Ներքին հարցեր

Իմ օրագրի Մոսոյի էջից

20 տարի է անցել այն օրից, ինչ Մոսոն` Մովսես Գորգիսյանը մեզ հետ չէ: Այդ տարիներին ես ապրում էի Մոսկվայում: Վաղ առավոտյան դուռը բացվեց, ներս մտավ ընկերս ու…
Չհավատացի: Կարծեցի երեկ էր, որ Մոսկվայում` կառավարության շենքի մոտ, ցույց էր անում տեղի հայերի հետ անկախության առիթով:
Անսպասելի այդ լուրը շանթահարեց ինձ, միանգամից աչքիս առաջ հառնեցին բոլոր այն լավ ու վատ օրերը, որ կապվում էին նրա հետ. թատերական խմբակի անմոռանալի պարապմունքներ, Մոսոյի զարմանալի մտածողությունն ու տրամաբանությունը ոչ միայն թատրոնի, այլեւ կյանքի, աշխարհի ու մեր ժողովրդի մասին: Մի գիշեր ինձ տվեց ձեռագիր թղթերի փոքրիկ տրցակ եւ ականջիս շշնջաց. «Գարեգին Նժդեհի «Ցեղակրոնություն» գրքից է»:

Դպրոցական էի, մի շնչով կարդացի, շատ բան չհասկացա, բայց ընթերցումը մեզ բոլորիս կյանքի նոր հուն մտցրեց:
1990թ.: Մոսոն հայտնվեց ռազմաճակատի առաջին գծում: Նրան հետեւեցին շատերը:
Հետո… պատերազմի դաշտում դատական փորձաքննություն չեն կարող անել. պատերազմը լավ հնարավորություն է ձեռքերը անմեղության «վարկածով» լվանալու համար…
Ազգային ուժերի հանդեպ այսօր վերաբերմունքը չի փոխվել…
Օրերս Մովսես Գորգիսյանի անունը կրող դպրոցը նշեց նրա մահվան 20-րդ տարելիցը:

Աշոտ  Բադալյան

Ինչպես ծախսել արտաբյուջետային միջոցները

Հայաստանը շարունակում է վարկեր ստանալ եւ ծախսել դրանք: Ցայսօր վարկերը ստացվել են, միջազգային մրցույթներ հայտարարվել, եւ այդ մրցույթների մասին կառավարությունը մամուլից է իմացել: Հիմա նոր է գործադիրը հիշել, որ պետք է շատ խիստ հետեւի արտաբյուջետային միջոցների ծախսմանը, քանզի այդ միջոցներն ի վերջո պետական պարտավորություն են:
Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի. արտաբյուջետային ֆոնդերի ծրագրումն ու ծախսերի կատարման ուղղություններն այսուհետ կորոշի կառավարությունը. «Մեր հասցեին քննադատություն է հնչում, որը տեղին է: Մենք պետք է հետեւենք, թե ինչպես են ծախսվում գումարները: Արտաբյուջետային միջոցների ուղղությունները այսուհետ մենք կորոշենք: Միլիոնավոր դոլարների մրցույթներ են հայտարարվում, որոնց մասին մենք մամուլից ենք տեղեկանում: Մինչդեռ դրանք պետական պարտավորություններ են եւ հարկ է, որ վերահսկվեն»:
Ի դեպ, այս հարցի համապատկերում էլ քննարկվեց Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ այս տարվա ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի նպատակահարմարության հարցը:
Այդ համաձայնագիրը, որ հավանության արժանացավ, հնարավորություն է ընձեռում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ`
1. մինչեւ 4 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն բնապահպանական բաղադրիչով,
2. մինչեւ 20 մլն եվրո գումարի չափով ցածր տոկոսադրույքով վարկ բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի ձեւավորման համար,
3. մինչեւ 22 մլն եվրո գումարի չափով ցածր տոկոսադրույքով վարկ «էներգետիկայի ծրագիր. Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ բաղադրիչ» ծրագրի համար,
4. մինչեւ 18 մլն եվրո  գումարի չափով ցածր տոկոսադրույքով վարկ «էներգետիկայի ծրագիր. Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագրի համար,
5. մինչեւ 40 մլն եվրո  գումարի չափով ցածր տոկոսադրույքով վարկ «Ժողովրդավարության, համայնքային զարգացման, իրավական պետության ծրագիր. Համայնքային ենթակառուցվածքների բաղադրիչ» ծրագրի համար:

Աստղինե  Քարամյան

Մեր ընթերցողների խնդրանքով

Ի գիտություն 2010թ. դիմորդների

Ըստ ԿԳՆ հայտարարությոան, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսում է ՀՀ-ում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձեւից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական եւ միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2009-2010 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու հա
մար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է‘
- 3×4 չափի լուսանկար,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
Իսկ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ եւ վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետեւյալ դիմորդները`‘
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2010 թվականի մարտի 15-ն է:
Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված հետեւյալ ուսումնական հաստատություններում.
Երեւան Թիվ 66 միջն. դպրոց (Շենգավիթ)
Թիվ 43 միջն. դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
Թիվ 19 միջն. դպրոց (Կենտրոն, Նորք
Մարաշ)
Թիվ 36 միջն. դպրոց (Արաբկիր)
Թիվ 190 միջն. դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
Թիվ 62 միջն. դպրոց (Նոր Նորք)
Թիվ 127 միջն. դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
Թիվ 118 միջն. դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
Թիվ 171 միջն. դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ
Հրազդանի թիվ 8 միջն. դպրոց
Աբովյանի թիվ 10 միջն. դպրոց
Եղվարդի թիվ 1 միջն. դպրոց
Նոր Հաճնի թիվ 2 միջն. դպրոց
Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց
Չարենցավանի թիվ 1 միջն. դպրոց

Գեղարքունիքի մարզ
Գավառի թիվ 9 միջն. դպրոց
Սեւանի թիվ 7 միջն. դպրոց
Մարտունու թիվ 2 միջն. դպրոց
Վարդենիսի թիվ 1 միջն. դպրոց
Ճամբարակի թիվ 1 միջն. դպրոց

Արագածոտնի մարզ
Աշտարակի թիվ 1 միջն. դպրոց
Թալինի մաթ. հատուկ դպրոց
Ապարանի թիվ 1 միջն. դպրոց
Ծաղկահովիտի թիվ 1 միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ
Եղեգնաձորի թիվ 3 միջն. դպրոց
Ջերմուկի թիվ 2 միջն. դպրոց
Վայքի թիվ 1 միջն. դպրոց

Արարատի մարզ
Արտաշատի թիվ 1 միջն. դպրոց
Արարատի թիվ 1 միջն. դպրոց
Մասիսի թիվ 1 միջն. դպրոց

Սյունիքի մարզ
Կապանի թիվ 9 միջն. դպրոց
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
Գորիսի թիվ 3 միջն. դպրոց
Սիսիանի թիվ 3 միջն. դպրոց

Լոռու մարզ
Վանաձորի թիվ 5 միջն. դպրոց
Ալավերդու թիվ 2 միջն. դպրոց
Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց
Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց
Տաշիրի թիվ 1 միջն. դպրոց

Շիրակի մարզ
Գյումրու թիվ 3 միջն. դպրոց
Արթիկի թիվ 3 միջն. դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Ախուրյանի թիվ 2 միջն. դպրոց
Աշոցքի միջն. դպրոց
Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ
Արմավիրի թիվ 1 միջն. դպրոց
Վաղարշապատի թիվ 2 միջն. դպրոց
Գյուղ Մյասնիկյանի միջն. դպրոց

Տավուշի մարզ
Իջեւանի թիվ 5 միջն. դպրոց
Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց
Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոց
Բերդի թիվ 4 միջն. դպրոց

Սեփ. լրատվություն

Հիմա էլ Նորվեգիայում

Օսլոյում
կայանալիք «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացնող երգիչ-երգչուհիների անունները դեռ պարզ չեն:

Մրցույթի նախընտրական փուլն անցկացվելու է մինչեւ 2010 թվականի փետրվարի 10-ը: Ժյուրին կընտրի 10 լավագույն երգերը, որոնք էլ փետրվարի 10-15-ը կներկայացվեն հեռուստատեսային փուլի ժամանակ: Մինչեւ փետրվարի 1-ը գաղտնի կպահվեն այն երգիչների անունները, ովքեր ցանկանում են մասնակցել առաջիկա «Եվրատեսիլ 2010»-ին:
«Եվրատեսիլ 2010» մրցույթին մասնակցելու է 39 պետություն:

* * *

Հաիթի, Հաիթի, չեմ ուզում ես ոչ մի Հաիթի
Կառավարությունը երեկվա նիստում որոշեց, որ 100 հազ. դոլար կտրամադրի Հաիթիին՝ այստեղ հունվարի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով: Օգնությունը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Այս` գումար տալու որոշումը գործադիրը կայացրեց այն բանից հետո, երբ Հաիթին հնարավորություն չունեցավ ընդունելու մեր տեխնիկական աջակցությունը:

Անի  Մարության

Իսկ մեղավորը գուցե նորից հայտնվի

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել ազատազրկման՝ յոթ տարի ժամկետով: Դատարանը կայացրել է նաեւ դատավճիռ, որով ճանաչել է Ն. Փաշինյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան այդ մեղադրանքով արդարացրել կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Համաձայն դատավճռի՝ պատժի սկիզբը հաշվվում է 2009թ. հուլիսի 1-ից: Դատարանը որոշել է նաեւ խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ 2008թ. ապրիլի 17-ի որոշմամբ Ն. Փաշինյանի գույքի վրա դրված կալանքը վերացնել եւ գույքն ազատել կալանքից:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է եւ մեղադրվում էր 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Ն Փաշինյանը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես նշում է. «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը զլացել է նույնիսկ դատավճռով արձանագրել ինձ համար նշանակված պատժաչափի կիսով չափ կրճատումը, որը սահմանված է ավազակապետական ԱԺ-ի կողմից ընդունված տխրահռչակ համաներմամբ, որն իրավական պարտադիր ուժ ունի դատարանի համար, եւ որի կատարումը տվյալ դեպքում դրված է հենց դատարանի վրա»: Նա հայտարարել է, թե պայքարելու է «մինչեւ վերջ, անկախ նրանից` բանտում կլինի, թե ազատության մեջ»: Նիկոլ Փաշինյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:
Իսկ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճիռը ՀԱԿ-ը դիտում է որպես վախի, ցայտնոտի ու խուճապի մեջ գտնվելու արտահայտություն. «Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց` հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ ոչ մեկը: Ընդհակառակը` դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները: Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը: Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էր կամակատար դատախազին ու դատավորին»:
Կարծում եմ` հիմա ինչ էլ գրի ու հայտարարի ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանին չի օգնի (հստակեցնեմ` ՀԱԿ ասելով նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին): Մի բան ակնհայտ է. դատարանը հաշվի չի առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված նախադեպային իրավունքը. Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 225-րդ հոդվածի 1-ին մասով դատարանի կողմից մեղավոր ճանաչված բոլոր քաղաքական հալածյալները դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման, մինչդեռ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը 7 տարվա պատժաչափ «ստացավ»:
Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ մեղադրող դատախազը Ն. Փաշինյանին դատապարտելու համար պահանջեց 6 տարի, իսկ դատավորը այն դարձրեց 7:
Եվ մի դիտարկում էլ, ձերբակալվեցին եւ դատապարտվեցին մարտիմեկյան դեպքերի բոլոր հիմնական կազմակերպիչները, բացառությամբ գլխավորի` ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, ինչը այդպես էլ անհասկանալի մնաց շատ-շատերի համար: Մեզ համար, իհարկե, հասկանալի է…
Այսինքն` մեղավոր էին կատար
ողները, նույնիսկ` մասնակիցները, բայց ոչ գերագույն կազմակերպիչն ու օտար երկրների հետ ակնհայտ համագործակցո՞ղը:

Այսպես երբեք չի հաղթի արդարադատությունը, եւ միշտ էլ կվտանգվի երկրի եւ ժողովրդի անդորրը:

Կարեն  Բալյան

«Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։