Մինչ այս, Էրդողանի նույն խնդրանքը մերժվել էր նաեւ մեկ այլ միջնորդի` ԱՄՆ-ի կողմից: Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետին հասկացրել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է կարգավորել առանց նախապայմանների, իսկ հայ-թուրքական արձանագրություւնների վավերացման ձգձգումը կարող է հանգեցնել Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
Սակայն Վաշինգտոնում Թուրքիային ներկայացված զգուշացումները ոչ պաշտոնական էին` խոսակցությունների մակարդակով, իսկ մոսկովյան հանդիպման ընթացքում դիրքորոշումը հրապարակավ էր ու պաշտոնական:
Վ. Պուտինի հայտարարությունը պետք է ընկալել որպես Թուրքիային արված զգուշացում` տարածաշրջանում ավելորդ բարդություններ չստեղծելու առումով, եւ ՌԴ վարչապետը ակնարկել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետներն արդեն իսկ սպառվում են:
Այսպես միջնորդ երկրները առայժմ զբաղվում են Թուրքիայով, տեսնենք Հայաստանի հերթը երբ է գալու: Չնայած Երեւանը կարծես Անկարայից առաջ է ընկել արձանագրությունների ստորագրման հարցում եւ երեւի արժանանա միջնորդ երկրների «Ադամանդ» մրցանակին… Քանի որ ադամանդյա գործ է անում դեպի Եվրոպա ճանապարհները բացելու եւ այս կամ այն երկրի շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար… թեկուզ Հայաստանի ու հայության շահերը ոտնահարելու գնով:
Այնպես որ, գուցե միայն «Ադամանդ» պարգեւը քիչ համարվի եւ դրամական պարգեւներ էլ լինեն…
Կարեն Բալյան
Հանդիպում` վասն հանդիպման
Հունվարի 13-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են 2 երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին՝ Ա. Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»: Ըստ երեւույթին ռուս-թուրքական բանակցություններին զուգահեռ Մոսկվայում կայացավ այս հանդիպումը, որը ՌԴ-ի հերթական «նեյտրալ» քաղաքականության տպավորությունը պիտի ապահովեր:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.



