Սեւանի համար դեռ պայքարում ենք

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երբ եղավ Գեղարքունիքի մարզում, այցելեց նաեւ «Սեւան» ազգային պարկ, որտեղ ծանոթացավ պարկի գործունեությանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Չէինք անդրադառնա այս խորհրդակցությանը, եթե Սեւանի հարցը օրախնդիր չլիներ: Պարզապես մի քիչ հասկանալի չէ, ավելի շատ Սեւանի՞ խնդիրն է քննարկվում, թե՞ լճի ափամերձ շինությունների:
Նախագահն իրավամբ ընդգծել է, թե  պետք է մեծ ուշադրություն դարձնել ջրի մաքրությանը, որպեսզի տեղանքային ողողումներ չլինեն եւ ճահճացում չառաջանա, ինչն էլ իր հերթին նոր խնդիրներ կհարուցի. «Ինձ չափազանց անհանգստացնում է կատարվող աշխատանքների որակը: Ես ուզում եմ, որ բոլորը հստակ պատկերացնեն, որ, եթե որակի հետ կապված խնդիրներ առաջանան, պատասխանատվության չափը կրկնակի է լինելու… Եթե միջոցներն արդյունավետ չօգտագործվեն, պատասխանատվությունը եւս կլինի կրկնակի»,- ասել է երկրի ղեկավարը:


Ուզում եմ մի դիտարկում անել. երբ նոր-նոր էին խոսում լճի մակարդակի բարձրացման մասին, ահազանգում էինք, թե, օրինակ, այն մասերում, որտեղ ծառերը ջրածածկ էին եղել եւ դրանք հանել էր պետք, գործը սխալ էր արվում. այսինքն` ծառերը արմատախիլ անելու փոխարեն, սղոցով կտրում էին, իսկ ծառարմատը, մնալով ջրում, նպաստում էր ջրի ճահճացմանը: Այսինքն` այն գումարները, որոնք տրամադրվել էին ջրածածկ տարածքները ծառերից ազատելու համար, նպատակին չեն ծախսվել: Ինչու՞ ա՛յդ հարցը չի քննարկվում…
Կամ` ինչու՞ ի վերջո չի ամրագրվում, որ Սեւանն ազգային արժեք է, եւ լիճը փրկելու համար պետք է ազատվել ափամերձ շինություններից: Եվ եթե հարկ է` բոլո՛ր շինություններից: Իսկ եթե փոխհատուցման խնդիր է ծագում, ապա դա էլ… դեռ քննարկելիք հարց է, թե իրականում ո՞վ ում է փոխհատուցելու. պետությու՞նը սեփականատիրոջը, թե՞ տռզած սեփականատերը, որ իր օբյեկտի կեղտաջրերը լիճն է լցնում:
Այս հարցերի պատասխանը ստանալուց հետո խնդիրն… ինքնաբերաբար է լուծվում:

Արտակ Հայոցյան

«ԱրմենՏել»-ին սկսել են զրկել «վայրի շահութաբերությունից»
Բայց զրկելու տեղեր էլի կան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 18-ի նիստում որոշեց, որ «ԱրմենՏել»-ն այլեւս չի աշխատելու 55-% շահութաբերությամբ:
Շուկայում ուսումնասիրությունները հանգեցրեցին այն բանին, որ հանձնաժողովը սահմանեց միջազգային «Այ Փի» տարանցման ծառայության 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը, որը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձեւի հիման վրա` պայմանավորված  ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությամբ: Ներկայիս փոխարժեքի պարագայում միջազգային «Այ Փի» տարանցման ծառայության 1 Մբ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է ամսական մոտավորապես 174 հազար դրամ/ամիս (ներառյալ ԱԱՀ), որը շուրջ 2 անգամ ցածր է 2009թ. 1-ին կիսամյակում վերոհիշյալ ընկերությունների կողմից առաջարկված փաստացի միջին սակագնից: Համեմատության համար նշենք, որ այժմ առավելագույն սակագինը 431 հազար է, իսկ նվազագույնը 306 հազար դրամ է:
Հասկանալի է, որ հանձնաժողովի այս որոշումը չէր գոհացնելու «ԱրմենՏել»-ին: Ընկերության դժգոհությանն ի պատասխան հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նկատեց, թե հանձնաժողովը չի կարող թույլ տալ, որ «ԱրմենՏել»-ը «վայրենի շահութաբերություն» ունենա. «Դուք 55 տոկոս շահութաբերությունից եք խոսում, իսկ սա նշանակում է, որ ներդրումները 2 տարուց էլ պակաս ժամկետում կվերադարձնեք` սպառողի հաշվին, ինչը թույլ տալ չենք կարող: Մեր որոշած սակագնով դուք էլի կապահովեք ձեր շահութաբերությունը, բայց այն արդեն ողջամիտ սահմաններում կլինի»:
Ի դեպ, հանձնաժողովի նիստից ընդամենը մեկ օր առաջ «ԱրմենՏել»-ի տնօրեն Ի. Կլիմկոն փառաբանում էր իրենց, որ «Այ Փի» ոլորտում սակագներ են փոխում, արագ ինտերնետ են առաջարկում սպառողին, իրենք հաշվի են նստում սպառողի հետաքրքրությունների հետ եւ այլն եւ այլն:
Ի՞նչ կարծիքի է Ռոբերտ Նազարյանը այդ մասին: «Նա (Կլիմկոն) հպարտությամբ սակագնային նոր պլանից էր խոսում: Բայց այնպես չէ, որ մեր ժողովրդին լավություն են անում: Նրանք ի սկզբանե սակագները բարձր են դրել եւ դեռ իջնելու շա՜տ տեղ ունեն»:
Հանձնաժողովը շարունակելու է շուկայի ուսումնասիրությունները, սա նշանակում է, որ սակագները կրկին կնվազեն:
Եթե, իհարկե, հանձնաժողովը պահի իր խոսքը ու լավ զննի շուկան:

Աստղինե Քարամյան

Միջոցները չե՞ն փոշիանում

Կառավարություն
ը երեկվա նիստում որոշեց 500 հազար դոլարին համարժեք դրամի բյուջետային երաշխիք տրամադրել «Նորաշեն» ՍՊԸ-ին:

Հարմար առիթ էր, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե երբեմն քննադատություններ են հնչում այն մասին, որ իբր ռուսական վարկի գումարները նպատակին չեն ծառայում. «Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ընդամենը 3,5 մլրդ դրամի երաշխիք ենք տվել, այն էլ` խիստ պայմաններով, 11,5 մլրդ դրամի էլ հիփոթեքային վարկ ենք տվել բնակարաններ ձեռք բերելու համար»:
Գործադիրը քննարկեց նաեւ մեկ այլ հարց, որ վերաբերում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում լրացումներ կատարելուն: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն, ՀԴՄ-ների կտրոնները տրամադրվում են միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ: Իսկ սա չի խթանում պլաստիկ քարտերով դրամական հաշվարկների իրականացումը, որովհետեւ այս դեպքում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում: Օրենսդրությունում լրացումը կբերի այն բանին, որ ՀԴՄ կտրոններ կտրվեն նաեւ պլաստիկ քարտերով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։