Ի՞նչ կորոշի Վրաստանի Սահմանադրական դատարանը

2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Հայցի համար առիթ դարձավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես դատապաշտպան գրանցման մերժումը ս/թ փետրվարի 16-ին:


2009թ. հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումն ընթացքի մեջ էր վարչական դատարանում, Վրաստանի խորհրդարանը Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն օրենսգրքից ընդհանրապես հանվեց օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանության իրականացումը նախկինում թույլատրող դրույթը: Օրենսդրական այս փոփոխությունը որպես հիմք ծառայեց վարչական դատարանի համար, որպեսզի այն ս/թ հուլիսի 15-ին մերժի ֆրանսիացի փաստաբանի գրանցման հայցը: Սահմանադրական դատարանի հայցի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալյանին օգնել է «Մարդու իրավունքների կենտրոն» ՈԿԿ փաստաբան Նինո Անդրիաշվիլին:
Հայ գործիչը ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր.օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի դեմ)՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Վահագնի հայրը՝ Ռուբեն Չախալյանը, մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)՝ դատապարտվելով 5 տարվա պայմանական ազատազրկման` այն 5.000 լարի (շուրջ 3.000 ԱՄՆ $) տուգանքով փոխարինմամբ, Վահագնի կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը՝ 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)՝ դատապարտվելով 2 տարվա պայմանական ազատազրկման` պատժի փոխարինմամբ 2.000 լարի (շուրջ 1.200 ԱՄՆ $) տուգանքով:
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողեց անփոփոխ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։