«Ապազգային դպրոց» խորագրի ներքո վերջերս շատ էինք անդրադարձել ՀՀ-ի հանրակրթական դպրոցների 5-րդ դասարաններում ուսուցանվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքում տեղ գտած սխալներին: Բայց ոչ պակաս հակահայկական ու հակագիտական սխալներ կան մի դասագրքում, որ կոչվում է «Հայերենագիտություն»:
Նախ` այս դասագիրքը չգիտեմ, թե ինչ կարող էր կոչվել, բայց համենայնդեպս` ոչ հայերենագիտություն, քանզի հայերենագիտությունը չի սահմանափակվում գլխավորապես ՀՀ-ով եւ Հայ առաքելական եկեղեցով: Այս հանգամանքին, սակայն, մի ուրիշ առիթով կանդրադառնանք: Հիմա խոսենք սխալներից: Սխալներ, որոնք սերնդին ճիշտ չեն ներկայացնում Հայոց պատմությունը: Ուշագրավը, սակայն, այն է, որ սխալ ներկայացումը մասամբ չէ, այլ` ամբողջովին:
Նախ` հայերը քրիստոնեություն չեն ընդունել, նրանց ընդունել տվել են` սրով, հրով: Ես չեմ ասում, եկեղեցական պատմիչները վկա՛: Հետո` հազարամյակներ շարունակ հայոց եկեղեցին եկեղեցապահպան դեր է կատարել` ջարդելով ու փշրելով ազգային արժեքները` սկսելով նաեւ ճարտարապետականից: Բացի այդ` եկեղեցին մանավանդ ծեսեր ու տոները մեզ չի հասցրել, դրանք պահպանվել ու շարունակվել են ժողովրդի մեջ: Ընդհակառակը` եկեղեցին հազարամյակներ շարունակ փորձել է մոռացության մատնել հայ ազգի ծեսերն ու տոները, արմատախիլ անել դրանց վերաբերյալ հայի հիշողությունը: Եվ հայի շնորհիվ է, որ վարդավառը մեզ է փոխանցվել իբրեւ վարդավառ, տյառնընդառաջը` իբրեւ տյառնընդառաջ… իսկ եկեղեցունը` Քրիստոսի հրաշափառությունն է, պայծառակերպությունը ու չգիտեմ էլ ինչ կերպություններ: Ինչպե՞ս կարող է եկեղեցին պահել հայ ազգի պատմությունը, երբ կեղծում է անգամ իր աստծո` Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանը: Քրիստոսը, որ տաք ժամանակ սարերի մսուրում ծնվեց, ծննդյան օր է «նշում» ձմռանը: Իսկ որ տաք եղանակին է ծնվել, ես չեմ ասում, Բիբլիան վկա՛: Հիմա` սեփական պատմությունը չպահողը ինչպե՞ս կպահի հայ ազգինը:
Կամ` դասագրքում նշված է, թե եկեղեցին համայն հայության համար միավորիչ դեր կատարող կառույց է: Սուտ է: Եկեղեցին ի սկզբանե չի մտածել հայադավան, էլ ուր մնաց այլադավան հայի մասին, ու ցայսօր պետություն է հայկական պետության մեջ, ինչպե՞ս կարող է միավորիչ եւ ազգահավաք դեր կատարել…
Նարե Մշեցյան
Քրիստոսը` հիմա էլ վրացի՞
«Մենք մշակութային ժառանգության վերաբերյալ լուրջ խնդիրներ ունենք ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլեւ Վրաստանի հետ»,- ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հայտնելով, թե 2004թ. Վրաստանում նշեցին քրիստոնեության ընդունման 2000-ամյակը:
«Ենթատեքստն այն է, որ Մարիամ Աստվածածինը ծնունդով եղել է Կապադովկիայից, իսկ, ինչպես հայտնի է, Կապադովկիան եղել է Վրաստանի մաս, հետեւաբար Մարիամ Աստվածածինը եղել է վրացի, ու Քրիստոսը նույնպես եղել է վրացի: Երբ նա սկսել է խոսել` քարոզել է իր ուսմունքը, հետեւաբար քրիստոնեությունը վրացերեն հնչում է 2000 տարի»,- մանրամասնել է Ա. Ադիբեկյանը` շեշտելով, թե ինչպես են պարզաբանում վրացիները քրիստոնեության երկարամյա գոյության փաստը Վրաստանում…
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.