Արցախի հարցը վերստին վեր է հանվում

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցեց նաեւ մեր երկրի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Նստաշրջանին մասնակցեցին ԵԱՀԿ անդամ 56 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ շուրջ 2 տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Նախարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ: Նստաշրջանի առաջին օրը նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմամբ, որին եռանախագահ երկրների ԱԳ նախարարներն իրենց նախագահների անունից աջակցություն հայտնեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ շեշտեցին, որ հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով:
Հնգակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ «գոհունակություն է հայտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաճախակի դարձած հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ եւ կոչ արվում, պահպանելով դրական դինամիկան, առաջ գնալ դեպի Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Է. Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որում քննարկվել էին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 17-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ԱԳ նախարարները:
Այս առումով ԼՂՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել. «ԼՂՀ ԱԳ նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 25-ին ընդունած հայտարարության տեքստը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար»:
Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բաքվի ագրեսիվ քաղաքականության կապակցությամբ. հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Արցախի հարցը նոր դիվանագիտական փուլ է մտնում` նոր փորձություններով:

Կարեն Բալյան

Արցախի հարցին զուգահե՞ռ

Աթենքում կայացել է հայ-թուրքական արձանագրությունների մասով հերթական քննարկումը:
Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարարներն անդրադարձել են հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների՝ երկու երկրներում ընթացող վավերացման գործընթացին:
«Միջազգային հանրություն» կոչվածը ամեն գնով շաղկապում է հայ-թուրքական արձանագրություններն ու Արցախի հարցը, ինչքան էլ մերոնք «հրաժարվեն» ու խուսափեն դրանից… Թելադրողն արդեն թելադրել է… Վտանգն առկա է:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։