ԻԻՀ-ՌԴ «սառեցում». ո՞րն է ելքը

ԻԻՀ Զինված ուժերի բրիգադային գեներալ Մուհամմեդ Հասան Մանսուրիան «Իռնա» գործակալությանը հայտնել էր, որ Իրանը կարող է դատական հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չկատարի Իրանի C-300 զենիթային համակարգեր մատակարարելու իր պարտավորությունը: «Ռուսներն իհարկե գտնվում են սիոնիստական լոբբիի եւ ԱՄՆ-ի ճնշման տակ, դրա համար էլ հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունը: Բայց, քանի որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է պաշտոնական համաձայնություն, Թեհրանը կարող է արդարության հասնել միջազգային դատարանի միջոցով»,- հայտարարել է Մանսուրիան, ով ԻԻՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալն է:


Իրանը շահագրգռված է ՌԴ հետ սերտ համագործակցությամբ, բայց չի ցանկանում դրան զուգահեռ կորցնել իր դերակատարումը տարածաշրջանում, որտեղ այս երկրին շրջափակման ենթարկելու ԱՄՆ-ի փորձերը չհանգեցրին լուրջ հաջողությունների, որովհետեւ Իրանի հարեւան որոշ պետություններ (դիցուկ՝ Հայաստանը) շահագրգռված չեն այս երկրի շրջափակմամբ: Թեհրանում զգում են, որ շրջապատված են նաեւ հակառակորդներով, որոնք սերտ համագործակցում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի հետ, զորօրինակ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը:
Ուստի` Թեհրանը ամեն ինչ անում է Մոսկվայի հետ խնդիրներ չունենալու համար: Սակայն, ՌԴ-ն էլ է գտնվում բարդ իրավիճակում. չի ցանկանում փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ: Իսկ Իրանի հետ հարաբերություններում Մոսկվան մի շարք հնարավոր խնդիրներ է նկատում, հատկապես՝ Մերձավոր Արեւելքի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղություններով: Չնայած Թեհրանը կարեւոր գործընկեր է Մոսկվայի համար այս ուղղություններում, սակայն, իրանցիները վաղուց են հասկացել, որ ՌԴ-ն ընդունակ չէ ինքնուրույն լուծելու ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Թուրքիայի ծավալապաշտությունը Եվրասիայում: Ուստի՝ Ռուսաստան-Իրան փոխադարձ վստահություն դեռեւս չկա, եւ համարձակ ու վճռական քայլեր էլ չեն ձեռնարկվում: Իսկ ՌԴ կողմից ԻԻՀ հետ խաղերը կարող են հանգեցնել Իրանի դերի ու նշանակության նվազմանը տարածաշրջանում եւ համաշխարհային առումով, ուստի՝ Թեհրանը չի կարող Մոսկվայի վրա լրջորեն հույս դնել, ինչն էլ հնարավորություն է տալիս ԱՄՆ-Իսրայել դաշինքին դեռեւս առանց մրցակցության տնօրինել տարածաշրջանում:
Ռուսաստան-Հայաստան-Իրան ուղղահայաց համագործակցությունը ձեռնտու է նաեւ Երեւանին, ուստիեւ մենք նույնպես պետք է շահագրգռված լինենք Ռուսաստան-Իրան կապով ու նպաստենք դրա կայացմանը:

Հայկ Թորգոմյան

Թուրքական խնդիրներ

Թուրք-իսրայելական հարաբերությունները մեկընդմերթ լարվում են տարածաշրջանային տարաբնույթ խնդիրների շուրջ, հատկապես՝ պաղեստինյան թեմայի շուրջ: Սակայն, անհարթությունն առկա է նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում: Թուրքական զլմ-ները տեղեկացնում են, որ որոշ ժամանակ առաջ կնքված թուրք-իսրայելական ռազմական մի պայմանագիր շարունակում է անհաջող ընթացքը: 2002թ. Թուրքիան, հատը 3 մլն. դոլար արժողությամբ նոր տանկեր գնելու առաջարկով, դիմել էր Ուկրաինային, բայց հետո իրադարձություններն այլ կերպ են զարգացել: Նոր տանկեր գնելու փոխարեն՝ թուրքերը նախընտրել են արդիականացնել հները, եւ 2002 թ. Թուրքիան Իսրայելի կառավարությանը պատկանող «IMI» ռազմարդյունաբերական ընկերության հետ կնքել է 687,5 մլն. դոլար արժողությամբ պայմանագիր, ըստ որի 1960թ. արտադրության 170 տանկ պետք է նորացվեր: Անհրաժեշտ բոլոր վճարումներն իսկույն կատարվել են, սակայն տանկերն այդպես էլ չեն թարմացվել: «Սկզբում տանկերի հանձնումը հետաձգվում է: Այնուհետեւ բոլոր տանկերի հանձնման համար նշանակվում է 2009թ. հոկտեմբեր ամիսը: Բայց հոկտեմբերն էլ եկավ-անցավ, ու տանկերը դեռ նորացված չեն»,- արձագանքում են թուրքական զլմ-ները:
Թուրքերը լարված են Իսրայելի, սակայն տագնապած են Շվեյցարիայի գործողություններից: Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին հանդես է եկել Շվեյցարիային դատապարտող հայտարարությամբ: Պատճառը օրերս շվեյցարացիների կողմից քվեարկությամբ սահմանված արգելքն է այդ երկրում մզկիթ կառուցելու վերաբերյալ: Դ. Բահչելին մտահոգություն է հայտնել Շվեյցարիայում բնակվող «իսլամադավան եղբայրների ու մասնավորապես թուրքերի համար ստեղծված անբարենպաստ պայմանների կապակցությամբ»:
7 մլն. բնակչություն ունեցող Շվեյցարիայում Ալլահի հետեւորդները կազմում են ընդամենը 5%, որից ավելի քան 100 հազարը ազգությամբ թուրքեր են: «Թուրքերին ամեն առիթով մարդու իրավունքների դասեր տվող, 1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ընդունող Շվեյցարիան ամեն կերպ ջանում է սեւացնել մեր փառահեղ պատմությունը եւ միմյանց է բախում տարբեր մշակույթներն ու կրոնները», – ասել է թուրք ընդդիմադիր ղեկավարը, որի գլխավորած քաղաքական ուժը դավանում է ընդգծված հակահայկական գաղափարախոսություն, հանդիսանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թեւը:
Հնարավոր է` թուրքերի հետ խնդիրներ առաջանան նաեւ Ռումինիայում: «Եվրոպայում թուրքական գյուղի չքավորությունը» վերնագրով հրապարակման մեջ թուրքական «Ինտերհաբեր» լրատվական կայքը տեղեկացնում է Եվրամիության անդամ Ռումինայում գտնվող թուրքական կարիքավոր մի գյուղի մասին: Հաղորդման համաձայն՝ «AP» միջազգային լրատվական գործակալությունը Ռումինիայում տիրող չքավորությունը պատկերավոր կերպով ներկայացնելու համար ընտրել է այդ երկրի թուրքական մի գյուղ: Այդ գյուղում կատարված լուսանկարներով ընդգծվել է խմելու ջրի բացակայությունը: Գյուղի «Մեծ ջրհոր» անվանը հակառակ, հանապազօրյա ջուր ունենալու համար մարդիկ հարկադրված են լինում ուսերից կախ տված դույլերով կրել այն…
Այո՜, թուրքերը մեզ երբեք չէին զարմացնի իրենց խարդախությամբ կամ ստախաղերով, սակայն, նման «հակագովազդով» կարող են զարմացնել անգամ եվրոպացիներին… Եվրոպայի չքավոր թուրքերը գուցեեւ նպաստեն թուրքերի եվրոպականացմանը… Չէ՞ որ մեզ՝ հայերիս, «հեզաբարո» թուրքերն արդեն «ապացուցել» են, որ էլ էն արնախումները չեն… Եվրոպացիների՞ն ինչ է եղել որ…

Արտակ Հայոցյան

Հետեւանքները

Մինչեւ 2009թ. վերջը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կուղարկվի 20 հայցադիմում՝ Կատինում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված լեհ զինվորական սպաների ընտանիքների կողմից: Այս մասին հայտնել է հայցվորների ներկայացուցիչը դատարանում: Ինչպես տեղեկացնում են զլմ-ները« նոյեմբերի 27-ին դատարանը հարցերով դիմել է Ռուսաստանին, այդ թվում հետաքրքրվել է նաեւ դեպքի քննությունը կարճելու մասին: Բոլոր հարցերին Մոսկվան ստիպված կլինի պատասխանել 2010թ. մարտի 19-ին: Այնուհետեւ, դատարան դիմած ընտանիքները կստանան 8 շաբաթ՝ հարցերի պատասխաններին ծանոթանալու համար: Այսպես՝ ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան տալ ԽՍՀՄ-ի փոխարեն:

 Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։