանի՞ն… Լավ է, որ իրանական կողմը չհամաձայնեց այս մոտեցմանը: Դե, մենք էլ մնացինք… այն կողմում… ինչպես միշտ:

Գոհար Վանեսյան

ԱՄՆ-ում` նոր բանաձեւ
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Ջոն Էնսայնը ԱՄՆ-ի Սենատի քննարկմանն են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որով նախատեսվում է ԱՄՆ նախագահին կոչ անել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ կերպով արձագանքի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին: Իրենց համատեղ նախաձեռնության առնչությամբ Ռոբերտ Մենենդեսն ասել է. «Մենք պատմությունից դասեր քաղել եւ այդ դասերի հիման վրա խաղաղ գոյակցել կարող ենք միայն այն դեպքում, երբ պատմության ամենածանր շրջանները ճանաչվեն ու ընդունվեն: Մեկուկես միլիոն հայ զոհերի դժոխային փորձությունների ու դրա քողարկումը վիրավորանք է նրանց հիշատակի ու նրանց ժառանգների հանդեպ»:
«Դժվար է հավատալ, որ այսքան տարի հետո միջազգային հանրությունը դեռ չի փաստել, որ հայ ժողովրդի բռնի տեղահանումը, էքսպրոպրիացիան, առեւանգումները, կտտանքներն ու սպանությունները ցեղասպանություն են: Համախմբվելով ու պնդելով, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է իրականացվել, մենք միջազգային հանրությանը հստակ ազդակ ենք տալիս առ այն, որ աչք չենք փակելու հանցանքների վրա` միայն այն պատճառով, որ դրանք անցյալում են»,- նշել է Ջոն Էնսայնը:
Մեկ այլ բանաձեւ էլ շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում: Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Ադամ Շիֆի, Փրենկ Փալոնեի, Ջորջ Ռադանովիչի ու Մար Քըրքի այս նախաձեռնությանը միացել են 134 կոնգրեսականներ: Ըստ որում, նրանցից 7-ը նախաձեռնությանը միացել են հայ-թուրքական արձանագրությունները հրապարակելուց հետո:
Այս գործընթացները գտնվում են Թուրքիայի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում եւ, մասնավորապես այս մասին, «Սաբահ» թերթը հրապարակել է «Օբամա, ճանաչիր Ցեղասպանությունը» վերտառությամբ հոդված:
Վստահ ենք` հայ-թուրքական արձանագրություններն ի վիճակի չեն լինելու «սառեցնելու» Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության հարցերը, ուստի` հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը մի օր կարող են հանգեցնել հայ-թուրքական նոր բախման… Իսկ գուցե «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրականացման համար այլեւս առաջնայի՞ն է Թուրքիայի մասնատման խնդիրը… Կամ գուցե Արեւմուտքը Իսրայելի հետ Քրդստան ստեղծելու նոր նպատակնե՞ր ունի… Իսկ գուցե…
Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքականության առաջնահերթության մեջ շտապ ներառի տարածքային ծավալման (հայրենատիրական) եւ ազգահավաքի խնդիրները:

Վահագն Նանյան

Ո՞վ է տառապում մազոխիզմով
Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իրեն ամենեւին նվաստացած կամ վիրավորված չի զգացել, ինչպես գնահատում են որոշ արձանագրություններին դեմ արտահայտվողներ: Այսպես է ասել Է. Նալբանդյանը՝ Բելառուսի ԱԳ նախարարի հետ վերջերս կայացած համատեղ ասուլիսի ընթացքում: «Չգիտեմ, ով իրեն պետք է նվաստացած զգա, միգուցե, շատ ներողություն, մազոխիստական ինչ-որ բաներով պետք է տառապի, որ տենց բան զգա»:
Նա  հերքել է ՀՅԴ-ի այն հայտարարությունը, թե արձանագրությունների ստորագրման պահին իր հետեւում կանգնած էին մարդիկ, ովքեր ճնշումներ էին գործադրում, որ փաստաթղթերը ստորագրվեն. «Ասել, որ նրանք, ովքեր այդ օրը որպես կարեւորագույն վկաներ, կարեւորագույն երկրների ԱԳ նախարարներ ճնշումներ էին գործում, դա թյուր ըմբռնում էր: Այդ երկրները եղել են թե միջնորդներ եւ թե աջակիցներ: Այդ երկրները, ավելի շուտ աշխարհի բոլոր երկրներն աջակցում էին այդ գործընթացին՝ բացի մեկ-երկու երկրներից…  անցել են այն ժամանակները, երբ Հայաստանը ճնշումների տակ քայլեր էր կատարում… Հայաստանը որոշումներն ինքն է կատարում»,- այսպես է արտահայտվել ԱԳ նախարարը: Ինչպես ասում են՝ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի……
Նա նաեւ շեշտեց, որ ստորագրված արձանագրություններում որեւէ նախապայման չկա, եւ կողմերը պետք է ամեն ինչ անեն հնարավորինս արագ արձանագրությունները կյանքի կոչելու համար:
Իսկ ԼՂ հիմնախնդիրը որեւէ կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ, եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները ԼՂ հիմնախնդիրը կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ ու հայտարարություններ անում՝ ներքին սպառման համար,- ասել է Է. Նալբանդյանը:
Իսկ հետաքրքիր է՝ նա եւ պաշտոնատար այլ անձինք Արեւմտյան Հայաստանի, ցեղասպանության, ԼՂՀ եւ այլ թեմաներով բոցաշունչ ելույթներն ունենում են մե՞ր ներքին սպառման համար… Թե՞…

Հայկ Թորգոմյան

Վերին Լարսի նոր ոդիսականը
Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հերքել է այն լուրերը, որ Վրաստանն ուղիղ բանակցությունենրի մեջ է մտել Ռուսաստանի հետ՝ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու եւ Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետը բացելու համար: Նա միայն հաստատել է, որ այդ հարցի շուրջ Հայաստանի հետ են բանակցություններ ընթանում, քանի որ Վերին Լարսի բացումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, ուստի՝ վրացիները պատրաստ են գնալ յուրաքանչյուր զիջման:
Հետաքրքիր է, որ վրացի պաշտոնյան սա ասում է, չնայած Ռուսաստանը շարունակում է դեռ խնդիրներ ստեղծել այդ երկրի համար:
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ցամաքային հաղորդակցությունը դադարեցվել էր 2006թ. հուլիսին, Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի փակման հետեւանքով: Այդ տարանցիկ ճանապարհը առ այսօր փակվել է նաեւ Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը մտահոգել էր ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ Վրաստանին: Քանզի Վրաստանն այլեւս դեպի Եվրոպա միակ ճանապարհը չի մնում Հայաստանի համար ու նաեւ դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից: Ահա եւ պատճառը…

Անի Մարության

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։