Կոմունիստական ներկայով «պահպանողական» համագումարը

ՀՀԿ 12-րդ համագումարն ավարտեց աշխատանքը: Սա իշխող կուսակցության հերթական նախապատրաստական փուլն էր՝ լուրջ ռազմավարական ծրագրերից առաջ, որոնցից մեկը՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցն է: Վերջում նորընտիր գործադիր մարմինը կարճ նիստ հրավիրեց, որից հետո հրապարակվեցին ՀՀԿ խորհրդի 103 անդամների անունները: Մինչեւ ՀՀԿ համագումարի ավարտը ՀՀ նախագահը հանդես եկավ կարճ ելույթով: Նա նշեց, որ համագումարի սկզբում հնչեցրած ելույթում անդրադարձել է ՀՀ առկա խնդիրներին եւ մարտահրավերներին:

Նաեւ անդրադարձավ այն հայտարարություններին, որ երբեմն իրեն մեղադրում են, թե ինչու՞ անձամբ չի պատասխանում ադրբեջանական ու թուրքական ԶԼՄ-ներից վերցրած ու հայկական մամուլում զետեղված հերյուրանքներին ու քննադատություններին: «Պատճառը շատ պարզ է: Դրանց նպատակը մեկն է, որպեսզի ՀՀ նախագահին պահեն կախվածության մեջ, ստիպեն շաբաթը մեկ անգամ կամ երկու շաբաթը մեկ արդարանալ: Ես արդարանալու ոչինչ չունեմ, թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել, ովքեր քաջություն չունեցան ժողովրդի կամքը բարձրաձայնել ու իրականացնել: Ես պատրաստ եմ այդ կամքն իրականացնել ցանկացած պարագայում: Մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր նավը մեր նպատակների նավահանգիստ հասցնելու համար: Մենք դա անելու ենք»:
Ս. Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀԿ նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընտրվեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ: 1738 պատվիրակներից նրա օգտին քվեարկել են 1669-ը, 69 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Տ. Սարգսյանի ու Գ. Բեգլարյանի ընտրությամբ ՀՀԿ գործադիր մարմնի անդամները համալրվեցին եւս 2-ով՝ դառնալով 14:  
Համագումարը լուսաբանելու համար ընդդիմադիր որոշ թերթերի լրագրողների մասնակցությունն արգելված էր: ՀՀԿ համագումարին հրավիրված չէին ոչ միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, այլեւ ոչ իշխանամետ այլ կուսակցություններ, բայց ներկա էին ընդդիմադիր կեցվածք ընդունած ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը եւ ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Հրավիրվածների մեջ էին նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը, «Եդինայա Ռոսսիա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը եւ այլք, նաեւ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Վերջինս ասաց, թե Հայաստանն իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չի եղել ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում (Հայոց պատմությունը Գեղամյանը գոնե այնքան գիտի, որ նման տխմարություն դուրս չտար, պարզապես երեւի կոնյակային հերթական խումարի կամ… պարտականության օրն է եղել, – Հ.Թ.), իսկ այսօր «ՀՀ նախագահի համարձակ նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում»:
ՀՀ նախագահի դատողություններին ուշի ուշով հետեւող ՀՀԿ-ականները նրա խոսքի ավարտից 10 րոպե հետո արդեն խախտեցին նրա հորդորը, եւ դեռ չէին հայտարարվել ՀՀԿ նախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները, մի քանի տասնյակ հանրապետականներ արդեն դահլիճից դուրս քվեարկում էին… Նրանցից ոմանց թվում էր, թե արդեն առաջադրումները եղել են, իսկ ոմանք նկատում էին, թե «կամաց-կամաց առաջադրում են, իսկ իրենք հիմա են քվեարկում, որ հետո հերթ չլինի»… Համագումարում բոլոր քվեարկության դրվող հարցերն ընդունվում էին միաձայն, որեւէ դեմ, կամ ձեռնպահ մարդ չկար: …«Ընկերներ, 3 տարում կատարենք 5-ամյակը, ուռաաա՜»…
Ինչեւէ, առանցքայինն ընտրախաղերը չէին, որոնց ելքը վաղօրոք վճռված էր, այլ՝ ՀՀ նախագահի ելույթը: Նա սկզբում խոսեց ճգնաժամից` շեշտելով, թե մենք մի փուլում ենք, երբ բացասական զարգացման միտումները դանդաղ, բայց հաստատապես շրջվում են: Եվ պետք է կարողանանք ո՛չ միայն արագ հաղթահարել ճգնաժամի հետեւանքները, այլ դրանից պետք է դուրս գանք նոր՝ որակապես այլ տնտեսական իրականությամբ ու կառուցվածքով:
Ներքին քաղաքական խնդիրներից նա անդրադարձավ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին՝ դրանք անընդունելի եւ խիստ վտանգավոր զարգացումներ որակելով: «Ամենասարսափելին, թերեւս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը՝ վերջնականապես չանցանք պառակտման գիծը: Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ, ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է»:
Ներկայացնելով կուսակցության գործունեությունն ու նպատակները` ՀՀ նախագահը նշեց, թե հանրապետականը առաջնորդի կուսակցություն չէ, հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: «Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարեւորագույն ազդակ է: … Եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզնից»: Երկրում քաղաքական կայուն համակարգ ստեղծելու համար, ըստ նախագահի, անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ կայուն ներկուսակցական համակարգ: «Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած», «Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով», «Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների սխալները, չի ների անգործությունը», «Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կա սխալվելուց խուսափելու հնարավորություններ», «Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն», «Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից», «Մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին»… Ընկերներ,  հանուն «Առա՜ջ Հայաստան»-ի, ուռաաա՜… Եվ այսպես շարունակ…
Խոսելով արտաքին հարաբերությունների հաջողություններից` Ս. Սարգսյանը կենտրոնացավ միջազգային պարտադրմամբ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: «Միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը եւ զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա անշուշտ կնպաստի թե՛ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե՛ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Այժմ մենք հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին: Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը, նրանց խոսքի արժանահավատությունը եւ պատասխանատվության զգացումը: Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող եւ պատշաճ կատարող երկիր է: Հուսով եմ՝ Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով»: Հետո, հանկարծ հիշելով, որ Անկարան դիվանագիտական խաղերի դավադիր մայրաքաղաքներից մեկն է, ՀՀԿ վերընտիր նախագահը հայտնեց. «Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»: Իսկ թե ինչ է ենթադրում այդ «համարժեք» ասվածը, ՀՀԿ-ն չի հստակեցրել… Միեւնույն ժամանակ նախագահը նկատեց, թե «հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում»:
Նկատի ունենալով արդարացի մտահոգությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ՝ Ս. Սարգսյանը հորդորում է, թե  չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: Հակառակը, պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը` հաշվարկված եւ խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային եւ պետական խնդիրների լուծմանը. «Համաձայն եմ՝ երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ եւ դիվանագիտական փորձ: Համաձայն եմ՝ Թուրքիան հզոր երկիր է՝ դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումների հետ, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացության հետ, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է՝ պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետեւ նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ՝ մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենեւին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ»:
ՀՀ նախագահը կարծում է, թե նույնը վերաբերում է Արցախի հակամարտության կարգավորմանը եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին. «ԼՂ-ի նկատմամբ որեւէ ոտնձգություն թույլ չենք տա եւ ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով: ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների կողմից հռչակված սկզբունքները նույնն են եւ ամրագրված են ՀՀԿ ու ՀՀ նախագահի ծրագրերում: Այդ հիմնարար սկզբունքները եղել եւ մնում են մեր ուղենիշը: Այս սկզբունքներով է, որ մենք վարում ենք բանակցությունները… Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող եւ վճռական՝ գործը մինչեւ վերջ հասցնելու հարցում»: Նախագահը նաեւ հնչեցրեց, թե «ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու եւ Ղարաբաղի ժողովրդի՝ որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տեւական, իրականանալի եւ խաղաղ: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»:
Վերջում նախագահը հայտարարեց. «Անկախ քաղաքական ու տնտեսական վայրիվերումներից, ընտրությունների արդյունքներից, միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակից, չպետք է մոռանանք, որ պարտավոր ենք հնարավորն ու անհնարինն անել, որպեսզի հաջորդ սերունդներին թողնենք շատ ավելի զարգացած, հարուստ ու կայացած երկիր, քան ստացել է մեր սերունդը: Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք պատվով հանձնելու պատմական այս քննությունը՝ այն գիտակցումով, որ միայն մեզնից եւ մեր ժողովրդից է կախված մեր երկրի զարգացման ու բարգավաճման ապահովումը»:
Այսքան երկար մեջբերումներով փորձեցինք հնարավորինս պահպանել ՀՀ եւ ՀՀԿ նախագահի ելույթի բուն ասելիքները, միեւնույն ժամանակ այդ ամենն արձանագրեցինք՝ հետագայում Ս. Սարգսյանի խոսքը վերահաստատելու եւ համեմատականներ ունենալու համար: Դեռ առաջիկայում մեծ փորձություններ են սպասվում Հայաստանին ու հայությանը, եւ իշխող կուսակցության ղեկավարի, երկրի առաջին դեմքի ելույթը դեռ կունենա անդրադարձերի ու վերլուծությունների կարիք:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 42 (128), 2009թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.