Հայկական գործոն կա՞, թե՞ շահարկում են

Թուրք-իսրայելական ճգնաժամը շարունակվում է: Մեր նախորդ թողարկումներում նշել էինք, որ այդ դիվանագիտական բախման մեջ կարող է նաեւ հայկական հարցը արծարծվել: Այդպես էլ եղավ: Հայկական գործոն նկատվել է օրերս, «Սաբահ» օրաթերթում, որտեղ քննարկվել է թուրք-իսրայելական հասունացող ճգնաժամը:
Այսպես՝ եվրոպացի գիտնականներն ու լրագրողներն արդեն սկսել են ավելի շատ հետաքրքրվել Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությամբ, քան` Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացով: Արեւմտյան փորձագետների մեծ մասն արդեն միտված է կարծելու, որ Թուրքիան Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ տարվող հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը բխեցնում է բացառապես ազգային շահերից. «Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ Անակարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի ու ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն եւ՛ Արեւմուտքին եւ՛ Արեւելքին նայող, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»:

Հիշեցնելով Իսրայել-Թուրքիա հարաբերությունների ամենաջերմ ժամանակաշրջանը՝ 1996թ., երբ 2 երկրները ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրում, մտահոգություն է հայտնվում թուրք-իսրայելական հարաբերությունների այսչափ արագ ու այսչափ խորը վատթարացման կապակցությամբ: Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարեւոր ճակատը Վաշինգտոնն է: «Անցյալում Թուրքիան Իսրայելի հետ հարաբերություններին նայում էր ամբողջապես ամերիկյան հրեական լոբբիի տեսանկյունից: Քանի որ, որպես ԱՄՆ-ի հայկական եւ հունական հզոր լոբբիին հակակշռող գործոն, մեծապես զգացվում էր հրեական լոբբիի կարիքը»,- գրում է թուրքական նշյալ թերթը: Եթե Անկարան Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման հարցում արագ տեղաշարժ չանի, ապա «Հայկական լոբբին ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության օրինագիծն անցկացնելու համար գործի կանցնի: Իսկ եթե Թուրքիան չի ուզում այդ հարցերում կախման մեջ մնալ իրեն բարկացրած հրեական լոբբիից, ապա պետք է հնարավորինս շուտ Արձանագրությունները մեջլիսում վավերացնի»:
Եվ ահա, այս ամենից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստվում է մեկնել Գազա: Թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը, վկայակոչելով Լոնդոնում հրապարակվող «Շարքուլ» արաբալեզու թերթը, հայտնում է, թե հնարավոր է Էրդողանը մեկնի Գազայի հատված: Այնտեղ մուտք է գործելու Եգիպտոսի Ռաֆահ սահմանադռնից: Արդեն սկսվել են նախապատրաստական աշխատանքները:
Իսկ իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած «Դեբկա» ինտերնետային կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի վարչապետի հետ Գազա են այցելելու նաեւ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման եւ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Արման Դավթյան

       «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։