Արեւագալ է՝ Միհր Աստծո ծնունդը

Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը:

Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային եւ տոնական արարողություններին:

Հայ արիները, հայ ազգայնականները գինեձոնով փառաբանեցին Միհր Աստծուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ երգեցին Արեւագալը…

Հիմն  Միհրին

Ո՜վ, դու, Մի՛հր, ո՜վ, Արտի Աստվա՛ծ,

Դու, որ արարման օրենքն ես կերտում

Եվ արդարության ուժն ես խթանում

Բարձր երկնքում ու երկրի վրա,

Քո Ոգու փայլով հայտնվիր դու մեզ

Եվ արարչական Խորհուրդն Արայի,

Վահագնի Ուժով հաստատիր մեր մեջ:

Եվ շողարձակիր ամենքի հոգում

Քո Աստվածային Օրենքները վեհ,

Որ քո Օրենքով դատողը դատի,

Որ քո Օրենքով դատվողը դատվի,

Ու էլ չլինեն դատող ու դատվող:

Հիմն  Արտին

Արդարը Արտի Օրենքն է մեր մեջ.

Թե կյանքում չապրես Արտի Օրենքով,

Թե ինքդ Միհրին կամավոր լքես

Ու կյանքդ կապես կեղծ օրենքներին,

Թե ինքդ մերժես Արարչից տրվող,

Արարչից սնվող ուժը քո հոգու,

Ուժը քո բազկի, լույսը արեգի,

Խավարով սնես քո հոգին անվերջ,

Ինքդ ուրանաս քո ծագումն, անգամ,

Օտար զորությանց դու երկրպագես՝

Ինչպե՞ս պահպանես զորությունը քո.

Դու կտկարանաս եւ քո թուլությամբ,

Մաղձը քո հոգու կցանես քո շուրջ

Եվ հենց քո վրա:

Զորավորն է լոկ ապրում արդարով,

Զորավորն է լոկ վառ սիրով ապրում:

Իսկ թույլը՝ միայն կարգախոս ստեղծում՝

Կարգախոս սիրո, արդարի, բարու…

Բայց ինքն՝  անարդար, ինքը՝ չսիրող,

Ինքը՝ ոչ բարի…

Եվ տկարությունը ոճիր է արդեն,

Անօրինությունն է օրենքը թույլի:

Հատվածներ` «Ուխտագիրք»-ից

Օրը նշանավորվեց եւս մի քանի խորհուրդներով:


…Դեռ ամիսներ առաջ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու համար: Հայտարարությունը արձագանքներ է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում: Եվ ահա, դեկտեմբերի 21-ին նախաձեռնողները Երեւանի «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում բացեցին հաշվեհամար այդ նպատակն իրականացնելու համար նվիրատվական գումարներ հանգանակելու նպատակով (կայքում կտեղադրվեն հաշվեհամարները): Հիշեցնենք, որ հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «…Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը… Հիմա կարիք կա քաղաքամայր Երեւանում առավել ազդեցիկ միջոցառումներ կազմակերպելու: Ուստի՝ վաղուց ծրագիր կա Երեւանում արիական-հեթանոսական Մայր Տաճար կառուցելու համար… Երբ բացի նշյալ կազմակերպություններից այլոք նույնպես ցանկություն հայտնեն միանալու, մենք հատուկ հաշվեհամար կբացենք Երեւանի բանկերից մեկում, որպեսզի գործն առաջ ընթանա»:

Նույն ժամանակահատվածում Հայ Արիական միաբանությունը հայտարարել էր, թե ձեռնամուխ է լինելու Հոգեւոր դասի ձեւավորման գործին, որն էլ կկազմավորի Հայոց քրմական դասը: Ահա, այդ օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը տոնակատարության մասնակիցներին ներկայացրեց, որ ՀԱՄ-ը կազմավորել է Հոգեւոր դաս եւ այն արդեն առաջադրել է 2 քրմերի թեկնածուներ: ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նրանց եւ նշեց, որ քրիստոնեության բռնի ներխուժումից, Հայոց քրմական դասի դավադիր ոչնչացումից հետո առաջին եւ առայժմ միակ քուրմը (քրմապետը) եղել է ու կա տիար Սլակ Կակոսյանը, ում երկրային մահից հետո ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը այլեւս չեն տեսնում քրմերի (թերեւս միայն քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) կարող է լինել այդ գործի շարունակողը, ով օծված է Ս. Կակոսյանի կողմից): Ներկաները կարեւորեցին Սլակ Կակոսյանի ավանդը քրմական դասի վերաձեւավորման առումով, եւ Գառնո տաճարում Միհր Աստծո փառաբանումից հետո, մոտեցան երկրային կյանքին հրաժեշտ տված քրմապետի հուշաքարին ու հավաստեցին, որ նրա գործը անպայման կշարունակվի:

Տոնակատարության մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Գառնո տաճարի վերականգնմանը մասնակցած հայորդիների հուշաքարին եւ փառաբանեցին նաեւ նրանց:


Արման Դավթյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։