Սպորտային լուրեր

Շաբաթվա մարզական կյանքից

Դարչինյանը պահպանեց տիտղոսը
WBA/WBC վարկածով աշխարհի չեմպիոն, թեթեւ քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրեջ քաղաքում կայացած մրցամարտում հայ բռնցքամարտիկը մաքուր հաղթանակ տարավ մեքսիկացի Թոմաս Ռոխասի նկատմամբ՝ վերջինիս նոկաուտի ենթարկելով 2-րդ ռաունդում: Մինչ այս մենամարտը Դարչինյանը հեշտությամբ հաղթել էր Ռոխասին նոկաուտի ենթարկած Խորխե Արսեին:
Մեր բռնցքամարտիկի հետ կրկին ցանկանում է մենամարտել ֆիլիպինցի Նոնիտո Դոյերը, ով միակ թեթեւ քաշային բռնցքամարտիկն է, ում հաջողվել է հաղթել Վիկին՝ 2007թ.-ին: Վ. Դարչինյանն այս անգամ էլ հանդես եկավ հայկական եռագույն դրոշի ներքո` արժանիորեն ներկայացնելով մեր երկիրը:

2014թ. կլինե՞ն «օլիմպիական» փողեր
2014թ. Սոչիում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ Ռուսաստանի ԿԲ-ն, բացի օլիմպիական խորհրդանիշերով ավանդական հուշադրամներից, խոստանում է թողարկել նաեւ թղթե «օլիմպիական» փողեր: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: ՌԴ ԿԲ-ի 1-ին փոխնախագահ Գր. Լուտնովսկու խոսքերով, դրանք կլինեն ամենագործածական՝ 50,100 կամ էլ 500 ռուբլանոցներ: Մինչ օրս ՌԴ ԿԲ-ն ոչ մի անգամ չի թողարկել օլիմպիական խաղերի խորհրդանիշերով հոբելյանական թղթադրամներ:
1-ին անգամ օլիմպիական հուշադրամներ թողարկվել են 2008թ. Պեկինի խաղերի ժամանակ: Ռուսաստանը կարող է Օլիմպիադայի ժամանակ հուշադրամ թողարկած 2-րդ երկիրը դառնալ:

Տարվա 10 լավագույնները
Մարզական լրագրողների (մասնակցել են 52 լրագրողներ) հայկական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2009թ. 10 լավագույն մարզիկները: Հայաստանի թիվ 1 մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին: Ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը եւ նրանց հավաքած միավորները:             
1. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ – 520
2. Առաքել Միրզոյան, ծանրամարտ – 420
3. Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ – 355
4. Տիգրան Գ. Պետրոսյան, ծանրամարտ – 310
5. Ռոման Ամոնյան, հ/հ ըմբշամարտ – 271
6. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ – 242
7. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ – 191
8. Հովհաննես Դավթյան, ձյուդո – 183
9. Յուրի Պատրիկեեւ, հ/հ ըմբշամարտ – 148
10. Լիլիթ Մկրտչյան, շախմատ – 65
ՀՀ լավագույն թիմ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Հարցաթերթիկներում նշել են եւս 10 մարզիկների անուններ: Խոսքը շախմատիստ Լեւոն Արոնյանի, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, սամբիստներ Վաչիկ Վարդանյանի, Աշոտ Դանիելյանի, ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանի, Ժիրայր Հովհաննիսյանի, Ռուսլան Բասիեւի, բասկետբոլիստուհի Բոյանա Վուլիչի, հրաձիգ Նորայր Բախտամյանի եւ առագաստանավորդ Սառա Հեբերտի մասին է:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 44 (130), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։