Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Կարգեր, կարգեր…

Արյունաբանները (հեմոտոլոգ) ասում են, թե կա արյան 4 խումբ: Եվ ներկայացնում են օտարալեզու տերմիններից հյուսված մի բավականին բարդ համակարգ, որը յուրացնել ստանձնողը թերեւս հետագայում ժամանակ էլ չի ունենում «խճանկարին» հեռվից նայելու:
Չլինելով արյունաբան եւ չունենալով այդ համակարգը հերքելու չնչին իսկ միտում` օրերից մի օր որոշեցի արյան մասին գաղափար կազմել: Եվ ինձ համար պարզեցի, որ կա արյան ընդամենը երկու տեսակ՝ կայուն եւ փոփոխական: Այլ կերպ ասած` «ագլյուտինոգեն» կոչվող հակագենից զերծ եւ նրանով օժտված:
«Կայուն» եւ «փոփոխական» պայմանական բնորոշումներն իմն են եւ թյուրիմացություններից զերծ մնալու համար չարժե գիտական հղումներ փնտրել:


Կայուն եմ անվանել այն պատճառով, որ այդ կարգը ներկայացնող կնոջ եւ տղամարդու միությունից առաջանում է նույնակարգ սերունդ:
Մյուս՝ փոփոխական կարգի արու-իգյան համադրությունից կարող են առաջանալ II, III, IV հայտնի բնորոշումներով կարգի սերունդներ:
Եթե փոփոխական կարգի ներկայացուցիչները երբեւիցե կայուն կարգի հետ խառնում չեն ունեցել, ապա բացառվում է կայուն կարգի սերնդի իհայտ գալը:
Կարլ Մարքսը հասարակարգային ձեւավորման (ֆորմացիոն) իր տեսությունում նշում է 4 հասարակարգ՝ համայնական, ստրկատիրական, հողատիրական (ավատատիրական-ֆեոդալական) եւ սեփականատիրական (կապիտալիզմ):
Խճանկարին հեռվից նայելու ցանկությունը հանգեցրեց այլ համոզման, որ գոյություն են ունեցել եւ ունեն միայն երկու հասարակարգ՝ տոհմային եւ ստրկատիրական:
Առաջինը թերեւս դեռ լավ չի մոռացվել` որպես նոր իհայտ գալու համար: Եվ այդ պատճառով ցանկացած զրույց տոհմայինի մասին միանգամից բախվում է հասկացողության եւ հասկանալու ցանկության բացակայությանը:
Երկրորդը՝ ստրկատիրությունը, այնքան զարգացում է ապրել, որ դադարել է գիտակցվել ստրուկների կողմից:
Եվ այդ զարգացումը ապրել է 3 փուլ՝ բռնի, ճարահատյալ (ֆեոդալիզմ) եւ կամավոր (կապիտալիզմ):
Ստրկատերերն էլ զարգացման լավ ցատկ են կատարել, քանզի բռնի ստրկատիրության ժամանակ ստրուկ գնելը ծախսերի հետ էր կապված: Իսկ մեր օրերում նրանց օգնում են պատեհի հոտառությունն ու պոտենցիալ ստրուկների մեջ կամավորական տրամադրություններ առաջացնելուն ուղղված մեծ խոստումները:
Հասարակագետ տեսաբանները առատախոսն պնդում են, որ եթե հասարակարգը բրգաձեւ չլինի, ապա անպայման խառնաշփոթ (քաոս) կլինի:
Սակայն տոհմակարգին ծանոթանալուց հետո խիստ դժվարանում են այնտեղ ցույց տալ խառնաշփոթը: Ու հեռանում են խառնաշփոթը գտնելու եւ զրույցը շարունակելու խոստումով: Եվ պատահաբար հանդիպելիս պարզվում է, որ ոչ մի կերպ խառնաշփոթ փնտրելու համար չեն կարողանում ժամանակ կորզել, քանզի կարեւոր գործերով շատ են զբաղված:
Այո՛, ունայնությունը իսկապես դարձել է կարեւոր զբաղմունք` լավ սնվելու կարիքները հոգալու համար:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Այդ ե՞րբ հասցրիր լեռնցի լինելդ այնքան մոռանալ, որ որոշեցիր մաս լինել բուրգ կոչված կեղծ լեռներին:
Մի՞թե այդքան հրապուրիչ է շերտավոր հասարակությունում շերտ լինելը` թեկուզ երբեւիցե բարձրագույն լինելու հավանականությամբ:
Մի՞թե տափակ լինելը կարող է նաեւ հաճելի լինել:
Մի՞թե ուսերդ այնքան սովորեցին ոտքերի, որ այլեւս անկարող ես երկինքը ուսել:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Նայի՛ր Լեռներիդ, եւ ավանդական Շուրջպարդ հիշի՛ր:
Եվ հիշի՛ր անձանց, ում հետ կարող ես ուսընդուս պարել:
Եվ թո՛ղ դադարի օտարի ոտքը ուսերիդ պարել:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 41 (127), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։