Քաղաքի տարբեր մասերում փոթորիկը արմատախիլ է անում ծառերը, պոկում բարձրահարկ շենքերի տանիքները եւ այլ վթարների պատճառ դառնում:
Վրաստանի օդերեւութաբանական ծառայությունը հաղորդել է, որ քամու ուժգնությունը հասնում է 33 մ/վ-ի: Ըստ հետազոտությունների, քամին շուտ կդադարի, սակայն ոչ կայուն եղանակը կպահպանվի մինչեւ մարտի 7-ը:
Վահագն Նանյան
Վաշինգտոնը համառում է
Բրազիլիան առաջարկում է դիվանագիտական ճանապարհով հասնել Իրանի հետ առաջացած խնդրի կարգավորմանը: «Պետք չէ Իրանին «անկյուն մղել» ատոմային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ: Բրազիլիայի նախագահի կարծիքով, Թեհրանի հետ պայմանավորվելու ամենաարդյունավետ միջոցը բանակցություններն են:
Այս տեսակետը չի բավարարել ամերիկացիներին եւ սպասվում է, որ Հ. Քլինթոնը Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում փորձելու է համոզել այդ երկրի իշխանություններին` աջակցել Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Չնայած Բրազիլիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների շարքում է, բայց չունի վետոյի իրավունք:
Սակայն, ԱՄՆ-ն դեռ պետք է համոզի նաեւ Ռուսաստանի Դաշնությանը:
Իսկ Թեհրանն էլ իր հերթին է համառում եւ չի համաձայնվում Վաշինգտոնի հետ:
Նարե Մշեցյան
Թուրքիան` հեղաշրջման մեջ
Թուրք վերլուծաբան Հասան Ջեմալը ասել է, որ Թուրքիայում տիրող անիրավությունը, իրավունքների ոտնահարման փաստը հիշվում է միայն այն ժամանակ, երբ, ասենք, զինվորականներին են ձերբակալում, երբ հերթը հասնում է պետական հեղաշրջում նախապատրաստողներին: Մինչդեռ այն ժամանակ, երբ իրոք հարկավոր է բարձրաձայնել բռնապետական ռեժիմի, անօրինականության եւ մոլեգնող անիրավության մասին, բոլորը պապանձվում են: «Իրավունքեր չկան… երբ փորձ է արվում կոծկել Հրանտ Դինքի սպանության դատական գործը, երբ քար նետելու համար քուրդ բազմաթիվ երեխաների էին ձերբակալում, երբ Սինջանում տանկային ռեժիմ է հաստատվում, երբ Գյունեյդողում հազարավոր գյուղեր էին հրկիզվում, 100 հազարավոր մարդիկ են բռնի տեղահանվում, երբ Օրհան Միրօղլուին քրդերեն խոսելու համար 5 տարվա բանտարկության էին դատապարտում, երբ Դինքի սպանողներին երգերով գովերգելը քննադատելու համար Փերիհան Մաղդենին 3 տարվա ազատազրկման էին դատապարտում …»,- նշել է Ջեմալը:
Գոհար Վանեսյան
Ինքնապաշտպանվո՞ղ է ՆԱՏՕ-ն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, ով գործնական այցով եղել է Մոսկվայում, մեկնաբանություններ է տվել ՌԴ նոր ռազմական հայեցակարգի մասին ու իր զարմանքը հայտնել փաստաթղթի այն դրույթների վերաբերյալ, որտեղ Հյուսիս-ատլանտյան դաշինքը ներկայացված է որպես ՌԴ հիմնական սպառնալիք: Այսպես` Ռուսաստանի նոր ռազմական հայեցակարգը զարմացրել է Մադլեն Օլբրայթին, ով ասել է. «Ես մանրամասնորեն չեմ ուսումնասիրել ամբողջ փաստաթուղթը, քանի որ դեռեւս չկա ամբողջական թարգմանությունը, սակայն ինձ զարմացնում է այն հանգամանքը, թե ինչու հայեցակարգը հայտնվեց հենց հիմա: Բացի այդ, ՆԱՏՕ-ն այնտեղ դիտարկվում է որպես ՌԴ-ին սպառնացող հիմնական վտանգ»:
«Դաշինքը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար: Չգիտեմ, քանիցս ստիպված ենք կրկնելու այս կանխադրույթը», – ասել է Մ. Օլբրայթը: Նրա խոսքերով, Հյուսիս-ատլանտյան դաշինքը ինքնապաշտպանական կազմակերպություն է, որտեղ համախմբված են մի խումբ ժողովրդավարական երկրներ, որոնց նպատակը ոչ թե Ռուսաստանի հետ մրցակցելն է, այլ կայունություն հաստատելը:
Ինչքան հեշտ է այս ամենն ասելը, երբ ՆԱՏՕ-ի զորքերը տարիներ շարունակ ասպատակություններ են անում Ասիայի կամ Աֆրիկայի երկրներում, նաեւ` բուն Եվրոպայում: Իսկ ասում են, թե սպառնալիք չեն… Ինքնապաշտպանվում են … Խե՜ղճ ՆԱՏՕ:…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.



