Հարձակման դեպքում «Հեզբոլլահ»-ը ռմբակոծելու՞ է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը

«Հեզբոլլահ»-ի զոհված ղեկավարներին  նվիրված հիշատակի տարեկան հանդիսության ժամանակ ելույթ ունենալով‘«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սայյեդ Հասան Նասրալլան, ի դեպ, անդրադարձավ նաեւ վերջին շրջանի իսրայելյան սպառնալիքներին, որոնք հաճախական բնույթ են կրում:
Սկզբում զոհված ղեկավարներին նա դրվատանքի խոսքեր ասաց` մատնանշելով, որ նրանց զոհաբերության եւ նվիրվածության  շնորհիվ էր, որ ազատագրվեցին գրավյալ տարածքները ու զարմանքով շարունակեց, թե տակավին մարդիկ կան, ովքեր շարունակում են տալ նույն հարցերը. արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Լիբանանը, կամ` արդյո՞ք միջազգային բանաձեւերով կարող են Իսրայելին պարտադրել հանձնելու մնացյալ գրավյալ հողերը:

Միաժամանակ Սայյեդ Հասան Նասրալլան հավելեց, որ միջազգային հանրային կարծիքը հարգում է միայն ուժեղին, եւ թույլերը տեղ չունեն այս աշխարհում ու նկատեց, թե Լիբանանն ապացուցեց, որ  ինքն ուժեղ է եւ այսօր ուժեղ է
ավելի քան երբեք` շնորհիվ բանակի, ժողովրդի եւ դիմադրության միասնականության:
Անդրադառնալով ահաբեկումներին (որոնք ուղղված են ոչ միայն Դիմադրությանը, այլ Լիբանանի կառավարությանը), որով Իսրայելը սպառնում էր քանդել Լիբանանի ենթակառուցվածքները, Նասրալլան շեշտեց, որ 2006թ. պարտությունից հետո, Իսրայելը ի վիճակի չէ ցանկացած ժամանակ պատերազմ հայտարարել,  մանավանդ, երբ համոզված չէ, որ իր նպատակները կիրականան: Ու ավելացրեց, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի (հիշեցրեց մեկ անգամ եւս, որ պատերազմի որոշումը միշտ էլ եղել է իսրայելինը) եւ ռմբակոծի Լիբանանի ենթակառուցվածքները, ապա իրենք էլ անելու են նույնը. «Եթե ռմբակոծեք Բեյրութի նահատակ Ռաֆիք Հարիրիի  միջազգային օդանավակայանը, մենք պիտի ռմբակոծենք Թել Ավիվի Բեն Գորիոնի օդանավակայանը, եթե ռմբակոծեք մեր նավահանգիստները, ապա մենք պիտի ռմբակոծենք ձեր նավահանգիստները»: Նասրալլան ավարտեց իր խոսքը` ասելով. «Մենք պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանել եւ աշխարհում որեւէ մեկի կարիքր չունենք, որ այդ գործը մեր փոխարեն անի»……
Հարկ է նշել, որ իսրայելյան պաշտոնական եւ լրատվական միջավայրում նկատելի էր ուշագրավ զսպվածություն ի տարբերություն ուրիշ անգամների. Նասրալլայի ելույթը չսփռվեց ուղիղ եթերով, ոչ էլ նրան հաջորդեցին լայնածավալ քննարկումներ իսրայելյան հեռուստաեթերում: Այդ ուղղությամբ հատուկ հրահանգ էր իջեցվել զինվորական պատասխանատու շրջանակների կողմից` կասեցնելու այն հոգեբանական ազդեցությունը, որ բացասաբար է ազդում  Իսրայելի հասարակության վրա` մանավանդ նկատի առնելով այն հանգամանքը (ինչպես մենք մատնանշել էինք մի ուրիշ առիթով), որ Իսրայելի հասարակությունը շատ լրջությամբ է վերաբերում Նասրալլայի խոսքերին եւ ավելի հավատում նրան, քան Իսրայելի ղեկավարներին:

 Ռաֆֆի Պապիկյան
Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար

Զբոսաշրջիկի քսակի ուղղությունը

Հայաստանում
2009թ. ՀՀ է այցելել 575.281 զբոսաշրջիկ, որը 3%-ով ավելի է նախորդ տարի գրանցված ցուցանիշից: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ, համաշխարհային զբոսաշրջությունն անցած տարում կրճատվել է 4%-ով, սակայն 2008թ.-ին արձանագրվել էր 2% աճ: Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում ԱՊՀ-ից, մասնավորպես Ռուսաստանից եւ Վրաստանից, ինչպես նաեւ Եվրամիության երկրներից, Իրանից ու ԱՄՆ-ից:
Սակայն, աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է. սկսել են Հայաստան այցելել նաեւ Հեռավոր Արեւելքի եւ Սկանդինավյան երկրներից: Ավելացել է հատկապես Իրանից եկող զբոսաշրջիկների քանակը, իսկ անցած տարի Հայաստան են եկել նաեւ զբոսաշրջիկներ Թուրքիայից:
Նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջային նպատակներով մեկնել է 526 հազար մարդ: 2009թ. 2008թ. համեմատ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 1,5-2%-ով: Հայաստանից հիմնականում գնում են եվրոպական երկրներ, նաեւ հեռավոր երկրներ, ինչը կախված է հնարավորություններից: Հիմնակնում գնում են ծովային հանգիստ առաջարկող երկրներ: Այս տարի սպասվում է զբոսաշրջային հոսքերի 5% աճ:

Թուրքիայում
2009թ. Թուրքիան ընդունել է 27.077.114 զբոսաշրջիկների: Այս մասին հայտնում են թուրքական զլմ-ները:
Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թվով 1-ին տեղը զբաղեցնում են գերմանացիները (16,58%), 2-րդ տեղը՝ ռուսաստանցիները (9,95%) եւ 3-րդ տեղը՝ բրիտանացիները (8,96%): Հաջորդում են Բուլղարիան, Իրանը, Հոլանդիան, Վրաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Իտալիան:
Զբոսաշրջիկների համար ամենանախընտրելին ամբողջ տարվա ընթացքում եղել է Միջերկրական ծովափնյա շրջանը: 2008թ. համեմատ 2009թ. Թուրքիայում արձանագրվել է զբոսաշրջության ծավալի 2,81%-անոց աճ, եւ սա այն դեպքում, երբ աշխարհում անկումը կազմել է 4,3%:
Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետեւանքով Թուրքիա այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թիվը 44%-ով կրճատվել է: Ամեն տարի 100 հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիա ուղարկող հրեական արհմիությունները սկսել են իրենց հաճախորդներին Թուրքիայի փոխարեն ուղարկել Ֆրանսիա, Իտալիա եւ Բուլղարիա: Այսօր Անկարայում մեծ եկամուտներ ստանալու հույսեր ունեն նաեւ հայ զբոսաշրջիկների թվաճի այցերից:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 6 (137), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.