Անհաջողակի «նոր արկածները» ազգայնական դաշտում


Յուրաքանչյուր կուսակցությունում կան մարդիկ, ովքեր չնայած իրենց վրա դրված պարտավորությանը ու դրանից բխող իրավունք-անունին, մնում են շարքային` իրենց կեցվածքով, մտածելակերպով, մտահորիզոնով: Ու քանի որ իրենք այդ՝ իրենց շարքային լինելու մասին չեն գիտակցում, սկսում են կուսակցության վերնախավի անունից այս ու այնտեղ խոստումներ տալ ու ներկայանալ իբրեւ հարց լուծողներ: Վաղ թե ուշ այդ մասին սկսում են խոսել հենց նույն կուսակցության այն անդամները, ովքեր վաղուց ձանձրացել են իբր հարց լուծողներից: Որոշ ժամանակ անց կուսակիցները նաեւ սկսում են ծիծաղել այդ հարց լուծողների վրա, որովհետեւ իրենք հո գիտեն, թե իրենցից ով ով է: Իսկ մեր երկրում զրույցները շատ արագ են տարածվում, որովհետեւ երբ մեկը մի տեղ գլուխ է գովում, գեղից միշտ մարդ է լինում, որ հիշեցնում է… ամեն ինչ…

Մի անգամ մեր թերթում հպանցիկորեն արծարծվել է մի անհաջողակ «ազգայնական» «գործչի» հարցը, ով փորձում էր ՀՀԿ անունից խառնել հայ-արիական գաղափարական ուժերի ոլորտը, ով միաժամանակ խաղեր է տալիս եւ՛ քրիստոնեական եկեղեցու եւ՛ հեթանոս քրմերի հետ: Այս մարդը ՀՀԿ-ում վաղուց մերժված, հին «ազգայնական» Մուշեղ Լալայանն է: Այս առումով նրա գործն ավարտվեց` «չկա չարիք` առանց բարիքի» առածի հաստատումով, քանզի հայ-արիական ոլորտը եւս մեկ անգամ ինքնամաքրվեց կեղծ քրմերից եւ քրիստոնյա-հեթանոսներից… Հիմա` այս նույն մարդու մասին «գեղից» պատմում են, որ նա ժամանակին հիացմունքով է վերաբերվել բոլորիս հայտնի անցյալի գործիչ՝ Աշոտ Մանուչարյանի «գորշ կարդինալային» գործունեությանը, ով էլ ժամանակին քաղաքական դաշտում կարողանում էր ձեւավորել եւ՛ ազգայնական, եւ՛ սոցիալիստական, եւ՛ ժողովրդավարական ուժերի համախմբումներ… Դե ահա, Մուշեղն էլ իր «գորշ կարդինալային» երազների մեջ է: Նա, լինելով բոլորովին մերժված սեփական կուսակցությունում, շարունակում է հատկապես ազգայնական ուժերի շրջանակներում հանդես գալ որպես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչ, ավելին՝ պետության ներկայացուցիչ (մարդը դեռ ինքնահաստատվում է): Եվ ամեն անգամ, երբ տարբեր հավաքներ են լինում ազգայնական ուղղվածությամբ, Մուշեղ Լալայանը առանց ներկայանալու (այս դեպքերում նա ներկայացուցիչներ ունի) փորձում է պետության (իմա` իշխանության) անունից խոստումներ եւ աջակցություն հայտնել: Սակայն,  գոնե մեզ հայտնի դեպք չկա, երբ մեր պետություն-իշխանությունը աջակցի եւ նպաստի իրական ազգայնականության ծավալմանը: Ուստի՝ հարց է ծագում, ինչու՞ է նա շահարկում պետության անունը: Պարզ մի պատճառով, որ այդ հավաքների մասնակիցներն անվերապահ լսեն ու հավատան իրեն: Դե՜, շատերն էլ չեն խորանում՝ թե պետությունը ե՞րբ է աջակցել, որ «գորշ կարդինալային» դեմքին այդքան ուզում են հավատալ… Պարզապես ուզու՜մ են հավատալ, որ նորմալ պետություն ունենք…
Հետաքրքիր է, արդյո՞ք ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գիտի այս մասին, արդյո՞ք Մուշեղին որեւէ մեկը լիազորել է աննպատակ խաղեր տալու…
Իհարկե, նա միշտ չէ, որ հանդես է գալիս իբրեւ «բարձրաստիճան» ՀՀԿ-ական եւ պետության «ներկայացուցիչ», հաճախ քաղաքականություն խցկվող տխմարներն են այդպես ընկալում (չէ՞ որ նա հանդես է գալիս որպես ՀՀԿ-ի գաղափարական պատասխանատու), ինչը նույնպես հիանալի օգտագործում է վաղուց մերժված ՀՀԿ-ականը, «նվիրյալ ազգայնականը» եւ պետական որեւէ կառույցի կողմից երբեք չլիազորվածը…
Զգուշացնու՛մ ենք հատկապես ազգայնական միավորումներ նախաձեռնողներին, այս անձը չի կարող լինել երաշխավոր նույնիսկ ՀՀԿ-ական շրջանակների հետ հանդիպումներում, ուր մնաց թե այլ ուժերի կամ ՀՀ նախագահի հետ կապեր հաստատելու խնդիրներում: Բայց դե՜, անհաջողակը շարունակում է որոշակիորեն գործել, քանզի տխմարներ… միշտ էլ գտնվում են:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 40 (126), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։