ՀՀԿ-ականացում… Իսկ սահմանադրականությու՞նը…

Նախագահն իրեն շրջապատում է բանակում չծառայածներո՞վ

«Կառավարության անդամների ՀՀԿ-ականացման կամ ՀՀԿ-ականների, իրենց իսկ, կանոնադրության չիմացության մասին» հարցում իր տեսակետն է հայտնել «Գերագույն խորհուրդ – պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը: Ըստ նրա, «ՀՀԿ-ական կլինեն, թե չեն լինի Ներսես Երիցյանը կամ Տիգրան Սարգսյանը, իհարկե, էական չէ եւ, դա ուշադրության արժանի էլ չէ, բայց, փաստն է ամոթալի երկրի համար: Վերջին հաշվով, կառավարության անդամներ են, որոնց հետ, մեղմ ասած, դաժան են վարվում՝ 40-50 տարեկան, այն  էլ՝ տղամարդկանց, կոլեկտիվ ու սրընթաց կուսակցականացնում են: Տպավորություն է ստեղծվում, որ նման միջոցառումը հհկ-ականների մոտ սովորույթի է վերածվում. հիշենք, առնվազն, նրանցից ոմանց «երկրապահականացումը» մի գիշերվա ընթացքում եւ այլն: Իսկ այժմ, ավելի քան ակնհայտ է, որ այդ «գործի» նպատակն է՝ միջազգային հանրությանը ցուցադրել Սերժ Սարգսյանի «լեգիտիմության» ուժը եւ ուրիշ ոչինչ»:


Ռ. Թորոսյանը կարծում է, որ այդ գործընթացներում կա 2 հանգամանք, որոնց արժե ուշադրություն դարձնել՝ «1. ՀՀԿ-ականներն իրենց իսկ ընտրությունները կազմակերպում են այնպես, ինչպես համապետականները», այսինքն՝ իրավական ակտերի համառորեն չիմացությամբ եւ խախտումներով: Տվյալ դեպքում. տեղյակ չեն անգամ իրենց կանոնադրությունից: Փաստորեն, նորօրյա հհկ-ականներն էությամբ են օրինախախտ»:
Ըստ Ռ. Թորոսյանի, Տ. Սարգսյանը առաջադրվել եւ ընտրվել է ՀՀԿ գործադիր մարմնում, միայն հակաժողովրդավարական ձեւով, որովհետեւ ՀՀ վարչապետը համագումարի պատվիրակ չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ այդ առաջադրումներն ավարտվել են դեռեւս հոկտեմբերի վերջերին: Այնուհետեւ շարունակում է՝ «2. Ս. Սարգսյանն իր քաղաքական հենարանը հիմնականում համալրում է զինվորական ծառայություն չանցած գործիչներով: Հավանաբար, այդ գործոնը նա կարեւորում է այդ հենարանի ամրության համար: Այսպես, զինվորական ծառայություն չանցած եւ քաղաքական պաշտոններ զբաղեցնող, կառավարության օրինախախտ «ինտելեգենտները» մտնում են «կադրային դարբնոց»` միանալով ՀՀԿ ղեկավար մարմիններում զինվորական ծառայություն չանցած, այդ թվում, օրինախախտ, մի պատկառելի խմբի, որի մեջ են՝ Գալուստ Սահակյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Դերենիկ Դումանյան, Երվանդ Զախարյան, Վարդան Խաչատրյան, Վազգեն Խաչիկյան, Կարեն Կարապետյան, Հակոբ Ռ. Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Համլետ Հարությունյան, Արմեն Ղուլարյան, Արեգ Ղուկասյան, Վարդան Ղուկասյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Մկրտիչ Մինասյան, Արմեն Մովսիսյան, Սամվել Նիկոյան, Կովալենկո Շահգալդյան, Էդուարդ Շարմազանով, Ռուբեն Սադոյան, Արամ Սիմոնյան, Մհեր Սեդրակյան…»:
Այս կադրային քաղաքականությունը, հկ-ի նախագահի կարծիքով, լուրջ հարված է հասցնում մեր երիտասարդ սերնդի դաստիարակությանը:
Այնուհետեւ, իր հաջորդ տեսակետում՝ «Ս. Սարգսյանի 28.11.09թ. ելույթի վերաբերյալ ՀՀԿ «ճակատագրական» համագումարում», Ռ. Թորոսյանը նշում է, որ «1. Քաղաքական միջոցառումների համար, համարյա, արգելված վայրում հնչած 9-ը էջանոց ելույթի 4 էջը նվիրված է ՀՀԿ անփաստարկ գովասանքներին, 2-ը՝ դասագրքային ճշմարտություններին, 2-ը՝ բարի ցանկություններին եւ 1-ը՝ հայ-թուրքական ոչ անհայտ հարաբերություններին:  2. Երկրի ներքին խնդիրների եւ նրանց իրական լուծումների ուղղությամբ հաշվետու մարմնի գործունեության մասին գրեթե կամ, ավելի ճիշտ, ոչինչ չկա ելույթում: Ոչ մի խոսք չկա, անգամ, հաշվետու ժամանակաշրջանում տեղի ունեցած համապետական ընտրությունների հետեւանքների վերացման ուղղությամբ ԵԽԽՎ որոշումների, այդ թվում, վերջերս քաղաքականության մեջ ներքաշված Սահմանադրական դատարանի որոշումների համառորեն չկատարման կամ կատարման մասին: 3. Համաձայն ՀՀԿ կանոնադրության, համագումարը պետք է լսեր ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր եւ գործադիր մարմնի գործունեության մասին, սակայն, ի տարբերություն անգամ ՀՀԿ նախորդ համագումարի «ելույթ» վերնագրված խոսքում, որեւէ հիշատակում չկա այդ, ինչպես նաեւ 2007 եւ 2008թթ.-ին նախընտրական ծրագրերում կուսակցության տված խոստումների կատարման ընթացքի մասին»:
Ռ. Թորոսյանը կարծում է, որ օրինակ, վատ չէր լինի լսել ՀՀԿ 2008թ. ՀՀ նախագահի թեկնածուի «երկրում հարկավոր  է ամրապնդել սահմանադրականությունը՝ Սահմանադրության պահպանումը համարելով իր համար գերակա խնդիր» թիվ մեկ նպատակի կատարման ընթացքի մասին, քանի որ սահմանադրական կարգի համատարած եւ աճող խախտումների կրողը նույն «21-րդ դարի կուսակցությունն է», որը պետք է ստանձնի նաեւ «քաղաքական, հասարակական եւ տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը»: Ելույթում տեղ են գտել մի շարք բացահայտ անճշտություներ, մասնավորապես՝ «4.1.«Կոալիցիոն գործընկերներ», 4.2.«Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձե
ռնությունը», 4.3.«Երեւանի ավագանու ընտրություններում միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից առաջին անգամ լուրջ դրական տեղաշարժեր արձանագրվեցին ընտրական գործընթացի այնպիսի բաղադրիչներում…»: Ավելին, առաջին անգամ մեր երկրի ընտրություններին ԵԽ-ի կողմից տրվել է հետեւյալ, մեղմ ասած, ամոթալի գնահատականը՝ «ձայների գնումը» դարձել է հայաստանյան ընտրությունների խորհրդանիշը»: Ուստի՝ նման անմխիթար «հաշվետու-զեկույց, առնվազն, ես չեմ լսել Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող կամ այդ լիազորություններն իրականացնող կուսակցական որեւէ անձից»,- հայտարարում է Ռ. Թորոսյանը եւ հանդես է գալիս «Առաջարկություններ իրական հանրապետականներին» խոսքով՝ 1. Հայոց ազգային անկախ պետականության ամրապնդման եւ զարգացման համար հարկավոր է հարգել ՀՀ սահմանադրական  կարգը, մասնավորապես, իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը, 2. Կուսակցական համագումարը հարկավոր է անցկացնել կանոնադրության պահանջների համաձայն, 3. Համագումարի տպավորիչ լինելը մի պայմանավորեք նրա անցկացման դահլիճի մեծությամբ կամ առանց «դեմ»-երի քվեարկություններով, 4. Հասարակությունը «մեկ բռունցք» դարձնելու համար հարկավոր է օրինական ընտրութուններ անցկացնել, 5. Հնարավորինս խոչընդոտել, որ հաջորդ համագումարը չանցկացվի «Հրազդան» ստադիոնում, այն էլ՝ «ոսկե աշուն» տոնակատարությունների ժամանակ…

Սեփական լրատվություն

«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։