Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն արդեն անցել է մի շարք փուլեր, եղել են նոր ու բուռն զարգացումներ: Հատկապես Անկարան է փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ձգձգվի արձանագրությունների ստորագրումը: Ավելին՝ թուրքերը ձգտում են անընդհատ բարդացնել իրավիճակը՝ իրենց ռազմա-քաղաքական նպատակներն արծարծելով:
Ինչեւէ, թուրքական կողմում նկատելի է որոշակի հիասթափություն` կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշան հետ, որն ընկալվեց նաեւ գերտերությունների կողմից: Թուրքիան ու նրա դաշնակիցները հասկացան, որ Երեւանի վրա որեւէ ճնման դեպքում անգամ հնարավոր չէ մոտ ապագայում Արցախ-ԼՂՀ-ի հարցում ինչ-որ զիջում ակնկալել: Արձանագրությունների ստորագրման գործընթացը նույնիսկ չխարխլեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այս հիասթափությունները գուցե ժամանակավոր լինեն (դեռ չի կարելի վստահ ենթադրություններ անել), բայց գոնե այժմ անհանգստացրել են թուրքական կողմին:
Անկարային քիչ ժամանակ է մնացել մինչեւ որոշում կայացնելը, որովհետեւ ձգձգելը հավասարազոր է ձախողման, իսկ այդ դեպքում թուրքերը կարժանանան այսպես կոչված միջազգային հանրության պարսավանքին եւ գուցե նոր պետություններ էլ սկսեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, նույնիսկ՝ ԱՄՆ-ն:
Ինչ մնում է Երեւանի դիրքորոշմանը, ապա ամեն բան առավել հստակ կլինի ՀՀ Ազգային Ժողովի քննարկումների ընթացքում, երբ կհասունանա որոշում ընդունելու պահը:
Անկարան կհանդուրժի՞ մասնատումները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանգրությունների վավերացումը Թուրքիայի համար դարձել է լուրջ ներքաղաքական հարց: Այդ երկրի վարչապետի ու ԱԳ նախարարի՝ միմյանց հակասող հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներքին կյանքում ահագնացող լարվածություն կա: Առկա բացահայտ պայքարը կունենա հանգիստ ավարտ, թե ոչ, դժվար է ասել:
Բացի ներքին քաղաքացիական լարվածությունից, առաջացել են նաեւ ներքին էթնիկ անհանգստություններ, ինչը կապված է քրդական շարժումների նորովի աշխուժացման եւ ծպտյալ հայերի՝ հեռահար գործոն լինելու հանգամանքի հետ: Այսինքն՝ Թուրքիայի թուլացումը վստահաբար կվերհանի Քրդստան ստեղծելու իսրայելա-արեւմտյան գաղափարը, ինչպես նաեւ կարժեւորի Արեւմտյան Հայաստանի արծարծման խնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հոլովույթում:
Թուրք դեսպանը` սեռական ոտնձգության հեղինա՞կ
Թուրքիայի ԱԳ նախարարությունում մի նոր իրարանցում է սկսվել: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը քիչ էր, հիմա էլ արտաքին գործերում սեռական ոտնձգություն կատարելու խնդիր է առաջացել… Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի դեմ ներկայացվել է մեղադրանք:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ՝ եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանը իրոք սեռական ոտնձգություն է կատարել, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Հանկարծակի եկած թուրք դեսպանն ու նրա կինը պարզաբանումներ են տվել. «Մեղադրական այդ պնդումները չեմ կարող ընդունել: Նույնիսկ չեմ քննարկի` նման բան եղել է, թե ոչ: Անհնար է: Ինձ Անկարայում ճանաչում են, գիտեն: Թող նախաքննություն իրականացնեն, որ ես էլ կարողանամ արդարանալ: Ես նման բաներ անող մարդ չեմ»,- ասել է դեսպանը: Իսկ նրա կինը ասել է. «Շատ ծանր օրեր ենք քաշում: Սակայն դա, անշուշտ, կհաղթահարենք: Մեզ ճանաչում են, իմացողները գիտեն»:
3 ամիս առաջ դեսպանի պաշտոնում նշանակված Ա. Յաքիթալը մինչ այդ պաշտոնավարել է որպես արտաքին քաղաքական հարցերով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական: Իսկ միջադեպը առաջին դեպքը չէ, որ «կատարվում» է թուրք դիվանագետների հետ, այնպես որ սա էլ «Արձանագրության» կետ կարելի է դարձնել…
Արման Դավթյան
Աշխարհիկ եւ կրոնական «բանավեճ»
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) պատգամավորների միջեւ: Պատճառն այն է եղել, որ ԱՇԿ պատգամավոր Օսման Դուրմուշը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա տիկնոջ հասցեին:
Վերջինիս թույլ չեն տվել մասնակցել զինվորական ծերակույտի հավաքին՝ գլխաշոր կրելու համար:
Էրդողանի հասցեին Օ. Դուրմուշն ասել է. «Նա դեռ իրեն մարգարե է կոչում, ի՞նչ մարգարե նրանից, եթե նրա կնոջը թույլ չեն տալիս մասնակցել նիստին»:
ԱԶԿ խորհրդարանական խմբակցության համանախագահ Բեքիր Բոզդաղը իր բողոքն է արտահայտել հակառակորդի նկատմամբ, որից հետո ամբիոն է բարձրացել վարչապետը: Նա անբարո է համարել իր կնոջ հասցեին խոսակցությունները, որին ի պատասխան՝ ԱԶԿ եւ ԱՇԿ պատգամավորների միջեւ ձեռնամարտ է սկսվել: Նախագահողը դադարեցրել է նիստը, իսկ Էրդողանը հեռացել է խորհրդարանի նիստերի դահլիճից:
Ծեծկռտոցի ժամանակ երկու պատգամավորների ակնոցները ջարդվել են, որոշներն էլ իրենց գործընկերների կողմից քերծվածքներ են ստացել, իսկ ԱԶԿ պատգամավոր Ալի Գյունչուն հոսպիտալացվել է:
Երկար տարիներ է՝ ինչ Թուրքիայում բուռն վեճ է ընթանում աշխարհիկ պետություն մնալու եւ հոգեւոր երկիր դառնալու համար: Սակայն, հատկապես զինվորականները, ուժային այլ կառույցների ներկայացուցիչները հայտարարում են, որ պետք է հավատարիմ մնալ թուրքերի հոր՝ Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետությանը, իսկ իսլամական Թուրքիան, նրանց կարծիքով, երկիրը կհեռացնի եվրոպական համագործակցությունից եւ կդարձնի սահմանափակ երկիր:
Արման Դավթյան
Ժամանակը սպառվում է
Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի կապակցությամբ մեկնելու է ԱՄՆ եւ Շվեյցարիա: Թուրքիային տրված ժամանակը մոտենում է ավարտին:
Խորհրդականի մեկնումը նպատակ ունի շահագրգիռ կողմերին փոխանցել Անկարայի մտահոգություններն արձանագրությունների վերաբերյալ՝ ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշման առնչությամբ: «Կանգնած գնացքի պատուհանից երբ նայում ես շարժվող գնացքին, քեզ թվում է, թե քո գնացքն էլ է շարժվում: Հայաստանի մոտեցումը այդպիսի մի աչքի խաբկանք է»,- այսպես են կարծում թուրք դիվանագետներից ոմանք` մոռանալով, որ հենց Թուրքիան է թերացել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները կատարելիս եւ այդ փաստաթղթերի վավերացման ընթացակարգը պահպանելիս: Ավելին` թուրքերը փորձում են միմյանց կապել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Գոհար Վանեսյան
Ցանկալին այս դեպքում իրականություն չէ
Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ թուրքական հանրության կարծիքը այսպիսին էր՝ հայ-թուրքական շփումներին ու երկու երկրների միջեւ սահմանի գործարկմանը դեմ էր հարցվածների 48%-ը: Այժմ, վերջին օրերի տվյալներով, այդ թիվը հասել է 70%-ի:
Նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները, եթե նույնիսկ անկեղծ ցանկություն ունեն բարելավելու հարաբերությունները Հայաստանի ու հայության հետ, ապա չափազանց լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու իրենց իսկ բնակչության հետ: Վստահ ենք, այսպիսի մի «թակարդում» էլ կհայտնվեն ՀՀ իշխանությունները, եթե ոչ պակաս բուռն ցանկությամբ հասնեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Հայաստանում նույնպես (սփյուռքում էլ) հայության մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ առանց մեր կողմից նախապայմանների հարաբերություններին: Սա դեռ այն դեպքում, երբ հայկական զլմ-ները հիմնականում գովազդում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, քանի որ պետական ճնշիչ լծակներն իրենց մեթոդներով կարողանում են հասնել դրան… Այլապես, գուցեեւ միաձայն, հայությունը Թուրքիայի նկատմամբ բացահայտորեն կցուցաբերեր իր պահանջատիրությունը:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 4 (135), 2010թ.



