Թուրքերն ու ադրբեջանցիները` մի՛շտ միասին ու մեր դեմ

Ինչպես եւ ենթադրվում էր, Արցախ-ԼՂՀ-ի հարցը աշխուժանում է հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորմանը զուգահեռ: Ժամանակին` ի տարբերություն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ միայն «ԼՂՀ-ն է տեսնում», այլեւ` փաստաթղթի բոլոր հնարավոր վտանգավոր հետեւանքները: «Արձանագրության տեքստում չկա «Ղարաբաղ» բառը, սակայն այն, որպես նախապայման, փաստաթղթում առկա է քողարկված: Այս մասին իրենց հայտարարություններում բացահայտորեն խոսում են նաեւ Թուրքիայի պաշտոնյանները` սահմանի բացումը պայմանավորելով ԼՂ հիմնախնդրում Ադրբեջանի օգտին զիջումներով:


Չի բացառվում, որ Թուրքիան մեր տարածքների զիջման հարցը բարձրացնի արձանագրությունները իր խորհրդարանում վավերացնելուց առաջ»,- ասել է Մ. Մայիլյանը: Ազատագրված տարածքների վերադարձն Ադրբեջանին նա համարում է անհնար, եւ այդ մասին խոսակցությունները համարում է խնդիրը փակուղի տանելու փորձ: Առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության, հիմնախնդրի որեւէ որոշում չի կարող ընդունելի լինել ԼՂՀ բնակչության համար. «Այսօր ՀՀ-ն չպետք է քննարկի Արցախին վերաբերող հարցերը: Այդ դեպքում եւ միջնորդները, եւ Ադրբեջանը ստիպված կլինեն խոսել Արցախի հետ»:
Արցախ-ԼՂՀ-ի հարցում հրապարակված «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որոնց շրջանակներում պատրաստվում են կարգավորել հիմնախնդիրը, արցախցիները համարում են անընդունելի. «ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որեւէ տարածքի հանձնումը Ադրբեջանին` առաջին հերթին նշանակելու է խախտում ԼՂՀ հիմնական օրենքի` Սահմանադրության, որում ամրագրված են տվյալ տարածքները: Երկրորդ` ազատագրված տարածքների անգամ մի մասից ԼՂՀ ՊԲ-ի ուժերի դուրսբերումը կխախտի ԼՂՀ ռազմական եւ պարենային անվտանգությունը»: Հրապարակված սկզբունքներում ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից զավթված ավելի քան 1000 կմ2 արցախյան տարածքները ԼՂՀ-ի վերահսկողությանը վերադարձնելու մասին:
Եվ ահա, կարծես թե, իրականանում է ազատագրված «տարածքների զիջման հարցի բարձրացումը` արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացնելուց առաջ» հնչած վտանգը… Մինսկի խմբի եռանախագահները օրերս այցելեցին Բաքու, Երեւան եւ նորից մեկնեցին Բաքու: Ի՞նչ են համաձայնեցնում հայ -թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր. այսպես է եղել պաշտոնական տեղեկատվությունը: Իսկ իրականությունը, կարծում ենք, այլ բան է ենթադրել տալիս…
«Լուսանցք»-ի նախորդ թողարկման առաջաբանում` «Չզիջե՛նք Արցախ-Իրան սահմանը» հոդվածում (հեղ.՝ Հայկ Թորգոմյան), իրապես կարեւորվում է այդ սահմանը` Արցախի (ազատագրված տարածքներով) անկախությունը պահպանելու համար: Վերլուծականում նշվում է, որ երբ ՀՀ-ին կարողանան պարտադրել հանձնելու ազատագրված տարածքները, ապա կարող են նաեւ պարտադրանք սեպել՝ Արցախ-ԼՂՀ-ի կարգավիճակի ոչ հայանպաստ հարցով: Ուստի, մեծ նշանակություն է տրվում Արցախ-Իրան սահմանի պահպանմանը, քանզի ԻԻՀ-ին այսօր ինչ-որ բան պարտադրելն ավելի դժվար է, եթե չասենք  Արեւմուտքի համար անհնարին, քան ՀՀ-ին… Թեհրանում նաեւ լավ են հասկանում համաթուրքական վտանգը եւ ՆԱՏՕ-ական զորքերի հնարավոր տեղակայման հետագա հետեւանքները ազատագրված տարածքներում եւ հարակից շրջաններում: Իհարկե, այդ զորքերը «կտեղադրվեն» որպես խաղաղապահ ուժեր:
Իսկ ՆԱՏՕ-ն վաղուց պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին վերստին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը  ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հանդիպման
ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» 2009թ. նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Կարեւորելով եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ ՀՀ համագործակցության խորացումը` Ա. Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է ՀՀ-ում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը:
Եվ ահա, չի բացառվում, որ այսօր Մինսկի խումբը փորձում է այդ «խորացումը» հասցնել Իրանի սահմանին (ազատագրված տարածքներում)… տարածաշրջանում հարցականի տակ դնելով Հայաստան-Իրան` մեզ համար ամենաապահով համագործակցությունը, թերեւս` նաեւ ամենավստահելի: Ռ. Սիմոնսը «խորացման» հարցերով չի մոռացել իր գոհունակությունը հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել է դրական:
Չնայած այս ամենին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հանդիպման առանցքում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացն է քննարկվել, եւ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում ու շեշտել, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումը կարժանանա հայկական կողմի համարժեք վերաբերմունքի: Այսինքն` այդ արձանագրություններով Հայաստանը չի ստանձնել որեւէ միակողմանի պարտավորություն եւ դիմել է այդ քայլին 2 երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: Եվ եթե Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմն առանց հապաղելու նույն կերպ կվարվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, Անկարան փորձում է Բաքվի համար որոշ շահեկան դիրքեր ամրապնդել արցախյան հարցում` մինչեւ արձանագրությունների ստորագրումը: Ուստի, եթե Երեւանը եւ Ստեփանակերտը սրա դեմը չառնեն, ապա ԼՂՀ հարցը նույնիսկ ինքնաբերաբար կկապվի հայ-թուրքական արձանագրությունների հետ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուն հույս է հայտնել, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում ապագայում դրական առաջընթացներ կլինեն: Մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին մենք շատ ակտիվ դեր ենք խաղում Մինսկի խմբում: Դա շատ կարեւոր գործըթնաց է, եւ դրա լուծումը նույնպես կարեւոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ տարածաշրջանն ապահովված լինի խաղաղությամբ, կայունությամբ ու բարեկեցությամբ»: Միաժամանակ, ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել գործընթացի մանրամասները ներկայացնելուց եւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս եղել են տարածաշրջանում… Բանակցությունների ընթացքում համանախագահները գործընթացում նկատելի առաջընթացի են հասել, եւ ես հույս ունեմ, որ այդ առաջընթացը շարունակվելու է»:
Բացի մեր ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու «նկատելի առաջընթացից», կա նաեւ «Լաչինը Մեղրիի հետ փոխանակելու» վտանգ: Ադրբեջանական կայքերը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի համար առաջնային է համարվում ԼՂՀ-ի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ անվտանգությունը նշանակում է ցամաքային կապ ՀՀ-ի հետ», ընդգծել են, որ միշտ էլ, նաեւ
Ադրբեջանի կազմում գտնվելու ժամանակահատվածում, ԼՂ-ն ՀՀ հետ ունեցել է ցամաքային կապ. «Լաչինը միշտ էլ իրենից ներկայացրել է ցամաք»,- հեգնել են ադրբեջանցի քաղաքական մեկնաբանները: Նրանք կարծում են, որ` «ՀՀ-ն Լաչինի տարածքի դիմաց պետք է զիջի դրան համարժեք շրջան` ասենք, Մեղրին»: Դեռեւս թարմ է «Հոբլի ծրագիր» ասածն այս ուղղությամբ, ուստի վտանգը կրկին կարող է դառնալ այժմեական:
ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը դեռ «Մադրիդյան սկզբունքներ»-ի գաղտնազերծումից հետո տված հարցազրույցներում մտահոգություն էր հայտնել, նշելով, որ այդ սկզբունքներով հարցի կարգավորումը հանգեցնելու է այն բանին, որ հետագայում կդրվի Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հարցը, եւ հայկական կողմը կանգնելու է կամ Ղարաբաղը, կամ Մեղրին կորցնելու փաստի առջեւ»: Իսկ Մեղրիի վերաբերյալ հնչեցվող ակնարկներն այսպիսին են. «Եթե խոսքը 7 շրջանի վերադարձի մասին է, որի դիմաց լավագույն դեպքում Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի անկախությանը, Ղարաբաղը ունենալու է անկլավի կարգավիճակ: Եվ երբ խոսում են Հայաստանի հետ կապի մասին, ապա դա նշանակում է, որ, այո, դրվելու է Մեղրիի հարցը: Ինչ կարգավիճակով ՀՀ-ն կպահանջի Լաչինը, նույն կարգավիճակով Ադրբեջանը կպահանջի Նախիջեւանի հետ կապ` Մեղրիի տարածքով»:
Չնայած մի տարբերություն կա, Մեղրիի ու Լաչինի միջեւ Նախիջեւանը անկլավ չի, իսկ եթե Արցախը չունենա սահման Հայաստանի հետ, դա կբերի Արցախ-ԼՂՀ-ի հայաթափմանը, հետեւաբար, այսօր խոսել «Մադրիդյան սկզբունքներ»-ով հարցի կարգավորման մասին` անթույլատրելի է: Ի դեպ, շատերի կարծիքով Մեղրիի տարբերակով հարցի լուծումը բխում է նաեւ Թուրքիայի շահերից, որով նրանք ստանում են ցամաքային կապ Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ, ինչը տեղավորվում է նրանց ռազմավարական եւ համաթուրքական նպատակների մեջ:
Ոմանց կարծիքով էլ միշտ փոթորկից առաջ հանդարտ մի պահ է գալիս, եւ հիմա մենք այդ հանդարտի փուլում ենք, որովհետեւ կա հաղթանակի նախազգացում: Իսկ եթե Թուրքիան ստորագրեց արձանագրությունները եւ նախապայմաններ չդրեց, ապա մենք դա կարող ենք համարել արդեն մեր դիվանագիտական հաղթանակը: Այսինքն` ակնկալվում է հանդարտի պահից հետո փոթորկի պահը… Իսկ դա կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների ստորագրումից հետո, երբ ԼՂՀ խնդրի լուծումն անմիջականորեն կկապվի դրա հետ: Այդ ստորագրմամբ Երեւանը կճանաչի Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, եւ Արցախի ու ազատագրված տարածքների կապը հայ-թուրքական արձանագրությունների հետ կդառնա խիստ անմիջական:
Չնայած այս վտանգներին, մեզ մոտ եւ այլ երկրներում փորձում են ցույց տալ, թե ԼՂՀ-ում սառը անտարբերությամբ են վերաբերվում Արցախի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը: Թուրքական «Սաբահ» թերթում տպագրվել է մի հոդված, որով պարզվում է, որ դեռեւս 11-րդ դարից մինչեւ 1800-ական թթ. «Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո»: Այս առնչությամբ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը ասել է. «Նրանք թերեւս, մոռացել են մատնել այն, թե ինչպես 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները իրենց նախորդները քանի-քանի անգամներ են Ղարաբաղում եւ նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել առանց ետ նայելու»: Ըստ նրա, այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է: «Եվ ահա` Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով եւ մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երեւի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ, նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես, օրինակ, թեկուզ հետեւյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս 95%-ը կազմում էին թուրքերը: Այս թերթի հիպերբոլիկ երեւակայությունը սահմաններ չունի»,- նկատել է ԼՂՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Թերթը, հասկանալի է, որ անտեղյակություն է դրսեւորել` հրապարակելով, թե Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առեւանգվել են հայերի կողմից: Ըստ Մ. Պետրոսյանի` «թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը (այժմ ադրբեջանցիները) հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք: Բայց համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին»:
Հետաքրքիր է, որ եվրոպական մամուլը նույնպես աշխուժացրել է արցախյան թեման: Գերմանական «Բեռլիներ ցայտունգ»-ը նույնպես անդրադարձել էր ԼՂՀ-ին: Այս առումով ԼՂՀ ԱԳՆ-ն բաց նամակ է հղել թերթին` նկատելով, որ այդ թղթակիցը աղճատված է ներկայացրել արցախյան խնդիրը: Նամակում մասնավորապես ասվում է. «Գերմանական «Բեռլիներ ցայտունգ» թերթի լրագրողը, անձամբ լինելով ԼՂՀ-ում, ցանկության դեպքում անգամ չէր կարող չնկատել, թե անհավասար գոտեմարտում ահավոր զրկանքներ, ավերածություններ ու ցավ տեսած ժողովուրդն ինչպես է կարողացել իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, հերոսաբար հաղթահարել պատերազմի արհավիրքները, վերականգնել պետական ենթակառույցները, իրականացրել արմատական բարեփոխումներ եւ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն: 2-րդ աշխարհամարտից հետո, տասնյակ տարիներ գերմանացիները երազել են միասնական պետության մասին, ապրել այդ գաղափարով: Չենք կարծում, թե գերմանական ժողովրդի այս ձգտումը մեկ այլ ժողովրդի կողմից կարող էր կասկածի տակ առնվել: Ուղիղ 20 տարի առաջ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում գերտերությունների կամոք փլուզվեց Բեռլինի սահմանազատիչ պատը, եւ գերմանական ժողովուրդը ոչ միայն միավորվեց, այլեւ ձեռք բերեց լիարժեք անկախություն, որի համար սրտանց ողջունում ենք հին աշխարհի այս ինքնատիպ ու տաղանդավոր ժողովրդին», իսկ Արցախն անկախացել է «չեզոքացնելով ադրբեջանական ագրեսիան, պաշտպանելով երեխաների, կանանց ու ծերերի կյանքը… ժողովրդի ազատ ապրելու կամքն ու իրավունքը: Ասել է թե` անկախությունն ու ազատ ապրելու իրավունքը սկուտեղի վրա ինչ-որ մեկը չի մատուցել ԼՂ-ին: Եվ եթե այսօր մեր հանրապետության բնակչությունը կազմում է ընդամենը 140 հազար, ապա դա նույնպես Խորհրդային Ադրբեջանի ընդգծված հակահայկական քաղաքականության ցայտուն դրսեւորումներից է, այլապես այսօր ավելի քան 1,5 միլիոն ղարաբաղցի հայեր եւ նրանց հետնորդները այլ պետությունների քաղաքացիներ չէին հանդիսանա: Այնպես որ, ինչպես գերմանացիները ոչ վաղ անցյալում, այսօր մենք նույնպես ձգտում ենք ինքնիշխանության… Այնպես որ, թերթի հեղինակը, առանց մի առանձին դժվարության, նման բազմաթիվ հոդվածներ կարող էր շարադրել իր կացարանում` օգտվելով տարատեսակ կայքէջերից: Եթե «Բեռլիներ ցայտունգ»-ի համար խոսքի ու մամուլի ազատությունը հավասարազոր է ճշմարտության դեմ մեղանչելուն` դա արդեն միանգամայն այլ խնդիր է»:
Այն, որ Գերմանիայում ադրբեջանական շահերը պաշտպանում է թուրքական մեծ համայնքը, ակնհայտ է, ուստի պարզից էլ պարզ է, որ ինչպես բուն Թուրքիայում, այպես էլ թուրքաշատ այլ երկրներում թուրքերը հայ-թուրքական արձանագրություններն ու Արցախի հիմնախնդիրը կապելու են միմյանց, եւ անհասկանալի է մեր իշխանավորների ու ամենատարբեր գործիչների այն քարոզը, թե մենք այդ արձանագրությունները ստորագրում ենք առանց նախապայմանների:
Կամ մեր գործիչները կույր են, կամ էլ ինչ-ինչ շահեր են հետապնդում, որը խիստ կասկածելի է թվում: Իսկ թուրքերն ու ադրբեջանցիները ասում են այն, ինչ տեսնում են: Եվ պատրաստվում են անել այն, ինչ ասում են…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 39 (125)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։