Շաբաթվա մարզական կյանքից

Առանց մեդալների
Թուրքական Բուրսա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Չնայած վերջին փուլերում մեր թիմը հաղթանակներ գրանցեց, սակայն բավարարվեց 5-րդ տեղով: Աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, արծաթե մեդալակիր դարձավ ԱՄՆ-ի թիմը, որի կազմում մեդալ նվաճեց նաեւ մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Հնդկաստանի թիմը: Մեր թիմը միայն միավորների ընդհանուր քանակով զիջեց 4-րդ տեղը Ադրբեջանի թիմին: Ամփոփիչ աղյուսակը.
                            Մ  ԸՄ
1. Ռուսաստան  15  24
2. ԱՄՆ                13  21,5
3. Հնդկաստան  13  20
4. Ադրբեջան      12  22

5. Հայաստան    12  20,5
6. Հունաստան    8  18
7. Իսրայել           7  17
8. Բրազիլիա       4  12,5
9. Եգիպտոս        3  12
10. Թուրքիա       3  11,5

Լավագույնները
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Լավագույն արդյունքը տղամարդկանց մեջ ունի Լեւոն Արոնյանը` 2781 վարկանիշով 5-րդ տեղում է: Լավագույն 10-ում են Մագնուս Կառլսենը, Վեսելին Թոփալովը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Բորիս Գելֆանդը, Վուգար Հաշիմովը, Վասիլի Իվանչուկը, Յու Վանգը եւ Պյոտր Սվիդլերը: 100 ուժեղագույնների մեջ տեղ են գտել նաեւ 4 հայ գրոսմայստերներ` Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա, 29-րդ տեղ), Հայաստանից Գաբրիել Սարգսյանը (48-րդ տեղ), Վլադիմի Հակոբյանը (49-րդ տեղ) եւ Արման Փաշիկյանը (94-րդ տեղ): Կանանց լավագույն 10-ում են Հուդիթ Պոլգարը, Համպի Կոներուն, Հոու Յիֆանը, Անտոանետա Ստեֆանովան, Նադեժդա Կոսինցեւան, Պիա Կրամլինգը, Աննա Մուզիչուկը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Կատերինա Լահնոն եւ Տատյանա Կոսինցեւան: Մեր շախմատիստուհիներից ուժեղագույնների ցանկում ընդգրկվել են 3 հայաստանցիներ` Լիլիթ Մկրտչյանը 2503 վարկանիշով 16-րդ տեղում է, ինչպեսեւ` Էլինա Դանիելյանը 18-րդ տեղում է, իսկ Լիլիթ Գալոյանը 87-րդ տեղում է:
ՖԻԴԵ-ն դասակարգել է նաեւ երկրների ցանկը եւ Հայաստանը 119 երկրների մեջ եզրափակում է լավագույն տասնյակը: Մեր թիմի միջին վարկանիշը 2632 է: Առաջատարը Ռուսաստանն է, 10-ում են նաեւ Ուկրաինան, Իսրայելը, Չինաստանը Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Հունգարիան եւ Ֆրանսիան: Վրաստանը 14-րդն է, իսկ Թուրքիան` 44-րդը:
Հայաստանի 10 ուժեղագույն շախմատիստներն են` Լեւոն Արոնյանը (2781), Գաբրիել Սարգսյանը (2678), Վլադիմիր Հակոբյանը (2678), Արման Փաշիկյանը (2647), Տիգրան Պետրոսյանը (2627), Զավեն Անդրեասյանը (2613), Հրանտ Մելքումյանը (2583), Ռաֆայել Վահանյանը (2568) եւ Արտաշես Մինասյանը (2561):

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Գերմանական Մակդեբուրգ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում հայ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը հանդիպեց Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյի հետ: 10 ռաունդում կողմերից ոչ մեկին չհաջողվեց ժամկետից շուտ հաղթանակ տոնել: Մրցավարների միաձայն որոշմամբ (96:94, 98:94, 99:91) հաղթող ճանաչվեց Խորեն Գեւորը:

* * *
ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում իր նորամուտը նշեց առաջին թեթեւքաշային կարգի ներկայացուցիչ Արթուր Բեռնեցյանը: Նրա մրցակիցը Ֆրանցիսկո Սոլիսն էր: 4 ռաունդից բաղկացած մենամարտը միաձայն ավարտվեց հայ մարզիկի օգտին` 39:35 հաշվով:

* * *
Ցածր միջինքաշային կարգում NABF-ի վարկածով չեմպիոն Վանես Մարտիրոսյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Կասիմոյի հետ` հունվարի 16-ին տեղի ունենալիք մենամարտում: Իսկ EBU-EU-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոն Ալեքս Միշկիրտչյանը ռինգ կվերադառնա մարտի 27-ին: Բելգիայում կայանալիք մենամարտում նրա մրցակիցը կլինի Ջանպիերո Կոնտեստաբիլեն:

Ազգային առաջնության վարկանիշը
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի փորձագետների հաշվարկով (ինչը կատարվում է 1991թ.-ից), Հայաստանի ազգային առաջնությունը խաղամակարդակով 2-րդն է Անդրկովկասում եւ 75-րդը` աշխարհում: Հաշվարկներն իրականացվում են ներքին մրցումներում եւ միջազգային մրցաշարերում թիմերի արդյունքների հիման վրա:
Հայաստանի վարկանիշը արտահայտվել է 264 գործակցով, որը 10-րդ արդյունքն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ազգային առաջնություններում: Ուկրաինական առաջնությունը 746,5 վարկանիշով աշխարհում 9-րդն է, իսկ Ռուսաստանինը 525 վարկանիշով 20-րդն է: 33-րդ տեղում Ուզբեկստանն է (403,5), 39-րդ` Էստոնիան (364), 40-րդ` Վրաստանը (358), 44-րդ` Մոլդովան (345), 49-րդը` Բելառուսը (336), 51-րդը` Լատվիան (328), 69-րդը` Լիտվան (283,5), 97-րդը` Ադրբեջանը (209):
Իսկ 10 ուժեղագույն առաջնությունները այս երկրներում են` Անգլիա (1187), Իսպանիա (1077), Գերմանիա (1031),
Բրազիլիա (941), Իտալիա (920), Ֆրանսիա (899), Արգենտինա (836), Հոլանդիա (799), Ուկրաինա (746,5), Թուրքիա (691,5):

Նոր էջ
Երեւանի «Փյունիկ»-ի զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլան նոր էջ բացեց հայկական ֆուտբոլում: Նա դարձավ ՀՀ առաջնությունում հանդես եկող առաջին օտարերկրյա ֆուտբոլիստը, ով մասնակցեց միջազգային բարձր մակարդակի խաղերի: Մբոլան մասնակցում է Աֆրիկայի Ազգությունների գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարին: 19-ամյա պաշտպանը մրցաշարի 1-ին փուլում իր երկրի հավաքականի կազմում մասնակցեց Թունիսի հետ խաղին, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Մինչ այս, առհասարակ մեր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից ոչ մեկը չէր մասնակցել ոչ աշխարհի, ոչ Եվրոպայի եւ ոչ էլ այլ աշխարհամասերի առաջնությունների եզրափակիչ փուլի մրցաշարերին:

Արսեն  Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 1 (132), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.