Արթնացի՛ր, հա՛յ մարդ


Վտանգի գիծը
Թուրքերը տիրելով Փոքր-Ասիային, Հելլեսպոնտոսից (Դարդանէլ) անցան Թրակիա, մտան Բալկաններ, խորացան մինչեւ Կենտրոնական Եւրոպայի դռները, առանց ձեռք տալու Վոսփորի շուրջը խցկւած բիւզանդական «կայսրութեան»:
Նրանք նոյնիսկ խնամիական-բարեկամական կապեր հաստատեցին բիւզանդական կայսրերի հետ:
Գրեթէ մէկ դար (93 տարի) թուրքերն իրենց տիրապետութեան կենտրոնում հանդուրժեցին բիւզանդական կայսրութեան այդ կղզեակը, մի օր էլ (1453թ.) խորտակելու նրա պարիսպները եւ կայսրերի մայրաքաղաքում սուլթանների գահը հաստատելու:

Պատմութիւն


Եթէ մի բոլշեւիկի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանում, նա կը պատասխանի՝ չտեսնւած շինարարութիւն:
Իսկ եթէ լուրջ մի պատմագէտի հարցնենք, թէ ի՞նչ է կատարւում Խ. Հայաստանի շուրջը, նա կը պատասխանի՝ այնտեղ քաշւում է դեղին այն պարիսպը, որ մի ժամանակ թուրքերը քաշեցին Բիւզանդիոնի շուրջը:
Այն ժամանակւայ Բիւզանդիոնի սահմաններն էին. արեւելքից՝ Թուրքիա, արեւմուտքից՝ Թուրքիա, հարաւից՝ Թուրքիա, հիուսիսից՝ գրեթէ Վոսպորի լայնութեամբ մի գծով՝ Սեւ ծով: Խ. Հայաստանի սահմաններն են. արեւելքից՝ կովկասեան Թուրքիա (Ազրբէյջան), արեւմուտքից՝ Թուրքիա, հարաւից՝ Թուրքիա եւ թուրք-թաթարական Ատրպատական, հիւսիսից՝ Լոռւայ ձորի լայնութեամբ մի գծով՝ Վրաստան:
Մինչդեռ թուրքերը դարանակալում էին, բիւզանդացիք զբաղւած էին աստւածաբանական վէճերով, եւ օրհասական վայրկեանին Վոսփորից ո՛չ օգնութիւն ստացան, ո՛չ էլ փրկութեան ելք:
Այսօր նոյնանման օղակի մէջ ընկած հայերը վիճում են քաղաքական օրիենտացիաների եւ ընկերային խնդիրների մասին, կրքեր են հրահրում եւ դաւեր նիւթում, առանց մտածելու, որ Լոռւայ ձորի ճամբան կարող է մի օր փակւել:
Այս երեւոյթի բուն պատճառն այն է, որ մենք սիրտը թողած՝ զօռ ենք տալիս խելքին:
Բայց խելք, որի մէջ սիրտ չկայ, կենսաբանօրէն ի սպառ անպէտք է: Դա մտքի այլասերում է եւ հոգեւոր վայրէջք:
Ամեն բանից աւելի մեզ պէտք է ոգու նոր յղութիւն, ցնցում եւ խռովք:
Հայաստանի առեղծւա՛ծ, հայոց գոյութեան առեղծւա՛ծ – սրանք ցեղի կնճիռներն են եւ ո՛չ թէ այլասերւած մտքի:
Այլասերւած միտքը՝ դա անարիւն ճարպիկութիւնն է, փերեզակների զէնքը, ապահովութեան խաբկանքը:
Ցեղը՝ դա վտանգի կռահումն է, կենսաբանական թափը, յաղթանակի կարօտը:
Յաղթանակ երազել – նշանակում է կանխազգալ վտանգը: Վտանգի գիծը՝ դա յաղթանակի կամուրջն է:

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 1

Հայկական բարձրաւանդակի պայքարը
Հայկական Բարձրաւանդակի դարաւոր պայքարը մտել է նոր մի փուլի մէջ. խորացել են պատմական կնճիռները, խտացել են դարերի բոլոր զգացումները, բեւեռացել են ցեղերի գոյութեան կռահումները. եռում է կեանքի կաթսան եւ մօտ է ժամը, երբ նա կը պայթի:
Պատմութիւնը յաճախ է երկընտրանքներ հասունացնում. ժամանակի հոլովական զօրոյթը, իրերի տրամաբանութիւնը յաճախ են հարցերը յղկում եւ անհրաժեշտականութեան թափով ու երանգով դնում ազգերի առջեւ՝ «կա՛մ-կա՛մ»:
Ուր սուր հակասութիւններ կան՝ այնտեղ հայ պատմական առաջընթացների յղութիւն, դրութիւնը յեղաշրջելու խռովք: Ուր իրարամերժ նպատակներ կան, իդէալների խաչաձեւում, նաեւ կուտակւած ատելութիւն, արեան հետքեր, նախճիրների յիշողութիւն՝ այնտեղ անխուսափելի է բաղխումը:
Հոգով սպառւածները կարող են մոխիր ցանել իրենց գլխին, յիմարները՝ «խաղաղութիւն» զառանցել, բոլշեւիկները՝ «հայկական հարցը լուծւած» համարել, բայց պատմութիւնն առօրեայ տրամադրութիւններից տարբերւում է նրանով, որ նա քայլում է դարերի գծով:
Արի-արմենականների եւ մոնգոլ-թուրքերի հակամարտութիւնը – դա հազարամեակների ժառանգութիւն է: Հայկական Բարձրաւանդակի պայքարը – դա դարերի առեղծւած է:
Ի՞նչ է կատարւել մեր օրերին: Մեր օրերին այդ առեղծւածը մօտեցել է լուծումի:
Մի կողմից՝ Միացեալ Հայաստանի երազը, միւս կողմից՝ թուրքերի պաշարած Այրարատը:
Մի կողմից տարագիր հայերի ներգաղթի տենչը, միւս կողմից կիսամայի թուրքաց Հայաստանը:
Մտքի սովորական հակասութիւններ չեն սրանք, այլ՝ գոյութեան: Դատողութեան օրէնքով չեն հասունացել դրանք, այլ՝ էութեան, բնազդների, զգացումների յղութեան ոյժով: Դասակարգերի, կրօնների, տնտեսական շահերի հակամարտութիւն չէ դա, այլ՝ հայրենիքների եւ ցեղերի:
Ի՞նչ է ասում իրերի տրամաբանութիւնը.
Խ. Հայաստանում մէկ քռ. քմ.ի վրայ՝ 40, իսկ Հայաստանի թուրքապատկան նահանգներում՝ միայն 8 մարդ:
Հայկ. Բարձրաւանդակի 84 առ հարիւրը թուրք-թաթարներին եւ միայն 13 առ հարիւրը՝ հայերին:
Կամ այն 8-ը կամ այս 13-ը – երկուսից մէկը պիտի յաղթահարւի:
Ի՞նչ է ասում ոգիների տրամաբանութիւնը.
«Արթնացի՛ր Հայաստա՛ն»:
Հայ ժողովրդի ողբերգութիւնը նրանում է, որ արեւ է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջման է ծանրութեան»), իդէալիստ է, բայց դրամատենչ, հայրենասէր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երեւակայութիւն, սիրում է գիտութիւնը, բայց ծուլանում է նրանից օգտւել, գոռոզ է, բայց յարմարւում է նւաստութեան, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ոյժի պաշտամունք ունի, բայց ոչ հզօրութեան կամք, կենսաբանական զօրութենականութիւն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասէր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:
Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էութիւն:
Իսկ թուրքը – դա հայ ժողովուրդի հակապատկերն է՝ կենսաբանական տկարութիւն եւ ոյժի ծարաւ, անհանճար ոգի եւ քաղաքական կամք, անմաքուր սիրտ եւ գրաւիչ լեզու, բութ միտք եւ կարգապահական հակում, վախի զգացում եւ խորտակումի մոլուցք:
Հայը խորքով է արժէքաւոր, թուրքը՝ մակերեսով, նա էութեամբ է բարձր, սա՝ արտայայտութեան ձեւով: Հայը հոյակապ ցեղ է եւ անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է եւ սքանչելի ժողովուրդ:
Խանդավառւե՞նք, երբ Հայկական Բարձրաւանդակում հայերը դեռեւս համեմատական մեծամասնութիւն են կազմում:
Ընկճւե՞նք, երբ Անատոլիան թուրքերի համար մարդկային շտեմարան է, երբ թուրք եւ թաթարները հայերից 5-6 անգամ աւելի են, երբ թուրքերը պետութիւն ունեն եւ բանակ:
Առարկայական տւեալներ են սրանք, որոնք կարող են ե՛ւ բախտորոշ դեր խաղալ ե՛ւ մոխիր դառնալով՝ քամուն տրւել:
Ժողովուրդը՝ դա միշտ էլ ներկայապաշտն է, իդէալի եւ մեծագործութեան թշնամին, որ իր հացի հետ օրւայ մանր փաստերն է ծամծմում: Դա անհաւատ «ռէալիստ»ն է, որ չի հասկանում հակասութիւնների ոյժը՝ յեղա-շրջւած ոգին յեղաշրջում է փաստերը եւ նրանց դասաւորումը:
Տայքի Շտէ գիւղում, Վահան Մամիկոնեանը 40 զինւորներով ոչնչացրեց թշնամու 4000-նոց գունդը:
Թուրքիայում յաճախ մի քանի կիսասատակ ոստիկաններ հայկական զանգւածները քշեցին դէպի աքսորի զարհուրանքը:
Պատմական գործօնների խառնուրդը մի բան է, որից թւագիտութիւնը ուղիղ եզրակացութիւն հանել չի կարող:
Յաղթում է ո՛չ թէ նա, ո՛վ փաստերի եւ նրանց հետեւանքների մասին է մտածում, այլ նա, ո՛վ գործում է եւ եզրակացութիւնը թողնում պատմութեան:
Թւով սակա՞ւ ենք – բայց ահա՛ գիտութիւնը, որ կրկնապատկում է մարդկային ոյժերը:
Հոգով տկա՞ր ենք – բայց ահա՛ արմենական ցեղը, որ կենսաբանական ոյժի անսպառ աղբիւր է, կորովի շտեմարան:
Մինչեւ այժմ ինչո՞վ յաղթեց մեզ թուրքը. իսլամի, քիւրտի, Եւրոպայի հակամարտութեան, գերմանացիների, դաշնակիցների, բոլշեւիկների միջոցով:
Ինչու՞ այս բոլորը թուրքին նպաստեցին. որովհետեւ մեր մէջ արմենական ցեղը չտեսան, այլ՝ հայ ժողովուրդը:
Ի՞նչ է հայ ժողովուրդը. դա մի բան է, որին Բերլինի Վեհաժողովում խղճահարութեամբ ծաղրում են եւ դեռեւս տասնեակ տարիներ նրանից քրիստոնէական վշտով լեցուն հառաչագրեր ստանում, որին դարեր անընդհատ խոշտանգում են եւ օսման. սահմանադրութեան օրը՝ մի ժպիտով սիրտը գրաւում, որին անկախութիւն են խոստանում եւ կոտորել տալիս, որին թուրքերի օժանդակութեամբ խորտակում են եւ մոլեռանդ բոլշեւիկ դարձնում, որին Լոզանում ձեռնունայն դուրս են նետում եւ անպատիժ մնում, որին ներգաղթ են խոստանում եւ իր հոգեւոր հայրենիքից, իր ցեղային բարոյականից եւ իդէալներից կտրում:
Եթէ այս ժողովուրդն է, որ իր քաղաքական յիմարութեամբ, իր հոգու աղքատութեամբ, իր կոտրտւած կամքով, իր մանր հաշիւներով, իր հատւածական տրամադրութիւններով, իր եսականութեամբ, իր անկայուն բարոյականով, իր զգացումների խեղճութեամբ, իր սրտի ծուռ բաղձանքներով, վաղւայ օրհասին, կանգնելու է թուրքին առջեւ՝ Հայաստանի կնճիռը հիմակւանից լուծւած համարեցէք. նա յաւիտենական Թուրան է, Թուրանի կամուրջը եւ միջնաբերդը:
Բայց կա՛յ արմենական ցեղը, որ այսօր իր բոլոր դարերի խռովքն է ապրում. յաւիտենական ա՛յն ոյժը, որ այսօր թէ վաղը պիտի վարարի մեր էութիւնը:
Արժէքների ուսմունք չէ դա, այլ՝ ինքնահզօրացման տենչ: Քաղաքական դեգերում չէ դա, այլ՝ ոգու կենտրոնացում: Խնդրանք չէ դա, այլ՝ հրաման: Նահատակութեան քարոզ չէ դա, այլ՝ կենագործումի կամք: Ճակատագրին հնազանդւելու պատգամ չէ դա, այլ՝ պայքարի կարօտ: Նահանջ չէ դա, այլ՝ յարձակում:
Հասունացել է Հայկ. Բարձրաւանդակի առեղծւածը եւ վերջին, օրհասական կռիւը անխուսափելի է:
Ո՞վ պիտի յաղթանակի: Նա, որ իբրեւ ժողովուրդ աւելի՛ ընդունակ է ինքնայաղթահարումի:
Ցեղի կամքից յաղթահարւած ժողովուրդ – դա ո՛չ միայն ոգու անօթ է, այլեւ՝ կենդանի ուժակիր, ո՛չ միայն պատմագործ հանճար է, այլեւ՝ յաղթանակի սուր:

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 3

Հայկ Ասատրյան

«Լուսանցք» թիվ 41 (127), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։