Ս. Մերկեդոնովի խոսքերով, «Վերին Լարս»-ի բացումը որոշակիորեն կօգնի Հայաստանի տնտեսությանը եւ թույլ կտա հաղթահարել լճացումը: Այս ենթատեքստում մեկ կարեւոր հարց էլ կա՝ հայ-վրացական հարաբերությունները: «Մի կողմից այդ երկրները հարեւան են եւ Վրաստանի միջոցով է իրականցվում արտահանման մեծ մասը, մյուս կողմից էլ Ջավախքում էթնոքաղաքական իրավիճակ է ստեղծվել»:
«Վերին Լարս»-ի բացումով ռուս-վրացական հարաբերություններում նույնպես պատուհան բացվեց: Առայժմ դժվարություններ կան անցագրեր ստանալու հետ կապված, քանի որ այդ 2 երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:
Արման Դավթյան
Սառը ու տաք հումորի հայկական արքան
Շատերիս համար Լեոնիդ Ենգիբարյանը մեր մանկության առաջին ծանոթությունն էր կրկեսի հետ: Ծաղրածու, ում կատակները մեզ ժպիտ եւ ուրախություն պարգեւեցին:
Քիչ ավելի ուշ, երբ նա արդեն չկար ֆիզիկապես, ու մարեցին նրա կրկեսի լույսերը, Լեոնիդ Ենգիբարյանը վերածնվեց: Բայց այս անգամ մենք էինք լալիս` մեր թերությունների վրա, իսկ նա մեզ էր նայում իբրեւ հանդիսատես:
«Մենք հետո ծիծաղեցինք հրճվանքով/ Ծափահարեցինք ձեռքի ափերը կոտրելով:/ Նա ծիծաղելի ոչինչ չարեց- / Մեր ցավերը իր վրա վերցրեց» (Վլադիմիր Վիսոցկի):
Նա կրկեսային հրաշքների աշխարհը եկավ լույսի պես լուսավոր եւ ստվերի նման հեռացավ: Ինքն իր մասին գրում է. «Ծնվել եմ Մոսկվայում: Իննը տարի անցկացրել եմ ռինգում: Պատվիրանը` եթե քեզ ապտակում են ձախ այտիդ, դեմ տուր աջ այտդ, համարում եմ արմատապես սխալ: Փոխել եմ բազում մասնագիտություններ եւ քսաներկու տարեկանում ինձ մնաց միայն դերասան դառնալ: Գրել սկսել եմ հենց այդ ժամանակ, ոչ իմ կամքով: Հեղինակներից ոչ ոք չէր ուզում ինձ հետ աշխատել: Ստիպված էի սցենարիստ դառնալ: Դուրեկան էր: Հիմա սարսափով եմ մտածում` բա որ հանկարծ իսկական սցենարիստը հայտնվի: Սիրում եմ ծովը, աշունը, Վան Գոգին: Վախենում եմ բարեկեցությունից: Կարեւորը ինձ համար կյանքում շուրջս կատարվող ամեն ինչի հանդեպ պատասխանատվություն զգալն է»:
«Համաշխարհային կրկեսի պատմություն»”գրքի հեղինակ ֆրանսիացի Դոմենիկ Ժանդոն, վերլուծելով Ենգիբարյանի արվեստը, գրում է. «Այս սեւահեր, հաճելի արտաքինով երիտասարդը, սառը, բայց մինչեւ աբսուրդի հասնող հումորով, ինձ հիշեցրեց Բեստեր Կիտոնին` համր կինոկոմիկին: Նա կարող է ծիծաղեցնել յուրաքանչյուր հանդիսատեսի: Նրա համարները ապշեցուցիչ են եւ ցնցող: Բացի այդ` նրա հայկական խառնվածքը մեզ ավելի մոտ է, քան ռուսական սլավոնական խառնվածքի ծաղրածուն»:
Երբ լսեցի, որ նա մահացել է, լաց եղա: Ու չամաչեցի, որ լաց եմ լինում: Ու երկար ժամանակ կրկես այլեւս չգնացի…
Աշոտ Բադալյան
* * *
Փոքր բյուջեով փոթորիկ ու վեց «Օսկար»
Օսկարի մրցանակաբաշխությունը հեռուստադիտողների քանակով նոր ռեկորդ է սահմանել:
ABC հեռուստաալիքով օրերս ցուցադրված ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը դիտել է 41,3 մլն. մարդ: Այս ցուցանիշը վերջին 5 տարվա ընթացքում ամենաամեծ հեռուստատեսային լսարանն է համարվում:
Ըստ քննադատների, հեռուստալսարանի ուշադրությունը գրավել է հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» եւ «Փոթորկի տիրակալը» ֆիլմերի միջեւ ծագած մրցակցությունը:
Ինչպես հաղորդում են ռուսական զլմ-ները, Իրաքի պատերազմի մասին պատմող փոքր բյուջետային այս վերջին ֆիլմը ստացել է 6 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ֆիլմի եւ լավագույն ռեժիսուրայի համար:
«Ավատար» ֆիլմն էլ արժանացել է 3 արձանիկի:
Անցյալի ընդհանրություններով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել էր Հայաստան այցելած սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Հայտնի կինոռեժիսորը Հայաստան էր եկել առաջին անգամ: Երեւանում կայացել է նրա ղեկավարած «The No Smoking Orchestra» խմբի համերգը:
Էմիր Կուստուրիցան ՀՀ նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր
տպավորությունները՝ ասելով, թե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է:
«Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս՝ արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը», – նշել է հռչակավոր կինոռեժիսորը:
Է. Կուստուրիցան տեղեկացրել է իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին եւ ընդգծել է, որ կգործադրի հնարավոր ջանքերը՝ աջակցելու հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
Հատուկ հրավիրյալի կարգավիճակով
Մեկնարկեց «Պինամարի էկրան – 2010 արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Մեր կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:
Կինոփառատոնի շրջանակներում Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեի, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոյի, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարլոս Մորելիի, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, կինոփառատոնին մասնակցող մոտ 300 արգենտինացի, իտալացի, իսպանացի, հույն, հայազգի ռեժիսորների, դերասանների, կինոքննադատների, լրագրողների մասնակցությամբ հանդիսավոր նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանի անունից կազմակերպվեց ընդունելություն: Փառատոնում ներկայացված հայկական ֆիլմերի պրեմիերան կայացավ մարտի 11-12-ին:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.



