Արդեն բացել են թուրքական խանութ

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ քննարկման փուլում են, բայց Երեւանում, հատկապես Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է «Անկողնային պարագաներ»: Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանն արդեն հասցրել էր նկատողություն անել խանութի տերերին` «Լեզվի մասին» օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել էր վերացնել խախտումը` թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: «Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ»,- ասել է տեսչության աշխատակիցը:


Այդ ցուցանակի համար խանութ են եկել նաեւ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները: Պարզվում է հենց թաղապետարանն էլ թույլտվություն է տվել. «Ի՞նչ են ուզում հիմա մեզնից»,- բողոքում էր խանութի սեփականատերը: Այսինքն` թաղապետարանից ասել են` «վահանակի համար վճարեք, վճարել են ու…»:
Խանութի նախաձեռնողները 2 քույրեր են, արմատներով մշեցի, ապրել են Գյումրիում, երկրաշարժից հետո տեղափոխվել Երեւան: «Մենք քաղաքականությունը չենք խառնում բիզնեսի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանն ասել է` առանց նախապայմանների ենք առեւտուր անում: Աշխատունակ տարիքի կանայք ենք, որոշեցինք Թուրքիայից ապրանք բերել: Թուրքական ապրանքներ բերում էին անհատներ ու վաճառում էին, մենք էլ որոշեցինք ֆիրմային խանութ բացել` ավելի էժան, ձեռնտու ժողովրդի համար»,- ասել է Լուիզա Մանուկյանը: Քույրերը պայմանավորվել են թուրք գործարարների հետ, որ իրենց արտադրանքը բերեն ու տեքստիլ խանութ բացեն:
Քույրերը «ազգայնորեն» «Ա1+»-ին վստահեցրել են, որ իրենք «ոչ Ղարաբաղյան հարցն են մոռանում, ոչ էլ Ցեղասպանությունը»: Բայց «21-րդ դարում ենք ապրում, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, չէ, Եվրախորհուրդ ենք գնում, եվրոպական տերմիններով պետք է շարժվենք»,- այսպես են կարծում «գերեվրոպացված»… նախկին գյումրեցիները:
Դե, իսկ առանց «նախապայմանների առեւտուրը» խոսում է քույրերի «բարձր գիտակցության» եւ «հայ ու թուրք ժողովուրդների բարեկամությունը անշահախնդիր խթանելու» նրանց ձգտման մասին… Նաեւ ՀՀ նախագահին միանգամից ըմբռնելու «ունակության» մասին:
Թե ինչու եվրոպական ապրանք չեն բերում, Լ. Մանուկյանն ասել է. «Հնարավորություն ունենանք` կբերենք, էլ ինչի ենք էսպես անում… Դե որ էդպես է` Գերմանիայից էլ կբերենք… տեսնենք էլի կդժգոհե՞ն: Ուրախանալու տեղը, որ Երրորդ մասում մի հատ պրեստիժնի խանութ է բացվել` բողոքում են, վայ»,- դժգոհել են «ժողովրդասեր» քույրերը:
Ինչպես ասում են` «էշն էր պակաս, պառախոդով եկավ…»: Եվ սա դեռ սկիզբն է: Առջեւում ավելի «գրագետ» ու «եվրաարժեքների հետեւորդ» կադրեր են հերթի կանգնած…

Հայկ Թորգոմյան  

Դեռ ինչե՜ր կխոսեն

Ֆրանսիայում գտնված ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դիմել է հայկական Սփյուռքին: Նա արդեն կարծում է` Հայաստանի հայության հետ իրենց հարցերը լուծել են…
Ա. Դավութօղլուն հայտարարել է, որ ամբողջ հայության հետ ուզում են լավ հարաբերություններ հաստատել: «Արդար հիշողություն արթնացնելը բոլորիս օգտին է: Սակայն, ամենքի վիշտն ու պատմությունը եթե բացատրվի, ապա չենք կարող միասին խաղաղ ապագա կառուցել: Միակողմանի հիշողության կապանքներից ազատվեք: Ես էլ իմ պապերի ցավը գիտեմ: Բալկաններից ու կովկասից նրանց բռնի կերպով տեղահանվելու մասին գիտեմ»:
Մնում է ավելացնել, Դավութօղլու, մի բան էլ գիտցի՛ր, որ ձեր պապերի երկիրը ալթայներում է եւ այնտեղ էլ շտապի՛ր բնակվելու: Իսկ «միասին խաղաղ ապագա կառուցել»-ը եթե ծիծաղելի չլիներ, ապա այդ առիթով կարելի էր մի լա՜վ ու ճոխ հայհոյանք գրել…
Մենք էլ մեր կոչն ենք ուղղում ամբողջ թրքությանը… Շտապե՛ք ձեր պապերի տափաստանները, անցեք ձեր քոչվոր կյանքին ու «ամենքի վիշտն ու պատմությունը» այդժամ արդար լուծում կստանան…
Հա՜, չմոռանանք ասել, որ «հարեւան երկրի» նախարարը Հայաստանի կողմից «ադրբեջանական հողերի» գրավումն ու այնտեղից բնակչության «տեղահանումը» ինչ-որ իմաստով պատժամիջոց է համարել… Բայց չի ասել` թե ում համար: Ասենք` դա միայն Ադրբեջանի պատժամիջոցն է ու դեռ կիսատ, Թուրքիայինը` Արեւմտյան Հայաստանում է իրականացվելու:

Արտակ Հայոցյան

Հայկական եկեղեցիները քրդական հարցի դե՞մ

Օրերս «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը հայտնել է, թե համոզված է, որ թուրքական կողմը հայ եկեղեցիները վերանորոգում է ոչ թե հայերի հետ ունեցած ինչ-որ հարաբերությունների հետեւանքով, այլ` քրդական հարցը շահարկելու եւ լուծելու համար: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան, Վանի տարածքում հայկական եկեղեցիները վերանորոգելով, 10 մլն. քրդերին փո
րձում է հասկացնել, որ դա հայերի պատմական տարածքն է, եւ այդտեղ նրանք կարող են միայն ապրել… ու ոչ թե առանձին պետություն ստեղծել` Քրդստան:

Իհարկե, սա առաջին քայլը կլինի: Հետո թուրքերը «համոզված» քրդերին մի կողմում թողնելով` «կհամոզեն» հայերին, որ բավարարվեն միայն եկեղեցիներ այցելելով, պատմական հուշերով եւ Եհովա աստծու հետ այնտեղ հարաբերվելով… իհարկե, առանց պահանջատիրական աղոթքների:
Արեւմտյան Հայաստանի ծպտյալ, մահմեդական հայերի հետ թուրքերը, գրեթե համոզված կարծում են, թե խնդիր չեն ունենա, իսկ Հայաստանի ու սփյուռքի հայերին հուսով են բավարարել երկարաշունչ աղոթքներով…
Ոչ վաղ անցյալը հավաստում է, որ եկեղեցական կղերականները հաճախ են իրենց հարաբերությունները կարգավորել թուրքերի հետ, երբ եկեղեցին շահ է ունեցել (չշփոթենք` ազգային շահի հետ)…

Արտակ Հայոցյան

11 ուղեկալներ` ՀՀ սահմանին

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ երկրի պաշտպանության նախարարության եւ ռազմաարդյունաբերության 2010թ. բյուջեները: «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն, այդ բյուջեները, ընդհանուր առմամբ, կազմել են 15 մլրդ. 118 մլն. թուրքական լիրա:
Երկրի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի անվտանգության համար մեծագույն սպառնալիքը «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) ահաբեկչական գործողություններն են: Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի շրջանակներում կարեւոր է, որ երկիրը ներգրավվի Եվրոպայի անվտանգության ու պաշտպանության քաղաքականությունում: Մինչեւ հիմա Թուրքիան 40 պետությունների հետ համագործակցել է ռազմաարդյունաբերության ոլորտում, 44 երկրների հետ` զինվորական կրթության ասպարեզում, 53 երկրների հետ էլ ստորագրել է շրջանակային կոնվենցիա: «Ծրագրել ենք Սիրիայի սահմանում` 18, Իրան-Իրաքի սահմանում` 17 եւ Հայաստանի սահմանում 11 ուղեկալային մասնաշենք կառուցել: Դրանցից 11-ի շինարարությունը եւ 7-ի ստորգետնյա աշխատանքներն ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը, հավելելով, որ մինչեւ հաջորդ տարեվերջ բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցվեն:

Երկաթուղայիններն էլ են նախապատրաստվում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատրաստ է 2 շաբաթվա ընթացքում բացել երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եթե լինի երկու երկրների քաղաքական ու տեխնիկական համապատասխան որոշում: Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենի ենթակառուցվածքների գծով տեղակալ Մարատ Խակովը: Նա նշել է, որ հաղորդակցություն սկսելու պարագայում բեռնատար գնացքի արագությունը կլինի 15-25կմ/ժ: Ենթադրվում է, որ առաջին փուլում այս ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ծավալը կհասնի 1-2 մլն. տոննայի: Իսկ Վրաստանի միջոցով Հայաստանի իրականացրած բեռնափոխադրումների ծավալը կնվազի: «Հայ-թուրքական սահմանի բացմամբ Գյումրի-Այրում հատվածի պահանջարկը կնվազի 25-30%-ով»,- նշել է փոխտնօրենը:
Սակայն, մինչեւ այժմ այդ հարցի վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն թուրքական կողմի հետ դեռեւս չկա:
Անդրադառնալով սահմանի բացման հետեւանքով ներդրումային փաթեթեում հնարավոր փոփոխություններին` Մ. Խակովն ասել է, որ դեռեւս փոփոխություններ չեն նախատեսվում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 39 (125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։