Արցախի եւ Ջավախքի հարցեր

Արցախի խնդիրը «տեղաշարժում» են

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Քնարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում:
ԵԽ նախարարների կոմիտեի Ագոյի մոնիտորինգային խմբի զեկույցը Հայաստանում եւ Ադրբեջանում իրականացրած այցերի վերաբերյալ դեռ չի ներկայացվել: Նախատեսվում է դա անել փետրվարի 3-ին:

Տարբեր լրատվամիջոցների տեղեկացմամբ, հետաձգման պատճառը լրացուցիչ խորհրդակցությունների անցկացումն է: Ակնկալվում է, որ զեկույցի ներկայացումից հետո բանաձեւ կընդունվի:
Ագոյի խումբը Երեւանում հանդիպումներ է ունեցել եւ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, ծանոթացել երկրում ընթացող բարեփոխումներին, նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացների վերջին քայլերին ու զարգացումներին:

Արտակ Հայոցյան

Հերթական եռակողմը
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 25-ին, ՌԴ Սոչի քաղաքում կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեւդի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը` նվիրված ԼՂՀ հակամարտության կարգավորմանը:
Սա ՌԴ ԱԳ նախարար Լավրովի` օրերս Երեւան կատարած այցից հետո արցախյան թեմայով նոր հանդիպում է:

* * *

Եթե վրացիները մերժեն, ապա` անկախություն
Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ հասարակական եւ քաղաքական գործիչների նկատմամբ:
Ըստ «Երկիր» միության, ներկայումս նաեւ ընթանում է Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր 2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում:
Այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից՝
1. Անհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն.
2. Վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները.
3. Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:
Նաեւ կոչ է արվում միջազգային կազմակերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով:

Նարե  Մշեցյան

Հ.Գ. – Բողոքին եւ կոչին միանում են Հայ Արիական միաբանությունն (ՀԱՄ) ու Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) եւ հավելում, որ վրացական իշխանությունների հակահայ քաղաքականությանը (ոչ միայն Ջավախքում, նաեւ Թբիլիսիում եւ այլն) պետք է արձագանքեն նաեւ ՀՀ իշխանությունները, որոնք պարտավոր են պաշտպանել ջավախքահայերի եւ վիրահայերի իրավունքները: Կամ էլ‘պետք է առաջ քաշեն Ջավախքի ինքնավարության, իսկ վրացիների մերժման դեպքում` հայկական երկրամասի անկախության խնդիրը:

       «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։