Թղթաբանություն

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Հնդարիները ժամանակը բաժանել են 4 մասի՝ «սկիզբ», «երկրորդ», «երրորդ», «վերջին» դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են 5 մասի՝ «ոսկե», «արծաթե», «պղնձե», «պղնձարույրի», «երկաթե» դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերեւս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եվ այդ առումով հաշվել են արդեն «քարե», «պղնձե», «պղնձարույրի» եւ «երկաթե» դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:

Սակայն, ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, եւ ըստ երեւույթին դեռ երկար կապրի թղթե դարում:
Այսօր կյանքի ցանկացած դրսեւորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք:
Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով:
Եվ դա դարձել է բնազդ:
Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետեւանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է:
Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը:
Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին` մեջքին թեւեր աճելու սին հույսերով:
Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թեւերի դուրս չգալ բոժոժից:
Իսկ միգուցե այդ թեւերը հոգեւո՞ր են, եւ իմ նմանների համար անտեսանելի:
Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս:
Եվ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ, պարապ զրույց…
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Բա՛վ է միջոցը նպատակ կարծես:
Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս:
Բա՛վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ եւ ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ:
Մինչեւ ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, եւ թուղթ չունենալիս դրանք չնկատես:
Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի, կամ էլ խոչընդոտ:
Տեղին է ասել. «Թղթի բերածը թուղթն էլ կտանի»:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.