Արցախն իմ հայրենիքն է


Նոյեմբերի վերջերին Արցախում էին գտնվում Վրաստանից (Թբիլիսիից, Ջավախքից, Աջարիայից) ժամանած տարբեր հայկական երիտասարդական միությունների ներկայացուցիչներ: Նպատակը մասնակցությունն էր «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր «Հայկի Սերունդ» հկ-ն՝ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:
Այցը ամրապնդեց նաեւ համագործակցությունը Արցախի եւ վիրահայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների միջեւ: Ծանոթանալով Արցախի առօրյային ու խնդիրներին` վիրահայ երիտասարդները ավելի կազմակերպված կպաշտպանեն Արցախի շահերը Վրաստանում: Այցը կրում էր ինչպես գործնական, նույնպես եւ պատմաճանաչողական բնույթ: Երիտասարդներին ընդունել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը:


Այնուհետեւ համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ վիրահայ երիտասարդներին, ընդունել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ:
Կարծում ենք` նման հանդիպումները պետք է հաճախակի կազմակերպվեն ինչպես Արցախում, ազատագրված տարածքներում, այնպես էլ Ջավախքում եւ Հայաստանի այլ վայրերում, որոնց արցախահայ, ջավախքահայ երիտասարդների հետ միասին պետք է մասնակցեն նաեւ ՀՀ մարզերի եւ նախիջեւանահայ պատանիները, ինչը կամրացնի հայրենատիրական գաղափարները մասնակիցների շրջանում:

Արման Դավթյան

Հիմա էլ Աֆղանստան «մտանք»

Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Իրաքից եւ Կոսովոյից հետո սա մի նոր որոշում է: ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին. դեկտեմբերին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին ներդրում կատարող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը:
Մեր պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Հանդիպումը նախագահել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Աֆղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների ԱԳ նախարարները:
Բոլորն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը` վերահաստատելով Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնելով լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ: Ա. Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ ՀՀ գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Երեւանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: Այս առնչությամբ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը համակողմանի աջակցության համար:
Իսկ ահա Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում «պատերազմի մեջ ընկնել…»:
Թուրքիայի նախագահը Հորդանանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին եւ ասել. «Սպիտակ տան աֆղանական նոր ռազմավարության շրջանակներում Թուրքիայից լրացուցիչ զորակազմ պահանջելու վերաբերյալ մեր գործունեությունը կակտիվացնենք այդ երկրում, բայց թե ինչ ձեւով, այդ արդեն մեր որոշելիքն է: Պատերազմական իրավիճակում չենք ուզում հայտնվել»:
Նաեւ ընդգծել է, որ առանց բախումների մեջ ներգրավվելու էլ Թուրքիան ջանում է ավելի մեծ ներդրում անել ի շահ Աֆղանստանում հաստատվելիք խաղաղության եւ կարեւորը Աֆղանստանի ժողովրդի սիրտը շահելն է, այլապես ամեն ինչ ապարդյուն կլինի:
Վրաստանն ու Ադրբեջանը արդեն մի քանի տարի է մասնակցում են ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանում:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։