Դատի տվո՜ղն ո՞վ է

Ռ. Քոչարյանի դեմ պատրաստված նյութերը 2-3 շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ը կուղարկի Հաագայի դատարան. օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ներկայացվելիք հայցի ծավալը 400 էջ է: Նախկինում Դ. Շահնազարյանն ասել էր. «Մեղադրական եզրակացությունը, ինչպես նաեւ հավաքված ստորագրությունները, ոչ միայն մարտի 1-ին Ռ. Քոչարյանի՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար են, այլեւ 10 տարվա գործունեության հանցագործությունների մասին են»:

Ի դեպ, Դ. Շահնազարյանը նկատել է, որ եվրակառույցների աչքերն արդեն բացվել են եւ նրանց համար այլեւս ակնհայտ է, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում բանակի օգնությամբ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որ իշխանությունը սպանդ է իրականացրել իր ժողովրդի դեմ, որ անկարգություններն ու թալանը կազմակերպել են իշխանությունները: Իսկ ինչո՞ւ են այսօր հանկարծ բացվել եվրակառույցների աչքերը՝ մնում է կռահել: Դ. Շահնազարյանը կարծում է, որ դա տեղի է ունեցել աշխարհաքաղաքական զարգացումների ու շահերի արդյունքում:
Ինչպես ասում են` ժամանակին մարդկանց պատասխանատվության չենթարկելը նպաստում է, որ նրանց ձայնը «տաք տեղից գա», հատկապես 90-ականների մութ ու ցուրտ տարիների ալան-թալանից ու լեւոնա-վանոյական կամայականություններից հետո… Իհարկե, մարտիմեկյան դեպքերը պետք է պարզաբանվեն եւ մեղավորները պատժվեն: Ի միջիայլոց` բոլոր կողմերի մեղավորները եւ սադրիչները` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կամ այլ…
Իսկ ժամանակին Ռ. Քոչարյանը այդպես էլ գոնե ՀՀ դատարաններ չուղարկեց ՀՀՇ-ական իշխանության ազգահալած ու ազգաթալան գործերը, չնայած այն բանին, որ այդպիսի տեսակետ հայտնել էր նաեւ այն ժամանակներում գործող Քաղաքական խորհուրդը: Քրիստոնեական «մի դատվիր, որ չդատվես»-ը անիրատեսական է մեր կյանքում… եւ առհասարակ սխալ է, եւ ահա Ռ. Քոչարյանը արժանանում է Լ. Տեր-Պետրոսյանի «դատավճռին»:
Գոնե այս հանգամանքը կնպաստի՞, որ վերհանվեն 1990-1998թթ. ՀՀՇ-ական իշխանությունների գործերը եւ Հաագայի դատարանում գործն սկսեն դրանից…

Նարե Մշեցյան

*  *  *
2008թ. մարտի 1-ի զոհերի ծնողները հաղորդագրություն են ուղարկել «Լուսանցք»-ին այն մասին, որ նամակով դիմել են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության բոլոր պատգամավորներին: Զոհերի ծնողները խիստ վրդովված են այդ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի՝ մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների վերաբերյալ թերթերում արված հայտարարությունից, որում նա նշում է, թե չի պատրաստվում պաշտպանել ինչ-որ խմբերի շահերը: Դիմումում զոհվածների հարազատները ՀՅԴ խմբակցության անդամներից պահանջում են պարզել, թե լինելով ընդդիմադիր, ինչն է նրանց խանգարում պաշտպանել մարտի 1-ի անօրինական գործողությունների հետեւանքով զոհվածների իրավահաջորդներին եւ պատասխանատվության ենթարկել իրական մեղավորներին:
Այսպես մարտի 1-ի զոհերի խնդիրը ժամանակին արծարծվում էր ՀԱԿ-ի կողմից՝ ընդդեմ իշխանությունների, հիմա էլ Հաագայի դատարան են դիմելու: Այժմ էլ այդ խնդիրը դարձել է հին եւ նոր ընդդիմադիրների «բախման» թեմա: Կարծում ենք` մարտի 1-ի մեղավորներին գտնելու եւ պատժելու հարցը ներազգային լուրջ խնդիր է դարձել եւ այն պետք է հեռու պահել ամենատարբեր շահարկումներից:

«Լուսանցք»

Սերգոն` ի շրջանս յուր

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել Սերգո Երիցյանը: Նախկին պետը՝ Լավրենտի Միրզոյանը, արժանանալով ԿԳՆ պատվոգրի, անցավ մեկ ուրիշ աշխատանքի՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է համալսարանի պրոռեկտոր: Ուստի՝ իր իսկ դիմումի համաձայն տեղափոխվել է այդ աշխատանքին:
Ս. Երիցյանը հայտնել է, որ կշարունակի մայրենի լեզվի անաղարտության համար պայքարը (իբր մինչ այժմ բուռն պայքար է ընթացել,-Ա.Հ.) եւ դա միայն տոներով չպետք է պայմանավորել, այլ պետք է պայքարել ամբողջ տարին: «Եթե յուրաքանչյուր ոք իր տեղում լինի, իր գործը կատարի եւ հավատարիմ լինի մեր լեզվապահպանողությանը, մենք լեզվապահպանության եւ ազգապահպանության խնդիր չենք ունենա: Մեր կյանքի բոլոր բնագավառներում պետք է իշխի «հանուն մաքուր լեզվի» գաղափարը»,- ասել է նորանշանակ պետը:
Իսկ եթե հիշենք, որ ոչ հեռու անցյալում ԿԳ նախարար Սերգո Երիցյանն իրականացրեց տխրահռչակ «օպտիմալացումը» եւ այլ ավերածությունները կրթական համակարգում` հատկապես անկապ փորձարարական դասարաններ ու դասագրքեր ստեղծելով, ինչը կատարվեց օտարի՝ եվրապահանջների համաձայն, ապա գոնե առայժմ խիստ կասկածելի է հնչում Լեզվի պետական տեսչության պետի ազգանվեր ելույթը…
Ավելի անկապ է դիտվում մի քանի մարդկանց անընդհատ այս կամ այն պաշտոնին նշանակելը, երբ հատկապես նախորդ ոլորտի ավերածություններն ակնհայտ են: Ուրեմն՝ կամ Լեզվի պետական տեսչությանը ավեր-«օպտիմալացում» է սպասվում, քանի որ դրա լավագույն «մասնագետներից» մեկն է նշանակվել ղեկավար, կամ էլ՝ միջազգային որոշ ուժեր պարտադրում են իրենց կամքը` իրենց կադրերին նոր ասպարեզներ տրամադրելու:
Եթե մոտ ապագայում հայոց լեզվի հետ միասին պետական լեզվի կարգավիճակի համար վերստին պայքարեն ռուսերենն ու անգլերենը, ապա կասենք` «օպտիմալացումը» այստեղ էլ հասավ, եթե ամեն բան լավ ընթանա… ուրեմն՝ «միջազգային հանրությունը» սկսել է սիրել հայերին (՞՞՞)…

Արտակ Հայոցյան

Հեռուստաեթերը «չափորոշվեց»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը կարծում է, որ հեռուստաեթերի անաղարտության համար ընդունված չափորոշիչները էական փոփոխություն չեն մտցնի առաջատար հեռուստաընկերությունների դաշտում:
Նոր չափորոշիչներից կշահի այն հեռուստաընկերությունը, ով ավելի շուտ կսկսի որակյալ արտադրանք տալ. ասել է Ա. Հարությունյանը: Ընդհանուր առմամբ, նա դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները ու կարծում, որ 1-2 տարում հեռուստատեսային ոլորտին այն մեծ օգուտներ կտա. «Այսօր մտավորականության, հասարակության զգալի մասը դժգոհ է եթերից: Այդ վիճակը կտրուկ կփոխվի: Չեմ ասում՝ կունենանք իդեալական վիճակ, բայց դրական հետեւանքներն ակնհայտ կլինեն»:
Ամեն դեպքում մտավախությունը, թե այս չափորոշիչները կարող են գավառականացման տանել հեռուստաեթերը, դեռ առկա է շատերի մոտ: Բայց ոմանք էլ կարծում են, թե սկզբնական շրջանում, իհարկե, կլինեն խնդիրներ, թյուըմբռնումներ, սակայն դրանք ժամանակի ընթացքում կկարգավորվեն:
Իսկ Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հաղորդումների նկատմամբ ու այլ արտադրանքի վրա նույնպես ուշադրություն կդարձնի: Ամեն դեպքում սերիալներ ու հումորային ծրագրեր կրկին կցուցադրվեն: Իսկ էրոտիկ, բաց տեսարաններ եւ արյունոտ կադրեր պարունակող կինոնկարներ, ըստ ՀՀԽ նախագահի, Հանրայինը կցուցադրի սահմանված ժամին՝ գիշերվա 12-ից հետո:
Առաջիկա 1-2 տարվա ընթացքում հեռուստատեսությունը պետք է այնպիսի հումոր ցուցադրի, որի հիմքում գռեհկություն, ազգային արժեքների ոտնահարում չլինի: Տեսնենք` ինչ արձագանքներ կլինեն մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուների կողմից:

Գոհար Վանեսյան

Գործարարների հետ` միայն պահանջի լեզվով

Հունիսի 1-ից ՀՀ-ում կմեկնարկի ոչ պարենային ապրանքների վրա հայերեն նշագրումների գործընթացը: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանը:
Պարտադիր մակնշման ենթակա ոչ պարենային ապրանքների ցանկը արդեն ներկայացվել է էկոնոմիկայի նախարարություն: Ներկայումս ընթանում է նախապատրաստական գործընթացը, եւ 2010թ. հունիսի 1-ից գրեթե բոլոր ապրանքային խմբերը կլինեն հայերեն նշագրումներով: Իսկ այսօր ոչ պարենային շուկայում վաճառվող բազմաթիվ ապրանքերի վրա բացի հայերենից կարելի է տեսնել տարբեր լեզուներով նշագրումներ, որոնցում գերակշռում են անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն եւ չինարեն նշագրումները: Կան նաեւ վրացերեն, ուկրաիներեն եւ նույնիսկ ադրբեջաներեն նշագրումներ:
Հայերեն մակնշումները կարեւորել է նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Հայերեն լեզվով նշագրումները կարեւոր են ոչ միայն ազգային շահերից ելնելով, այլեւ հնարավոր կդարձնեն վերահսկել ապրանքի՝ ներկրողից մինչեւ վաճառող ուղին:
Իսկ ոչ պարենային ապրանքերի շուկան այսօր խայտառակ վիճակում է, հունվարին վերոնշյալ հ/կ-ն դիտարկում է իրականացրել կենցաղային քիմիայի, լվացման միջոցների, կենցաղային տեխնիկայի եւ օծանելիքի շուկայում ու հայտնաբերել է 100-ից ավելի տարբեր տեսակի ապրանքներ, որոնց 90%-ը կարիք ունի հայերեն մակնշման: Հիշեցնենք, որ արդեն մեկ անգամ փորձել են կիրառել հայերեն նշագրման պայմանը, սակայն` ապարդյուն: Ուստի` ճիշտը ոչ թե պայման դնելը, այլ` պահա՛նջ ներկայացնելն է:

Արտակ Հայոցյան

Մշտական բնակչության թիվն ավելացել է

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2009թ. տարեսկզբի նկատմամբ տարեվերջին աճել է 12,5 հազար մարդով:
Այսպիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: 2009թ. հունվար-դեկտեմբերին 2008թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի շարունակվող աճն ապահովվել է` ի հաշիվ բնակչության բնական հավելաճի ավելացման (23,0%) եւ միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (19,1%):
2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է 44.466 ծնված, որը 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8,0%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով, աճել է, համապատասխանաբար՝ 1,0 պրոմիլային կետով եւ կազմել 13,7%:
Այս տարի հունվար ամսին ծնելիության աճ է գրանցվել նաեւ Երեւանում. գրանցվել է 1636 ծնունդ:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 7 (138), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.