Կլինեն անկանխատեսելի հետեւանքներ

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն օրերս հայտարարել է, որ Արցախի ազատագրական պատերազմում հայ զինվորը, կամավորականը պաշտպանել են հայության գոյությունը եւ հաստատել Հայոց պետականությունը: Պարտությունը մարտի դաշտում բերելու էր մեծագույն կորուստների: Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ քաղաքական ղեկավարությունը, Արցախի խնդրի կարգավորման հարցում որդեգրեց փոխզիջումային մոտեցումներ, որի դառը պտուղները քաղում ենք նաեւ այսօր, հայտնի «մադրիդյան սկզբունքներով»: Նախաձեռնությունը հայտնում է, որ «…դեռեւս 1994-1998թթ. ՀՀ ղեկավարությանը առաջարկվում էր ազգովին լծվել ազատագրված տարածքներում Ադրբեջանից մի քանի հարյուր հազար հայ փախստականների բնակեցման գործին, սակայն «զգուշավոր» քաղաքական նկատառումներից ելնելով մասնակի բնակեցվեց միայն Քաշաթաղի՝ նախկին Լաչինի շրջանը… 3-րդ հանրապետության բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարների կողմից ազատագրված տարածքների բնակեցումը դիտվել է որպես ոչ իրատեսական եւ կործանարար Հայոց պետականության համար: Սակայն Արցախի հարցի վերջնական եւ համապարփակ լուծումը կլիներ այն ժամանակ, երբ այդ տարածքներում արդեն իսկ կբնակվեր մի քանի հարյուր հազար հայ: Աշխարհը չէր կարող հաշվի չնստել այդ փաստի հետ»:


Հայ կամավորականները կարծում են, որ «նախկինում կատարած սխալ քաղաքական հաշվարկները այսօր էլ փորձում են փաթաթել հայությանը, համեմելով այն «փոխզիջումներ», «շուտափույթ լուծում», «փուլային» կամ «փաթեթային» հորջորջվող տերմինաբանությամբ: Արդունքում` «Աշխարհը մեզ ճիշտ չի հասկանա», «Հայ Դատը պետականազուրկ ազգին վայել դավանանք է» կարգախոսներով Հայոց պետականությունը Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարները կանգնեցրեցին լրջագույն մարտահրավերների առջեւ», որից հետո էլ պարտադրվեց հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ոչ հայանպաստ գործընթացը:
Իշխանության այս սխալ հայեցակարգային մոտեցումները եւ ընդդիմության ընտրած ներկա սխալ մարտավարությունը ՀՀ իշխող վարչախմբին եւ հայությանը օտարների պարտադրմամբ կարող են մղել անընդունելի զիջումների, որը հղի կլինի եւ Հայաստանի եւ տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով. հայտնում են իրենց տեսակետը են հայ կամավորականները:

Գոհար  Վանեսյան

Նաեւ` ընդդեմ «մադրիդյան սկզբունքների»

Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք հկ-ների անդամներ, ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ Վանաձորի Արցախի պուրակի հարակից տարածքում անցկացրեցին նախօրոք հայտարարված բողոքի գործողություն՝ ընդդեմ ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»:
Բողոքի մասնակիցները նշել են, որ «փաստացի ենթարկվելով միջազգային հակահայ կենտրոններին, իշխանություններն ամեն ինչ անում են ազգը պառակտելու, արտագաղթը խթանելու եւ այս տագնապահարույց  օրերի համար այնքան անհրաժեշտ՝ հայ ժողովրդի հաղթական համախմբումն ու միասնական մարտնչումը թույլ չտալու համար»:
Վանաձորի փողոցներով, պաստառներով բողոքի մասնակիցները քայլարշավ կազմակերպեցին, երգերին ու վանկարկումներին միացան բազմաթիվ վանաձորցիներ՝ «ի հեճուկս բողոքի ընթացքում աչալուրջ «հետեւող-նկարահանող» ոստիկանության եւ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների ներկայության»:
Ըստ մասնակիցների, առավել տարօրինակն այն է, որ «իրենց վերջերս ազգային ընդդիմություն հռչակած որոշ քաղաքական ուժեր իրենց ազդեցությանը մասամբ ենթակա հեռուստաընկերությունների եթերով որեւէ մեկ անգամ չլուսաբանեցին այդ ակցիաները, ու հատկապես` ոստիկանության կողմից դրանց ապօրինի կանխարգելումները փաստող միջադեպերը»: Բողոքի գործողությունները հետագայում եւս շարունակվելու են մայրաքաղաքում եւ ՀՀ ամբողջ տարածքում:

Կարեն  Բալյան

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։