Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները:
Կարեւոր է, որ հնչեց այն միտքը, թե Գերմանիան էլ էր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, երբ դատապարտվեց հրեական հոլոքոսթը, ուստի՝ Թուրքիան էլ պետք է հասկանա , որ եղել է ցեղասպանություն, դա փաստ է եւ այն դատապարտվում է:
Սակայն չմանրամասնվեց, թե արդյո՞ք Թուրքիան Գերմանիայի պես պետք է հատուցի պատճառած բոլոր վնասները: Ավելին՝ եթե հրեաները ցեղասպանվել էին եվրոպական երկրներում եւ պատմական տարածք չէին կորցրել, ապա հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում եւ երկրի զգալի մասը կորցրել են, որն այժմ ցեղասպանների տիրապետության տակ է:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը հույս է հայտնում, որ այս անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում հաշվի կառնվի այս ամենը եւ Հայոց ցեղասպանության հարցը եւս մեկ անգամ չի դառնա շահարկման առարկա Թուրքիայի հետ հարաբերություններում:
Իսկ դրա նախադրյալները երեւակվեցին Պալատի քննարկումների ժամանակ: Առավելապես շահարկվելու է հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրումը: Ուստի՝ ՀՀ իշխանություններին առաջարկում ենք՝
1. Մինչեւ ապրիլի 24-ը սառեցնել հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումները: Սպասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կկատարի՞ վերջապես իր խոստումը եւ կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
2. Թուրքիայից պահանջել, որ դադարեցնի հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումների ընթացքում Արցախի, Հայոց ցեղասպանության եւ տարածքային այլ խնդիրների շահարկումները, որոնք փորձում է նաեւ դարձնել նախապայմաններ: Շարունակվելու դեպքում չեղյալ համարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ցեղասպանության դատապարտման եւ տարածքային պահանջատիրական խնդիրներով:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը համայն հայությանը կոչ է անում՝ անկախ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումից, հետապնդել Հայ Դատը եւ այն հասցնել վերջնական ու փաստացի հաղթանակի:
Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ
(Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական միաբանության առաջնորդ, Ռաֆֆի Պապիկյան՝ «Հայրենիք-Սփյուռք» կապերի նախաձեռնության ղեկավար, Արմենուհի Մելքոնյան՝ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Աշոտ Բադալյան՝ Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Գեւորգ Յազըճյան՝ պատմ. գիտ. թեկնածու, քուրմ Մանուկ՝ փիլ. գիտ. թեկնածու եւ այլք )
05.03.2010թ. – ք. Երեւան



