Արձանագրություններն արդեն ԱԺ-ում են

Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, որ նախագահականից ուղարկվել է ԱԺ, ամբողջական չէ, կիսատ է, դրանում բացակայում է ԱԳՆ-ի տեղեկանքը` գործընթացի նպատակահարմարության մասին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այդ տեղեկանքը իրենք դեռ վաղուց պահանջել էին նախարարից, եւ նա խոստացել էր ուղարկել փաթեթի հետ միասին:
Ինչ վերաբերում է արձանագրություններին, որոնք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, փաստորեն ներկայացվելու են քննարկման առանց վերապահումների, ինչը Արմեն Ռուստամյանը անընդունելի է համարում:

Արձանագրություններին դեմ ուժերը ՍԴ-ի որոշումից հետո պարտադիր էին համարում, որ, նախեւառաջ, այս արձանագրություններն ուղարկեին ԱԺ՝ վերապահումներով, ինչը պետք է աներ ՀՀ նախագահը, ով դա չի արել: Փաստորեն, այս քայլը ամենեւին ներդաշնակ չէ փոխըմբռնման տեսանկյունից:
ՀՅԴ-ն արդեն դեմ է արտահայտվել արձանագրությունների վավերացմանն այս տեսքով եւ պահանջում է տանել հետ, լրացնել, ավելացնել վերապահումները, ապա բերել խորհրդարան:
Շատերին էլ զարմացրել է ՀՀ նախագահի լոնդոնյան ելույթը, որում նա հայտարարել է, թե երաշխավորվում է արձանագրությունների վավերացումը: Սա ուղղակի ցուցում պետք է համարել ԱԺ մեծամասնությանը, որ քննարկումներն այդ ուղղությամբ պետք է ընթանան: Սա ինչ-որ տեղ նաեւ ճնշում է ԱԺ հանձնաժողովում քննարկումների վրա եւ խորհրդարանի բնականոն գործունեությանը չի նպաստում:
Ըստ ամենայնի կլինեն բողոքի նոր ցույցեր, իսկ խորհրդարանում շատ պատգամավորներ կպայքարեն վավերացման դեմ:
Խորհրդարանականները պայքարելու են նաեւ օրենսդրական փոփոխությունների համար« թե ինչու վերապահում անելու իրավունք ունի առաջնային մանդատ ունեցող մի մարմին, իսկ մյուս մարմինը՝ ԱԺ-ն, չունի: Սա էլ անհասկանալի է: Այս եւ այլ կարգի օրենսդրական փոփոխություններ է առաջարկելու ՀՅԴ-ն:
Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները նույնպես կմասնակցեն ցույցերին եւ այլ բողոքի միջոցառումների, չնայած ազգայնական այս կառույցները առհասարակ դեմ են հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացմանը եւ հայ-թուրքական որեւէ հարաբերության հաստատմանն առանց հայկական կողմի նախապայմանների: Իսկ այդ նախապայմանները պետք է հստակորեն արծարծեն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ Հայոց պահանջատիրական (նաեւ հողային-տարածքային) խնդիրները. այս մասին «Լուսանցք»-ին հայտնեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հայ ազգայնականները հնարավոր է շարունակեն մասնակցել ՀՅԴ-ի նախաձեռնած «14-ի ձեւաչափ»-ի աշխատանքներին` չբացառելով համագործակցությունը նաեւ այլ՝ արձանագրություններին դեմ ուժերի հետ, իսկ որոշ դեպքերում կգործեն նաեւ առանձին:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 6 (137), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.