Իշխող գաղափարն ու կրո՞նը, թե՞ եկող` վերածնվողը

Հայ գաղափարախոսական ոլորտում մերթընդմերթ անդրադարձ է արվում ազգայնական բնագավառին, հատկապես` Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքին: Հետաքրքիր է, որ ամեն մի կրոնի կամ գաղափարի հետեւորդ գրեթե միշտ, նախեւառաջ, տեսնում է իր կրոնն ու գաղափարը, հետո միայն՝ ազգն ու ազգայինը (էլ չասենք՝ ազգայնականը): Եվ սա «տրամաբանական» է, քանի որ մեզանում առկա գաղափարների եւ կրոնների մեծամասնությունը ներմուծովի են եւ ծառայում են համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) նպատակներին: Եվ միայն ազգայնական ոլորտում է կարեւորվում նախեւառաջ ազգը, հետո մարդը` որեւէ գաղափարի կամ կրոնի հետեւորդ մարդը: Այսպես է նաեւ հայոց հին արիադավան հավատում:

Մեր պետության ներկայիս գաղափարաբանությունը ծառայում է համաշխարհային կարգերի ամրապնդմանը, գլոբալիզացիայի շահերին: Կրոնական գաղափարաբանությունը հետ չի մնում, եւ ծառայում է համաշխարհային կրոնի ձեւավորմանը եւ էկումենիստական-այլապաշտական նպատակներին:
Այսօր մեր հայրենիքի մի հատվածում գոյատեւող ՀՀ-ում իշխում են օտար եւ արհեստական պետական-ազգային գաղափարաբանությունն ու օտար-ազգամերժական կրոնական հավատքը: Եվ սպասել, թե այս իրավիճակում կարող է կանոնավորվել ու կարգավորվել հայկական ազգային միտքն ու հավատը, կնշանակի ապրել ուտոպիստական տեսլականով, անորոշության մեջ…
Այսպես, Հայոց պետությունը, կամա թե ակամա, ծառայում է օտարների նպատակների եւ այլազգիների հավատքների զորացմանը: Հայը Հայաստանում՝ իր իսկ հայրենիքում, դարձել է օտար եւ օտարահպատակ:
Իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն «համարվում» է նժդեհյան ցեղակրոն ուսմունքի քաղաքական հետեւորդ, չնայած հիմա առավելապես հանդես է գալիս որպես պահպանողական կուսակցություն` հույս ունենալով այսպիսով նմանվել եվրոպական պահպանողականներին ու հաճելի լինել եվրոպացիների աչքին…
Իշխող կրոնը` քրիստոնեությունը, էն գլխից հուդայականության կցորդն է, եւ առավելապես հանդես է գալիս հուդա-քրիստոնյաների աչքին երեւելի լինելու առաքելությամբ…
Բայց հայ տեսակը ի ծնե ու բնե լինելով բնապաշտ, վերադառնում է իր արմատ-ակունքներին, ազգայնական-ցեղակրոն գաղափարներին եւ արիադավան-հեթանոս հավատին: Ու սա է լինելու իրական փրկությունը:
Սակայն, այստեղ էլ են մտել օտարահպատակներն ու օտարամոլները՝ կարծելով, թե ամեն տեղ լինելը մտավոր ունակության նշան է (իհարկե կան նաեւ պատվերով «մտնողներ»): Այդպիսիները, խեղկատակների պես լինելով ամենուր, արժեզրկվում են եւ, ցավոք, շատ մարդկանց շրջանում որոշակիորեն վարկաբեկում են նաեւ իրական ազգային գաղափարներն ու հավատը:
…1990թ.-ից Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորումը որդեգրեց ցեղակրոն ուսմունքը եւ փորձեց ձեւավորել հայ ցեղակրոնների բանակ: Սակայն, դա թույլ չտվեցին ո՛չ խորհրդային ապազգային ուժերը, ո՛չ էլ արեւմտյան ազգամերժ ուժերը: Այս տարիներից ցեղակրոն ուսմունքի հետեւորդ, այնուհետեւ հայ-արիական տեսության առաջամարտիկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին մեր հարցն ուղղեցինք այս մտահոգություններին առնչվող:
Նա նշեց, որ դեռ 1990թ. շուրջ 150 հազարանոց կամավորական բանակը՝ ՀԱԲ-ը, դառնալով ցեղակրոն ուսմունքի հետեւորդ, կարող էր մեծ հրաշքներ գործել, եւ եթե ստացվեր այդ գործը, ապա վստահաբար այսօր մենք կունենայինք ոչ միայն ՀՀ եւ Արցախ-ԼՂՀ՝ ազատագրված տարածքներով, այլեւ՝ Նախիջեւան ու Ջավախք՝ վերամիավորված Հայաստանին: «Մինչ այն պահը, քանի դեռ ՀԱԲ-ը զուտ կամավորական եւ ինքնապաշտպանական բանակ էր, դա ձեռնտու էր ՀՀՇ-ական իշխանություններին, որոնք ծառայում էին Արեւմուտքի շահերին: Երբ ՀԱԲ-ը դարձավ ցեղակրոնների բանակ, ՀՀՇ-ական իշխանությունները արեւմտյան տերերի պատվերով, սադրանքների եւ… զոհերի գնով լուծարել տվեցին ՀԱԲ-ը: Ժամանակին ես էլ շատերի նման այն մտքին էի, թե ՀԱԲ-ը կարող էր դիմադրել ՀՀՇ-ականներին եւ, նախ գրավելով Երեւանը, դառնար իշխանություն: Բայց քանի որ կլինեին շատ զոհեր, ՀԱԲ-ը զենքերը վայր դրեց: Հիմա ցավում եմ, քանի որ ավելի լավ կլիներ որոշակի զոհերի գնով վերջ տալ կամակատար ՀՀՇ-ական իշխանությանը, քան թե հետագայում եւ՛ զոհեր ունենալ եւ՛ կորցնել ազգային երկիրն ու ԱԶԳ-ը՝ ազգային նկարագիրը… Հիմա էլ գրեթե նույն վիճակին ենք մոտեցել»:
- Պրն Ավետիսյան, որոշակի շրջանակներ նժդեհյան ցեղակրոն ուսմունքը համարում են քրիստոնեական, այսպիսով քրիստոնեությունն էլ՝ ազգային կրոն:
- Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ թեմային: Ցեղակրոնությունը կրոն չէ եւ կրոնական ուսմունքի բաղադրիչ կամ բաղկացուցիչ մաս չէ: Ցեղակրոն նշանակում է ցեղա-կրոն՝ ցեղը կրող, ինչպես մաքրակրոն նշանակում է՝ մաքրությունը կրող: Եվ ցեղակրոն կարող է լինել յուրաքանչյուր հայ` անկախ կրոնական, կուսակցական պատկանելությունից կամ սոցիալական դիրքից ու քաղաքացիության կարգավիճակից: Այն հայը՝ ով իր մեջ կրում է հայոց գենը (ցեղը), որակները եւ պատմածագումնաբանական հիշողությունը: Նժդեհն իր ուսմունքում ներառել է բոլոր ժամանակների (հեթանոսական, թե քրիստոնեական) հերոսների, քանի որ նրանք բոլորն էլ հայեր են, սակայն, հստակ է, որ Հայ Աստվածների կողքին Նժդեհը չի դրել հուդայական-քրիստոնեական Եհովա աստծուն, եւ դա միանշանակ հիմնավորում է, որ ազգային-ազգայնական գաղափարը եւ ազգային հավատը չեն կարող զատվել: Մի քանի դրվագներում ուսանելի համարելով Քրիստոսի նվիրվածությունն իր գործին (ընդամենը), Նժդեհը ի վերջո սահմանում է, որ «Նո՛ր Ավետարանի խոսքը պիտի լսենք հիմա` Ավետարանը Արիության: Վահագնի՛ հետ պիտի խոսենք հիմա… Աստվածը հին, Արիական Հայության: Մի նո՛ր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Ավետարանը Արիների…»: Եթե քրիստոնյան կարող է խոսել (հավատալ) Վահագն Աստծո հետ եւ Արիների Ավետարանը երկրպագել, ապա Եհովայի վիճակը լրջորեն բարդանում է…
- Վերջերս մամուլում ԱՍԱԼԱ-ի մի անդամի խոսք էր տպված, թե` «ցեղակրոնը պարտադիր պիտի լինի քրիստոնյա»: Այսպես շատերն են ասում` վկայակոչելով Նժդեհի հոր հոգեւորական լինելը…
- Որեւէ կապ չունի՝ այդ միտքը ԱՍԱԼԱ-ի մարտիկ է ասել, թե հայաստանաբնակ շարքային քաղաքացի: Նրանց ասելը անձնական «մտապայծառության» հետեւանք է, եւ ոչ մի կապ չունի Նժդեհի ասածների հետ, որոնցից մեկը քիչ առաջ մեջբերեցի: ԱՍԱԼԱ-ի կազմում, ինչպես քրդական ՔԲԿ-ում, կային նաեւ ազգային մտածողությամբ մարքսիստներ, սակայն դա չի նշանակում, թե ԱՍԱԼԱ-ն մարքսիստական խմբակ է եղել: ԱՍԱԼԱ-ն եղել է ու կա այն, ինչ բոլորս գիտենք եւ հպարտանում ենք հայ տղաների անձնազոհ գործերով: Բացի այդ՝ չեմ հասկանում անընդհատ Նժդեհի հոր օրինակը բերելը: Հայրս էլ կոմունիստ է եղել, հետո՞ ինչ: Տերտեր կամ կոմունիստ լինելը հո ժառանգություն չէ: Փա՜ռք Նժդեհին, որ քրիստոնյա ընտանիքում դաստիարակվելով եւ ռուսական կրթություն ստանալով այսօր դասվում է եզակի ՀԱՅԵՐԻ շարքը… Ա՜յ սա է գենետիկ հրաշքը:
- Ասածս օրինակում նշված անդամը հայտնել է, թե ինքը ցեղակրոն է, ու երբ բանտախցում գիշերը խցի ընկերներն ասել են, թե իրեն մարդ է կանչում, դուրս է եկել եւ նկատել է, որ դա … Քրիստոսն է:
- Եթե հրեաների աստված Եհովայի որդի Հիսուսը այցելել է ցեղակրոն հայի, այն էլ՝ կալանավայրում, ուրեմն ճիշտ է այն կատակ-երգը, որում մասնավորապես ասվում է՝ «…փա՜ռք քեզ, Հիսուս, որ հայ ես, ուտող-խմող տղա ես»: Գիտեք, ձեր հարցը գուցե հոգեբաններին ուղղեք, կամ քրեական հիմնարկի տնօրինությանը, որ ուշադիր չեն «հսկում» հիմնարկը: Հիմա այնքան «լուսավորյալներ» կան, որ զարմանալ այլեւս պետք չէ: Մարդ կա՝ հայտարարում է, թե ինքը Հիսուսի օգնությամբ է փրկվել 1988թ. երկրաշարժից: Ստացվում է՝ 25-30 հազար հայ Հիսուսի «պատվերով» են մահացել, իսկ ինքը … փրկվել է՝ նույն «պատվերով»: Եթե այս տրամաբանությամբ դիտարկենք երկրաշարժը, ապա կստացվի` Քրիստոսին մի 30 հազար հայ զոհ էր պետք՝ տարավ, իսկ մնացածին դուրս շպրտեց զոհերի ցուցակից… Իհարկե, լուրջ չէ: Իսկ ինչ վերաբերում է ցեղակրոնությանը, ապա «Վահագնի աջի վրա» պարտադիր երդվող հայերը իրականում կարող են մի՛այն արիադավան-հեթանոսներ լինել: Մնացած՝ քրիստոնեական բնույթի մեջբերումները քաղվածքներ են՝ նժդեհյան այս կամ այն մտքերից:
Հիմա, երբ իշխող կուսակցությունը առավելապես «դառնում» է եվրապահպանողական, իսկ իշխող կրոնը՝ էկումենիստական, հույսեր կան, որ ցեղակրոնությունն ու հեթանոսությունը, ուրեմնեւ` հայ-արիականությունը, կփրկվեն եւ կփրկեն հայությանը օտար գաղափարներից ու կրոններից:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – խմբ. կողմից – Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Եվ այդ միջազգային դրույթներից ելնելով էլ, ի տարբերություն մամուլի մյուս միջոցների, տպագրում ենք ո՛չ միայն քրիստոնյա կամ գլոբալիստ հայերի տեսակետները: Նամանավանդ, որ իրապես ցեղակրոնները իրականում ուրիշի ազատ արտահայտվելու կամքին չեն բռնանում:

«Լուսանցք» թիվ 43 (129), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։