«Ես» եւ ինքնություն

Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք, մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար:
Մի՞ թե մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է…:
Մի՞թե մարդը այդքան բարդ է:
Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձեւակերպու՞մ, թե՞ հոգեւոր կայուն արժեք:
Երբ նայում ենք մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ենք հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ` կորցրածը:
Իսկ ինչու՞ են իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու:
Եվ երբ նայում ես հիասթափվածների եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլեւս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը:
Եվ այդպես, անմարդկայինի թվաբանական աճ (պրոգրեսիա):

«Հիասթափություն» բառը ինքնին խոսուն է: Այն ներառում է թե թմբիրը եւ թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝ «ես»-ի:
«Ես»-ը որպես թմրամիջոց անհամեմատելի եւ անգերազանցելի է: Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը:
«Ես»-ը մարդու Հոգու ստվերն է: Եվ մարմնի եւ հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին` ստվերը:
«Ես»-ը բոլոր ժամանակների մարդակերն է եւ սնվում է բացառապես մարդով:
«Ես»-ի սնունդը մարդու «Ինքնություն»-ն է՝ նրա Ներաշխարհը:
Եվ նա հոշոտում է մարդուն ներսից` առաջացնելով նրա մեջ վախ եւ արյան ծարավ:
«Ես»-ը գործում է գայթակղությամբ եւ մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են «ագահություն»-ը, «իշխանության բարդույթ»-ը եւ «սեռական սանձարձակություն»-ը:
Եվ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է:
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Վար ձգիր ուսերիցդ «ես»-ի բեռը եւ թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը:
Մոռացի՛ր «ես»-դ եւ հիշի՛ր Մենք-դ:
Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, եւ թող որ «ես»-դ միանա մարմնիդ ստվերի սկզբին:
Որքան ցածր է «ես»-ը, այնքան առողջ է մարդը, ամուր` բազուկը եւ թեթեւ` քայլքը:
Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական «սեւ խոռոչ»-ը:
Գիտցիր, որ «ես»-իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր:
Եվ վստահ եղիր, որ «ես»-ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

       «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։