ԱՊՀ-ն ի վերջո կպատասխանի՞ ՎՈւԱՄ-ին

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հավաստել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր թիմը երբեք չեն ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: «Մենք չենք ճանաչի այն բաները, որոնք բերեցին իրավիճակի բարդացմանը»,- ելույթ ունենալով դոնեցկյան «Ուկրաինա» ռադիոընկերության «Պատրաստ եմ պատասխանել» հաղորդմանը, նման հայտարարություն է արել Յ. Տիմոշենկոն:
Նա ասել է, թե իրենք ճանաչելու են Վրաստանը որպես միասնական պետություն. «Ընդհանրապես դա մեզ համար սուրբ հարց է, քանի որ Ուկրաինայի նկատմամբ էլ ոչ ադեկվատ հարաբերություններ են, եւ միշտ ինչ-որ մեկը ոտնձգություններ է թույլ տալիս մեր տարածքների նկատմամբ»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:


Նա նաեւ խոստացել է ամրապնդել ջանքերը, որպեսզի իր երկրի քաղաքացիներն ապրեն միասնական երկրում, իսկ Ուկրաինան էլ չբաժանվի Արեւմտյան ու Արեւելյան մասերի: Զարմանալի հիշողություն ունի այս ուկրաինուհին, նա մոռացել է, որ իր երկրի տարածքը նույնպես այս կամ այն պետության տարածքներից ունի «ներառած», իսկ Ղրիմը պարզապես նվեր են ստացել խորհրդային տարիներին՝ ազգությամբ ուկրաինացի գենսեկ Խրուշչեւից…
Շուտով պաշտոնական Կիեւն ըստ ամենայնի կճանաչի նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Արցախ-ԼՂՀ-ն ու ազատագրված տարածքները կճանաչի «այն բաները, որոնք բերեցին իրավիճակի բարդացման»: Եթե հիշենք, որ արցախյան ազատամարտի տարիներին ուկրաինական «կամավորականները» ծառայում էին Ադրբեջանի բանակին, իսկ Կիեւը մարտական տեխնիկա, զենք-զինամթերք էր մատակարարում մեր հակառակորդներին, ապա կարելի է սպասել կիեւյան վերոնշյալ տեսակետին…
ՎՈւԱՄ-ը եռանդուն զբաղվում է տեղեկատվական-քարոզչական հարձակումներով եւ պաշտպանությամբ, իսկ ԱՊՀ երկրները Հայաստանի համար այնքան են «դոշ դեմ տալիս», ինչքան դա անում են Ադրբեջանի համար: Եվ իզուր չէ, որ եվրոպական կառույցներում կամ ՄԱԿ-ում պարբերաբար քննարկման են դրվում Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հարցերը: ՎՈւԱՄ-ի երկրները (նաեւ՝ համաթուրքական վեհաժողովի) մեկ անգամ չէ, որ սպառնում են Հայաստանին, թե կպաշտպանեն Ադրբեջանին՝ նոր հայ-ադրբեջանական զինված բախման ժամանակ: Եվ նույնիսկ այս դեպքում ԱՊՀ-ն լռում է: Ավելին՝ ԱՊՀ-ական Ղազախստանն ու Թուրքմենստանը թուրքերի նախիջեւանյան հավաքի ժամանակ հայտարարել են (Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ), որ ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրն էլ է ադրբեջանական… Իսկ ԱՊՀ-ն էլի լռում է: Դե մենք լռում ենք, բոլորն էլ լռում են, բա ի՜նչ պիտի անեն…
Այս տարվա ընթացքում ԱՊՀ ՀԱՊԿ կարեւոր ձեռքբերումը արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն էր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան նշել է, որ 2009թ. ընթացքում, երբ մեծ մասամբ կազմակերպությունը նախագահել է Հայաստանը, այն անցկացրել է մի քանի լայնածավալ զորավարժություններ, սկսել է խաղաղապահ հնարավորության ձեւավորում, ընդունվել են շատ կարեւոր որոշումներ, մեծ աշխատանք է տարվել քաղաքական համագործակցության առումով, նաեւ արտաքին քաղաքականության առումով, անցկացվել է նախարարների մի քանի աշխատանքային սեմինար՝ այդ թվում Նյու Յորքում, Աթենքում:  Նա ասել է, որ 2010թ. կառույցն ավելի ակտիվ է լինելու: Հուսանք, որ այնքան «ակտիվ է լինելու», որ արագ արձագանքելու է ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ հայտարարություններին ու բանաձեւերին: Առայժմ՝ հայտարարություններին եւ բանաձեւերին, քանի դեռ դրանք ոտնձգությունների չեն վերածվել…
Այս առումով հետաքրքիր է ՀՀ ամենաթմբկահարվող ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության կեցվածքը: Մոսկվան ինչպես միշտ Հայաստանին «սեփականը համարելով»՝ խաղեր է տալիս մեր հակառակորդների հետ: Պետք է վերջ տալ այս ամենին եւ Մոսկվային հասկացնել, որ ԽՍՀՄ-ը չկա այլեւս, իսկ ՀՀ-ն անկախ երկիր է՝ իր կարեւոր նպատակներով զինված:
Բայց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի գլոբալ խնդիրներ ունի, նա ԵՄ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին կոչ է արել ստորագրել եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը` ներկայացված իր կողմից:
Այդ փաստաթղթում պետություններին առաջարկվում է վնաս չհասցնել միմյանց անվտանգությանը, եւ եթե այդ հարցում կասկածներ են առաջանում, ապա կոնֆերանս հրավիրել: Կոնֆերանսը կարող է հրավիրվել առնվազն 2 երկրների նախաձեռնությամբ, մասնակիցների 2/3-ի մասնակցությամբ, արտահերթ կոնֆերանսի համար հիմք կարող է հանդիսանալ մասնակիցներից որեւէ մեկի վրա զինված հարձակումը: Դ. Մեդվեդեւի առաջարկած հիմնական սկզբունքներն են՝ չհարձակում, ազգային անվտանգության ապահովում եւ ուժային հարցերի վերաբերյալ միմյանց տեղեկացում:
Փաստաթղթում ասված է, որ պայմանգրի մասնակիցները չպետք է իրենց եւ այլ երկրների տարածքները օգտագործեն պայմանգրի անդամ(ներ)ի վրա զինված հարձակում իրականացնելու նպատակով: Եթե երկրներից մեկի ղեկավարությունը կասկածներ ունի, որ մասնակիցներից որեւէ մեկը սպառնում է իր անվտանգությանը, ապա նա իրավունք ունի դիվանագիտական խողովակներով պահանջել անհանգստացնող փաստի վերաբերյալ տեղեկություններ եւ պատասխանը տրամադրել պայմանագրի մյուս անդամներին:
ՌԴ նախագահի մտահղացմամբ՝ փաստաթուղթը կարող է ուժի մեջ մտնել, եթե դրա տակ հայտնվի առնվազն 25 ստորագրություն:
Իսկ այս ամենին զուգահեռ վերստին աշխուժանում է արցախյան հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս հանդիպեցին Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն Երեւան չայցելեցին:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ներկայացրեցին Մադրիդյան առաջարկների նորացված տարբերակը եւ քննարկեցին նախագահների հերթական հանդիպման հարցը:
Իսկ գուցե Երեւան եւ Ստեփանակերտ չժամանելու պատճառը մեր համաձայնությու՞նն է եղել Մադրիդյան նորացված առաջարկներին: Արդյո՞ք շուտ չենք համաձայնվում է՛լ Մադրիդյան, է՛լ հայ-թուրքական եւ մեզ պարտադրվող այլ արձանագրությունները ստորագրելուն:
56 երկրների ներկայացուցիչներ էլ արդեն ողջունել են դեկտեմբերի 1-ին արցախյան հակամարտության կարգավորման հարցով ընդունված հայտարարությունը… Այդ երկրները ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունել են հայտարարություն, որով ողջունել են դեկտեմբերի 1-ին ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով ընդունված հայտարարությունը: Նախարարական հայտարարության տեքստում ասված է. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Լավրովի, Կուշների եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:
Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման եւ բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը»:
Օտարները համոզված են, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագա: Իսկ ու՞մ հաշվին, ո՞վ է տուժելու, դա նրանց չի հետաքրքրում:
Իսկ մեզ պե՛տք է հետաքրքրի եւ ո՛չ միայն հետաքրքրի…
Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչներին: Քննարկվել է նաեւ Արցախի թեման: ՀՀ նախագահը շեշտել է, որ ԼՂՀ հիմնախնդրին առնչվող յուրաքանչյուր բանակցությունից հետո, դրա բովանդակության, քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասները տեղեկացնում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Ինչ մնում է մեր ռազմավարական կոչված գործընկեր ՌԴ-ի վերաբերմունքին, ապա Մոսկվայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո արդեն 3 երկիր նույնպես ճանաչել են, դրանք են՝ Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն: Իսկ Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը Ռուսաստանը համառորեն չի նկատում … շուրջ 20 տարի:
Ի դեպ, նորաստեղծ Կոսովոյի անկախությունն էլ վերջերս ճանաչեց նաեւ Մալավիան եւ սա 64-րդ նման երկրին է: Սա էլ տարածքային ամբողջականության սկզբունքը ամեն օր թմբկահարող Արեւմուտքի ջանքերով, որը Հարավսլավիայից հետո մասնատեց նաեւ Սերբիան:
Եթե պաշտոնական Երեւանը դեռ չի ճանաչում ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը, ապա գոնե դառնա Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը ճանաչող 1-ին երկիրը եւ փորձի աշխատեցնել ի՛ր «ճանաչման» տարբերակները:

Հայկ Թորգոմյան

Միեւնույն է, կապում են…

Վերջերս աղմուկ էր բարձրացել, երբ «Euronews»-ը ցուցադրել էր «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում»: Այս կինոնկարն Արցախի մասին հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն վերոնշյալ կինոնկարում առկա էին նաեւ մտահոգիչ անճշտություններ, օրինակ՝ հայերի կորուստները 7 հզ. փոխարեն նշված է 17 հզ., ԼՂՀ-ի տարածքը 2 անգամ փոքր է ներկայացվում: «Euronews»-ի «սխալներից» մեկն էլ այն էր, որ պարզ ասվում էր, թե հայ-թուրքական վերջին գործընթացները հույս են ներշնչում, որ Արցախում խաղաղություն կլինի: Իսկ հայ-թուրքական զարգացումները, ըստ կարեւորության, համեմատվում էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Դժվար է հավատալ, որ այս ամենը պատահաբար է կապվել իրար (կինոնկարի տրամաբանությունը կառուցված էր այդ հիմքի վրա), այնպես որ մերոնց պաշտոնական հերքումները, թե Արցախի հարցը հայ-թուրքական գործընթացների հետ կապ չունի, հավատ չի ներշնչում…
Սա Արեւմուտքի քաղաքական գիծն է, եւ ՀՀ իշխանությունները պետք է լուրջ հետեւություններ անեն: Իսկ Արեւմուտքի համար կարեւոր էլ չէ, որ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են «սահմանված կարգը»: Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դեկտեմբերի կեսերին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության դիտարկումն այս անգամ ընդհատվել է… խմբի ուղղությամբ ինքնաձիգից արձակած կրակոցի պատճառով:
Կրակոցն արձակել են ադրբեջանցիները, դիտարկման խմբի անդամներն են եղել ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա), որոնք անվտանգության նկատառումներով դադարեցրել են դիտարկումը: Բաքուն, ինչպես միշտ, հակառակն էր պնդում, թե կրակել է հայկական կողմը: Նույնիսկ այս սադրանքները չեն ստիպում Արեւմուտքին հասկանալ, որ ադրբեջանցիները կամ թուրքերը վաղը իրենց վրա արդեն իրենց իսկ տարածքներում են կրակելու… Սա նրանց կերպն է:

Արտակ Հայոցյան

Ադրբեջանում հուսավառված չեն

Ազատագրված տարածքների հարցն էլի բարձրաձայնվում է Ադրբեջանում: «Բոլորն ասում են, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորումն առաջ է ընթանում, բայց ես անձամբ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չեմ նկատում»,- այս մասին հայտնել է փորձագետ Արազ Ալիզադեն: Նա երբեք չի հանդիպել մի այնպիսի դեպքի, երբ «պատերազմի միջոցով գրավված տարածքները», խաղաղ ճանապարհով վերադարձվել են: Հերքել է այն լուրերը, թե Հայաստանը վերադարձնելու է «ԼՂ-ի հարակից 7 շրջանները», նշել է` ոչ մեկն էլ չի վերադարձվելու Ադրբեջանին: Առաջնային խնդիր չի դրվում` հայկական եւ ադրբեջանական զինված նոր գործողություններ սկսելու համար, ուստի խաղաղ ճանապարհով հարցը չի լուծվի:
Հետաքրքիր է, որ Հայաստանում էլ լուրեր են տարածվում, թե 7 ազատագրված շրջաններից 5-ը հաստատ հետ են տրվելու, բացի Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից:
Երեւի հոգեբանական այս «գրոհներից» հետո կորոշվի իրապես «ինչ անել»-ը: Մի բան հստակ է` ով դիմացավ ու չտատանվեց, ունեցավ կա՛մք` նա էլ կհաղթի՛ ու չի՛ զիջի… Իսկ մարտադաշտում հաղթողն իրավունք չունի՛ «թղթե շերեփով» զիջելու:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ  44 (140), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։