Անահիտ աստվածուհու և Նժդեհի մասին

Մեր փոստից. ամենայն պարզությամբ
Մեր փոստից` իշխանություններին

Վերադարձնենք Մայր Անահիտին Լոնդոնից – Իսկ Նժդեհին պաշտպանենք Երեւանում

Հայ Արիական միաբանությունը «Լուսանցք»-ի միջոցով եւս մեկ անգամ ՀՀ իշխանությունների ուշադրությունն է հրավիրում հետեւյալ հարցերի շուրջ:
1. 19-րդ դարի վերջին Արեւմտյան Հայաստանի Սատաղ բնակավայրում գտնված Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը (գրանցված որպես պարսկական մշակութային արժեք, ինչը մեր կողմից պետականորեն չի բողոքարկվել) դեռեւս գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Իհարկե, կան էլի շատ ազգային մշակութային-հոգեւոր եւ պատմական արժեքներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, եւ դրանք նույնպես Հայաստան վերադարձնելու կարիք կա, ինչը անհրաժեշտ է անել աստիճանաբար:

Այս ձեռնարկը լուրջ պատմական քայլ կլինի՝ Հայոց Ազգային արժեքները վերագնահատելու, նրանցով զորեղանալու եւ մեր ազգային միասնությունն ու կամքը վերահաստատելու ճանապարհին:
Վստահ ենք, որ հայ մտավորականությունը, ՀՀ հանրությունը կսատարեն իշխանություններին այս ազգանվեր գործում:
Մենք կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ օժանդակելու հայրենի իշխանություններին այս աննախադեպ ձեռնարկն իրականացնելու համար` շարունակական դարձնելով անփոխարինելի մշակութային արժեքների` հայրենիք վերադարձի կազմակերպումը:
2. Երկար ժամանակ Երեւանում կա Գարեգին Նժդեհի անունով հրապարակ: ՀՀ-ում նույնիսկ Նժդեհյան տարի է հռչակվել 2001թ.: Բազմաթիվ գրքեր են հրատարակվել ու վերահրատարակվել մեծն հայորդու կյանքն ու գործունեությունը, գաղափարները վերհանելու համար: Նժդեհն այսօր վերագնահատվում է, եւ մենք, որպես հայ ազգայնականներ, պատրաստ ենք աջակցել այս եւ նման այլ ազգային ձեռնարկներում: Սակայն, մեզ մտահոգում է այն, որ Նժդեհի անվան հրապարակում շարունակում է կանգնած մնալ Սպանդարյանի արձանը: Սա անընդունելի է 2 տեսանկյունից, նախ՝ Գարեգին Նժդեհը համայնավարների հետ անհաշտ պայքարում պաշտպանեց Լեռնահայաստանը ու մինչեւ կյանքի վերջը հալածվեց նրանց կողմից, եւ բարոյական ու արդարացի չէ այս արձանի գոյությունը հայ ազգային գաղափարախոսի ու զորավարի անվան հրապարակում: Եվ երկրորդ՝ ի վերջո մեծ հայորդու ինքնատիպ արձանը պիտի լինի՞ Հայոց մայրաքաղաքում, թե՞ ոչ: Մենք կարծում ենք, որ պիտի լինի, եւ այն վստահաբար կդառնա քաղաքամայր Երեւանի ազգային միջոցառումների կարեւոր հավաքատեղի:
Առաջարկին միանում է նաեւ Հայ ազգայնականների համախմբումը:

Վահագն  Նանյան

    «Լուսանցք» թիվ 2 (133), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։