Քրիստոնեական ծուլությունը, մեր վարչապետը եւ մեր աճող «տոնական» օրերը

Հայտնի իրողություն է՝ աշխատասիրությունը, աշխատանքով հացը վաստակելը, հողածինների՝ բնության ամենապասիվ տարերքն ունեցողների կրոնի՝ հուդայականության կողմից մերժելի վարք ու բարք է: Դա այդպես է նաեւ այդ կրոնի մի՝ աղանդավորական՝ ճյուղ քրիստոնեությունում: Ասվածը քրիստոնեական սուրբ գրքով՝ Նոր կտակարանով հիմնավորենք:
- Այդ գրքում Հիսուսի՝ իր աշակերտներին պատգամած գլխավոր աղոթքը «Հայր մեր»-ն է, որի սկզբունքներից մեկը «Հաց տուր մեզ հանապազօր»-ն էլ, որը քրիստոնյաները հա՜ կրկնում են իրենց մեռելաթաղումների ժամանակ անգամ: Ասել է թե՝ քրիստոնեության հիմնադիրը իր աշակերտներին ու հետեւորդներին հորդորում է հա՜ հաց մուրալ, առանց դա ձեռք բերելու համար աշխատելու:

- Նոր կտակարանում քրիստոնյաների հետ կապված աշխատելու դրվագներ ընդհանրապես չկան. եղածները ոչ քրիստոնյաների հետ է կապված, ընդ որում՝ դրանցում Հիսուսը կանխում է աշխատողների աշխատանքը: Այսպես՝ դրվագներից մեկում ինչ-որ մեկը ձուկ է որսում ընտանիքին կերակրելու համար: Հիսուսը, տեսնելով դա, հորդորում է նրան թողնել գործը եւ հետեւել իրեն՝ «մարդու որսի» հնարանքներ սովորելու համար (ասել թե՝ քրիստոնեական թակարդում ընկածը լիուլի կկերակրի՝ էլ ինչու՞ աշխատել): Մեկ այլ դրվագում Հիսուսը այցելում է երկու քույրերի, ովքեր նրան հյուրասիրում են: Հյուրասիրությունից հետո քույրերից մեկը վեր է կենում ամանները լվանալու: Բայց մյուս քույրը չի միանում  նրան: Մաքրասեր քույրը հյուրին բողոքում է: Հիսուսը թե՝ գլխավորը «հոգեւոր» զրույցն է եւ ոչ մաքրությունը:
Դրվագներից մեկ այլում բուն հուդայական կրոնի հետեւորդները Հիսուսին մեղադրում են, թե քո աշակերտները Եհովայի տաճար են մտնում անմաքուր ոտքերով ու ձեռքերով, այսինքն՝ նեղություն չեն կրում տաճար մտնելուց առաջ մաքրվել, այն դեպքում, երբ հինավուրց օրենքի համաձայն, տաճար մտնողը մաքուր պետք է լինի: Հիսուսը պատասխանում է, թե կարեւորը հոգին մաքուր պահելն է եւ ո՛չ մարմինը: Թե ինչպես է նա դա պատկերացնում՝ դա միայն ինքն ու իր պեսները գիտեն…
Մեկ այլում էլ Հիսուսը կոնկրետացնելով «Հայր մեր»-ի «Հաց տուր մեզ հանապազօր»-ը՝ իր աշակերտներին գլխի է գցում, որ իրենք ելել են մի «հունձքի», որը սերմանելուն ու աճեցնելուն իրենք բոլորովին չեն մասնակցել: Գողության, առանց մի կաթիլ քրտինք անգամ թափելու ապրելու քարոզն էլ ինչպե՜ս կլինի:
Պարզ է, որ աշխատանքի նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունեցողները պետք է տեսակ-տեսակ տոներ ու մեռելոցներ ստեղծեին, որ դրանց օրերին որպես թե հանգստանային:
Հայտնի է, որ մեր վարչապետը բացի «աշխարհիկ» պաշտոնից, նաեւ եկեղեցական պաշտոն ունի (ծխական խորհրդի անդամ է): Եվ երկրորդ պաշտոնի թելադրանքով նա անում է քայլեր, որոնք եկեղեցահաճո են եւ հակառակ են պետական շահերին: Այդ քայլերից է նրա՝ օրեր առաջ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 10-ը հանգստյան օրեր համարելու պետական նախաձեռնությունը: Քիչ էին օրեցօր պետականորեն հաստատված մեռելոցները՝ հիմա էլ սրա՞նք: Եկեղեցին լիքը՝ տարվա կեսը երեւի զբաղեցնող «տոներ» ունի: Եվ վարչապետը եթե իր եկեղեցասիրական սկզբունքը շարունակի, ապա երեւի այդ բոլոր օրերին հայի համար հանգստյան օրեր հռչակի: Այսպես որ գնա, ե՞րբ պետք է հայն աշխատի: Վերջին՝ հոռի տոնական օրերի հաստատումը վտանգավոր է նաեւ այն պատճառով, որ դրանք հին ու նոր տարիների (գոյություն ունեցող կեղծ տոմարով` իհարկե) անցումի օրերն են. աշխատանքային ռիթմի խախտումի, հայի մեջ նոր տարում ծուլություն սերմանելու վտանգը կա չէ՞: Էլ չասած այն մասին, որ վարչապետի կողմից տոնական օրեր հայտարարվածները վերաբվերում են օտարածին մի ինչ-որ տոնի:

Ս. Մանուկյան

Հ.Գ.  – խմբ. կողմից – 10 օր լիարժեք հանգիստը, ինչ խոսք, լավ է: Բայց` հենց նրանց` փոքրամասնության` ունեւորների, կառավարության անդամների, գործարարների համար: Արդեն տարվա մեջ 2 անգամ հնարավորություն կունենան անթալիաներում հանգստանալ ու հետո հայրենասիրությունից խոսել: Իսկ շարքային քաղաքացին ամեն ինչ կծախսի 1-օրյա սեղանի համար, հետո դատարկ կնստի, եւ նրանք, ովքեր առավելապես մասնավոր հիմնարկներում են աշխատում եւ գործարքային հիմունքներով, կզրկվեն 10 օրվա վարձից: Նաեւ` մենք ճգնաժամի մեջ ենք, իսկ երկիրը ճգնաժամից դուրս են բերում հաստատ ոչ 10-օրյա հանգիստներով: Ճգնաժամը արտակարգ իրավիճակ է ենթադրում:

Հոգուն վրա հասա՞վ
Ըստ միջազգային որոշ լրատվամիջոցների, Բելգիայի սենատի պատգամավոր Ֆիլիպ Մաուն հանդես է եկել յուրօրինակ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հիմնովին արգելել կրոնական խորհրդանիշերն օգտագործելը հանրային վայրերում, այդ թվում՝ դատարաններում, քաղաքապետարանում… եւ նույնիսկ գերեզմանատներում:
Սենատորի կարծիքով, նման տարանջատումը թույլ կտա «պայքարել կրոնական հիերարխիայի գաղափարի դեմ»:
Այս օրե
նսդրական նախաձեռնության հիմնական նպատակը, ըստ նախաձեռնողի, եկեղեցու եւ պետության տարանաջատումն ապահովելն է:

Մասնավորապես, եթե այս օրենքն ընդունվի, հատկապես քաղաքական գործիչներին կարգելվի մասնակցել եկեղեցական միջոցառումների, ինչպես նաեւ հրապարակել որեւէ կրոնի իրենց պատկանելիությունը:
Երեւի ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելգիայում «օրենք» է դարձել՝ յուրաքանչյուր միջոցառմանը որեւէ հոգեւորականի կողմից մկրատով ժապավեններ կտրելն ու բացումներ անելը, կամ այս ու այն արտադրական դազգահը կամ էլ ինչ-որ մի օբյեկտ «ի վերի Երուսաղեմ»-ով օրհնելը…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։