Ապազգային դպրոց

ՀՀ դպրոցներում խլում են երեխայի մանկությունը

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ տպագրված «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի երեխաներին ուսուցանելու համար, բազմաթիվ հակահայկական տարրերից զատ նաեւ հակագիտական, հակամանկավարժական ու հակահոգեբանական տարրեր է պարունակում: Հետաքրքիր է, որ խմբագրությանը հասցեագրված նամակներից մեծ մասում բողոքներ են հնչում հենց այս դասագրքի հետ կապված:
Այս անգամ ներկայացնում ենք Մայրանուշ Հայրապետյանի նամակը` կրճատումներով, բայց առանց խմբագրումների:


                * * *
«Հարգելի «Լուսանցք»: Շնորհակալ ենք այն մեծ գործի համար, որ անում եք: Դուք հասկանում եք մեր ցավը, մտահոգ եք մեր սերնդի ճակատագրով ու միայնակ եք կռիվ տալիս: Բայց որի՞ դեմ տաք: Կրթական ոլորտում շուրջբոլորը ապուշներ են, այլապես այդպիսի դասագրքերը տպարան անգամ չէին հասնի: Դուստրս 9 տարեկան է, 5-րդ դասարանում է սովորում եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից տեղեկանում է ոչ թե հայկական իմաստուն առակների ու ասացվածքների մասին, այլ հրեա ինչ-որ մի իմաստունի` Սողոմոնի խրատների: Եթե մերոնք անաստված են ու այդքան տխմար, դա նշանակու՞մ է, որ մենք իմաստուն խոսքեր ու պատմություններ չունենք, որ սովորեցնենք մեր երեխաներին: Սա էլ ոչինչ, բայց դասագիրքը գրող, հաստատող տականքները (կներեք, բայց ավելին եմ ուզում ասել) երեխաներից խլում են նրանց մանկությունը: Մի զարմացեք, հապա ինչ է նշանակում Քրիստոսի խաչված նկարը դասագրքում մեծ տպելը: Ի՞նչ բացատրեմ 9-ամյա դստերս այդ սարսափի մասին: Ախր նա դեռ երեխա է: Ի դեպ, այդ առարկան էլ դստերս դասավանդում է իմ ազգականներից մեկի հարեւանը, ով «50-ականներ» կոչված աղանդին է հարում: Ես էլ երեխայիս ասել եմ` ուսուցչիդ մի լսիր, այդ առարկայի դասաժամերին էլ տուն արի, վերջում ուսուցչիդ կվճարեմ, գնահատականը կդնի: Վա՞տ բան եմ արել, հաստատ ոչ, եթե համեմատվեմ նշված տականքների հետ: Չեմ պատրաստվում երեխայիս վախեցնելու: Սա էլ մեր մարդու իրավունքն է, ու ոչ ոք չի կարող այն ոտնահարել: Ինձ շուտով կհետեւեն երեխայիս մյուս դասընկերների ծնողներն էլ»…   

«Մանկական Եվրատեսիլ»-ում` 3-րդ անգամ

«Մանկական Եվրատեսիլ -2009»-ում փոքրիկ երգչուհի Լուարա Հայրապետյանն է ներկայացնելու Հայաստանը: Նա կենդանի ձայնով է երգելու, եւ նույնիսկ փոքրիկ սխալը կնկատվի ժյուրիի կողմից: 12-ամյա Լ. Հայրապետյանն ասել է, թե հաճախում է վոկալի, պարի եւ անգլերեն լեզվի դասերի` Հայաստանը պատվով ներկայացնելու համար: Լուարան խմբի հետ Ուկրաինա կմեկնի նոյեմբերի 15-ին, իսկ մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին:
Բեմի վրա լինելու են 6 հոգի` երգչուհին եւ 5 պարուհիներ, որոնք ընտրվել են մրցույթով: Լուարան հանդես է գալու 3-րդը` «Բարսելոնա» երգով: «Պատահականությամբ ես հանդես եմ գալու երրորդ համարի տակ, դա իմ սիրած թիվն է, եւ ասեմ, որ այդ մրցույթին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ: Մի խոսքով` ամեն ինչ երեք է, եւ հույս ունեմ, որ այն ինձ հաջողություն կբերի»,- ասել է նա:
«Մանկական Եվրատեսիլ -2009»-ին մասնակցելու է 13 երկիր: Մեր մասնակցի «Բարսելոնա» երգը ինտերնետ քվեարկության արդյունքներով ներկայումս լավագույն եռյակում է:
2007թ.-ին «Եվրատեսիլ»-ին մասնակցել է «Արեւիկ» խումբը, որն իր «Երազանք» երգով գրավել էր 2-րդ տեղը, իսկ գյումրեցի Մոնիկա Մանուչարովան անցյալ տարի գրավել է 8-րդ տեղը` «Իմ երգի հնչյունը» երգով:

Անի Մարության

Խոզի գրիպը` Հայաստանում

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Ա/H1N1-ի` խոզի գրիպի 6-րդ դեպքն է գրանցվել արդեն:
Հիվանդները կրկին հայտնաբերվել են օդանավակայանում: Հայերից բացի կան ազգությամբ թուրք եւ պարսիկ վարակվածներ եւս:
Հիվանդների առողջական վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Բուժումն իրականացվում է «Տամիֆլյու» դեղամիջոցով:
Համապատասխան անցումային կետերում ստուգումները խստացվել են:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 39 (125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։