Հայտարարություն «արձանագրությունների» մասին

       Հայ-թուրքական արձանագրությունների  ոդիսականը մտել է նոր փուլ: Նախաստորագրված այդ փաստաթուղթը մեծ ընդդիմության հանդիպեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Իհարկե, ընդդիմանալու շարժառիթները տարբեր են՝ Հայաստանում դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրների եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցերի հետ, իսկ Թուրքիայում՝ առհասարակ Հայաստան բառը չճանաչելու եւ թուրք-ադրբեջանական (համաթուրքական) եղբայրությունը չսասանելու խնդիրներով:

       Սակայն ՀԱՄ-ը եւ ազգային ու ազգայնական շատ կազմակերպություններ վտագներ տեսնում են ոչ միայն վերոթվարկյալ ազգային ու առանցքային հարցերում, այլեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ պայմանավորված մշակութային, հոգեւոր, տնտեսական, կենցաղային եւ այլ բնագավառներում: Հատկապես վտանգներ կլինեն ազգային անվտանգության ոլորտում, քանզի մեր համապատասխան մարմինները առավելապես զբաղված են հայ հանրային ու ազգային դաշտերը պառակտելու, քան՝ միասնական դարձնելու ուղղությամբ:

 

     Օտար երկրների գործակալները տարբեր օթյակների, հասարակական ու բարեգործական կառույցների կամ այլ խմբավորումների, աղանդավորական ու անբարո քարոզիչների անվան տակ վխտում են Հայաստանում եւ դեռ հասցնում են երկրում գործակալական ցանցեր ձեւավորել: Իսկ մեր անվտանգության պատասխանատուները տարբեր մանկլավիկական ու ծախու անձերի միջոցով պարզունակ խաղեր խաղալով կամա, թե ակամա նպաստում են հայկական ներուժի քայքայմանը, դիմադրողականության անկմանը:

       Ազգային անվտանգության պարտականությունն  ամենամեծն է լինելու, եթե հանկարծ  ստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները, բայց երբ «երկրի անվտանգության» շենքից փախուստի է դիմում ադրբեջանական գործակալը, ով հրահանգավորված էր Հայաստանում սպանություններ կազմակերպել հայ գործիչների նկատմամբ, ապա լուրջ հարց է առաջանում դիմելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

       Պարոն նախագահ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ ստորագրեք մեր ազգային ու պետական անվտանգության «արձանագրությունները», որպեսզի մեր երկրի համապատասխան մարմինները առավելապես զբաղվեն արտաքին վտանգներով, քան թե՝ ներքին արհեստական ու պառակտիչ խժդժություններ մոգոնելով:

Հայ Արիական Միաբանության

Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։