Ադրբեջանական հոգսեր, որ կարող են դառնալ մերը


Այդ երկրում թմրանյութերի շրջանառությունը մեծ ծավալների է հասնում: 2009թ. ընթացքում Ադրբեջանի ՆԳ նախարարության աշխատակիցների իրականացրած գործողությունների արդյուքում առգրավվել է անօրինական շրջանառության մեջ գտնվող 908 կգ թմրանյութ:
Բացի այս, Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, մարդկանց վաճառքով զբաղվող 222 անձինք են ենթարկվել քրեական պատասխանատվության:
ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ընթացիկ տարում 908 կգ թմրանյութ է առգրավվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 60,8%-ով աճել է: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հաջողվել է կասեցնել մաքսանենգ ճանապարհով 260 կգ թմրանյութի ներմուծում Ադրբեջան: Ի դեպ, թմրանյութերի ներմուծման զանգվածն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,1 անգամ աճել է, այդ թվում՝ կանանց մոտ:

Ադրբեջանցի կանայք նաեւ թրաֆիքինգով են զբաղվում: Վերջերս Թուրքիայում հանցավոր խումբ է ձերբակալվել, որի կազմում նաեւ ադրբեջանցի կանայք են եղել, գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել, որի կազմում նաեւ 7 արտասահմանցի: Խմբավորման արտասահմանցի անդամներից մի քանիսը Ադրբեջանից են, իսկ մյուսները` Վրաստանից ու Ղազախստանից: Նրանք բոլորն էլ մեղադրվում են մարդկանց առեւտուր իրականացնելու, ինչպես նաեւ մարմնավաճառության տարածմանը օժանդակելու համար:
Իսկ Ադրբեջանում այս տարի արձանագրվել է մարդավաճառության 1298 դեպք, բացահայտվել են 192 հանցախումբ եւ 15 կազմակերպված հանցավոր խմբավորումներ: Մարմնավաճառության համար պատասխանատվության են ենթարկվել 749 կին, բացահայտվել է 134 անառականոց եւ քրեական պատասխանատվության են ենթարկվել 160 մարդ:
«Լուսանցք»-ում որոշակիորեն ներկայացրել ենք այս իրավիճակը նաեւ Թուրքիայում, եւ հիմա, երբ արծարծվում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը, կարծում ենք՝ մեր ոչ պակաս նմանատիպ հոգսերին ավելանալու են եւս շատերը, ինչը դեռ մեր քաղաքացիներից ոմանք չեն պատկերացնում անգամ…
Ադրբեջանի հոգսերն այլ ոլորտում էլ են ավելանում. 2010թ. բյուջեով ծրագրված հարկային մուտքերը 1/3-ով նվազել են: Եթե մինչ այդ պետական բյուջեով հաստատվել էր, որ հարկային նախարարությունը պետք է բյուջե մուտքագրեր 5 մլրդ. 750 մլն. մանաթ, ապա հաջորդ տարի այդ ցուցանիշը, նվազելով 1 մլրդ. 770 մլն. մանաթով կամ 30.8%-ով, կկազմի 3 մլրդ. 980 մլն. մանաթ:
Այդ միջոցներից 1 մլրդ. 530 մլն. մանաթը պետք է ապահովվի նավթային սեկտորից եկող եկամուտներից, իսկ մնացած՝ 2 մլրդ. 450 մլն. մանաթը` այլ աղբյուրներից: Ադրբեջանական վիճակագրական տվյալների համաձայն, հարկային նախարարությունը՝ նավթի գների նվազեցման հետ կապված, իր առջեւ դրված խնդիրները չի իրականացրել: Ուստի, կարելի է ենթադրել, որ հարկային նախարարությունն ընթացիկ տարին կփակի բացասական ցուցանիշներով, որը կազմում է 2 մլրդ. մանաթ (մոտ 2 մլրդ. 4 մլն. ԱՄՆ դոլար): Ադրբեջանի մի շարք քաղաքներում, երկրի արտադրողների եւ վաճառականների միության կողմից իրականացված՝ «Կոռուպցիայի դեպքերը ներքին առեւտրում. նրա պատճառները եւ հաղթահարման ուղիները» նախագծի շրջանակներում կատարված սոցհարցումներից պարզվել է, որ Ադրբեջանի ամենակոռումպացված կառույցը հենց հարկային նախարարությունն է:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։