Չզիջե՛նք Արցախ-Իրան սահմանը

Ինչքան էլ հավաստիացումներ տրվեն, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը չի առնչվելու Արցախի եւ ազատագրված տարածքների խնդրին, միեւնույնն է` վտանգներն առկա են, սպասվող քայլերն էլ` գրեթե տեսանելի…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի շրջանակներում եղան Բաքվում եւ Երեւանում: Այս մասին դեռ Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 26-ին հայտարարել էին համանախագահները` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո:  
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստության շրջանակներում, կայացել էր Եվրոպական Միության եռյակի` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը:

Համանախագահների հետ այցելել էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում համանախագահները հանդիպել են երկրների նախագահներին ու քննարկել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ հարցեր:
Հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ, ըստ ամենայնի, կաշխուժանա Արցախ-ԼՂՀ-ի եւ ազատագրված տարածքների հարցի քննարկումը նույնպես: Որոշ աղբյուրներ պնդում են, թե Հայաստանին կփորձեն պարտադրել, որ Ադրբեջանին հանձնի ազատագրված 7 շրջաններից գոնե 5-ը (բացի Քաշաթաղի եւ Քարվաճառի տարածքներից): Սա Արեւմուտքի համար հարմար ծրագիր է, քանզի միառժամանակ կլուծի հայ-ադրբեջանական առկա խնդիրը (ըստ նրանց` երկու կողմերն էլ պիտի բավարարվեն ձեռք բերածով), իսկ ազատագրված տարածքներում կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ական զորքերը, ինչը թույլ կտա վերահսկել իրավիճակը Կովկասում եւ Իրանի սահմանների մոտ, նաեւ` Մերձավորարեւելյան շրջանում:
Սա վտանգավոր է նախեւառաջ Արցախ-ԼՂՀ-ի գոյության համար: Քանզի զրկվելով Իրանի հետ սահմանային մասից, արցախցիները կապ ունենալով միայն Հայաստանի Հանրապետության հետ` չեն կարող իրականում լիարժեքորեն մտածել երկրի անկախության մասին: Որովհետեւ` եթե Երեւանին կարողանան պարտադրել հանձնել ազատագրված տարածքները, ապա նույն կերպ էլ կպարտադրեն` ներազդել արցախահայության վրա… Իսկ Իրանի հետ սահմանը, ամեն դեպքում, ազատ գործելու հիմքեր տալիս է արցախցի հայերին…
Սա հասկանում են նաեւ Թուրքիայում (համաթուրքական ծրագրերում նույնպես) եւ Իրանում (իրենց անվտանգության խնդիրներում), ուստի` մնում է հասկանան Հայաստանում եւ սփյուռքում:
Մի ժամանակ առաջ հետաքրքիր տեսակետ էլ արտահայտել էր «Նեզավիսիմայա գազետա» թերթը: Վկայակոչելով դիվանագիտական որոշ աղբյուրներ` թերթը պնդում էր, թե քննարկվող շրջանակային համաձայնագրի նախագիծը նախատեսում է, որ, ի վերջո, հայկական կողմը վերադարձնելու է Ադրբեջանի բոլոր 7 «գրավյալ» շրջանները եւ «Ղարաբաղը Հայաստանին միանալու է 40 կիլոմետրանոց միջանցքով»: Ըստ մոսկովյան այս լրատվամիջոցի` հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է մի ծրագիր, որի համաձայն այդ միջանցքը վերահսկվելու է խաղաղապահ ուժերի կողմից»: Սա, առհասարակ, կտրում է Արցախ-ԼՂՀ-ն նաեւ Հայաստանից:
«Համաձայնագրի նախագիծը նախատեսում է հետեւյալ քայլերը. Հայաստանը դուրս է բերում զորքերը իր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներից, փախստականները վերադառնում են իրենց մշտական բնակության վայրերը, բնականոնացվում են Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական ու տնտեսական կապերը, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր են տեղակայվում, Լեռնային Ղարաբաղին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում եւ հանրաքվե է անցկացվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով», – արձանագրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Հիմա մեզ համար ի՞նչ տարբերություն` Ռուսաստա՞նը կգործի մեր շահերի դեմ, թե՞ Արեւմուտքը:
Մեր խնդիրը, առհասարակ, անզիջում լինելն է…

Հայկ Թորգոմյան

ՄԱԿ-ում քննարկվել է ինքնորոշման իրավունքը
Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանը: ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Ելույթներով հանդես են եկել շուրջ 50 երկրների պատվիրակություններ եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարեւոր սկզբունքի այժմեականությունն ու կարեւորությունը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ այս տարի քննարկումները կրել են սովորականից ավելի թեժ բնույթ, եւ արդյունքում մի քանի անգամ պատասխան ելույթներ են հնչեցրել Ռուսաստանն ու Վրաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, Իրանը, Սիրիան, Պաղեստինը եւ Իսրայելը: Քննարկման շրջանակներում ելույթ ունենալով` Ադրբեջանի պատվիրակությունը վերստին փորձել է վերադասել տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի մյուս սկզբունքներից, իսկ ՀՀ ներկայացուցիչը, անդրադառնալով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, այդ կապակցությամբ կարեւորել է միջազգային նորմերին համապատասխան ԼՂՀ ժողովրդի կատարած ընտրությունը:
Նշվել է, որ 21-րդ դարում քաղաքական կամքը գերակշռող պետք է լինի ինքնորոշման իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար, հակառակ դեպքում, այդ իրավունքի ոտնահարումը հանգեցնում է ողբերգական հետեւանքների:
Ադրբեջանը փորձել է հակադարձել մեր երկրի ներկայացուցչին, ով ի պատասխան նշել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակը հետեւանք է Ադրբեջանի կողմից ԼՂ խաղաղ հայ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների եւ, ի վերջո, ռազմական բռնազավթման ու սանձազերծած պատերազմի: Վերահաստատվել է ՀՀ-ի համոզմունքը, որ միայն համապարփակ համաձայնությունը կարող է ապահովել կայուն ու երկարատեւ խաղաղություն տարածաշրջանում:

 Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։