«Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության

Կփորձենք այս անգամ վերնագրի չակերտավոր տերմինները հեռու պահել մեծ քաղաքականությունից եւ զերծ մնալ ամենատարբեր գործիչների իշխանատենչական մղումների լուսաբանումից:
Խոսքն այն պետական ու քաղաքական (նաեւ՝ այլ) այրերի պահվածքի մասին է, ովքեր տարված լինելով անզիջում պայքարով, հաճախ մոռանում են ոչ միայն զուտ քաղաքական պայքարի օրինական ու քաղաքակիրթ կանոնները, այլեւ՝ հայերեն ճիշտ խոսելը… եւ չկարողանալով նորամուծություն մտցնել իրենց գաղափարներում կամ ժողովրդին խոստացածում, փորձում են «նորամուծություն» մտցնել հայերենի բառապաշարում: Եվ կամ հայերենի իրենց վատ իմացությունը փորձում են լրացնել հանպատրաստից հորինած բառերով ու արտահայտություններով, որոնք իրենց կառուցվածքային բովանդակությամբ հաճախ իրենց իմացածի ճիշտ հակառակ իմաստն ունեն: Իհարկե, բոլորիս է հայտնի, որ մեր շատ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ (մականունավոր կամ առանց դրա) հայերեն խոսելու լուրջ խնդիր ունեն առհասարակ, բայց խոսքն այս մասին չէ:


Այսպես, ներկայիս որոշ քաղաքական գործիչներ եւ ԱԺ պատգամավորներ, հրապարակային ելույթների ժամանակ կամ հեռուստատեսությամբ ու ձայնասփյուռով հանդես գալիս, այլախոհներին անվանելով «ընդդիմադիրներ», իշխանամետներին էլ անվանում են «դիմադիրներ»: Այս մասին էլի խոսվել-գրվել է, բայց…
Նախ` վերջին արտահայտությունը հայերենում առհասարակ չեն գործածում, իսկ  գործածողներն էլ, ծանոթ չլինելով հայերենի բառակազմության կանոններին, չեն էլ հասկացել, որ այդ նորաստեղծ «դիմադիրներ» բառը «ընդդիմադիրներ» բառի նկատմամբ դառնում է ոչ թե հականիշ, այլ՝ հոմանիշ: Այդ երկու բառերի արմատները նույնն են, իսկ «ընդ» նախածանցը ոչ թե հակառակն է դարձնում բառի իմաստը, այլ ուժեղացնում է (օրինակ՝ «հակառակ» եւ «ընդհակառակ» կամ «գծել» եւ «ընդգծել» եւ այլն): Այսինքն, իշխանամետներին անվանելով «դիմադիր»՝ նրանց դասում են ընդդիմադիրների համախոհների շարքերը…
Դժբախտաբար, վերջին տասնամյակում հայերենում այս կարգի «նորամուծությունների» խցկվելը դարձել է սովորական եւ ականջի համար ընկալելի: Օրինակ` բարձրաստիճան անձաց կողմից հաճախակի գործածվող եւ սիրելի դարձած «ներ է մուծվել» արտահայտությունը: Հավանաբար շուտով զարմանալի չի լինի, եթե նույն անձինք սկսեն ասել «արտա է հանվել» կամ տնտեսությունը «զար է գանում»: Հետաքրքիր է, ինչպե՞ս իրեն կզգա նախագահը, երբ նրա մասին սկսեն ասել, թե նա «նախա է գահել» կամ «նախ է ագահել»: Եվ եթե պետականամետ անձաց ասեն, որ նրանք «պետ են ականամետ», նրանք հազիվ թե գոհ լինեն…
Այսպիսի արտահայտություններն այնքան են շատացել, որ բոլորը թվարկելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ասում են «ներ է դրվել», երեւի շուտով կասեն «արտա է դրվել», կամ չեն նկատում, որ երբ ասում են «վեր է ածել», ապա այդ արտահայտությունը հավի գործելակերպից տարբերվում է միայն այն բանով, որ վերջինս «վար է ածում»: Երբ մեկին ասում են «վեր է կացել» երեւի նկատի ունեն, որ նա սկզբում «վար էր կացել»: Զարմանալի չի լինի, երբ շուտով սկսեն ասել` «խրա է խուսել», «բոր է բոքվել», «գործ է ադրել», «ծրա է գրել» կամ իշխանավորը «հրա է մայել» եւ այլն: Այսքան օրինակները ներկայացնում ենք` այսպես խոսողներին գոնե մի քիչ հիասթափեցնելու նկատառումով:
Այս մասով նշենք, որ հեռուստատեսությամբ մշտապես ելույթ ունեցող հաղորդավարներից ու մեկնաբաններից ոմանք եւս, ազդվելով այս «նորամուծություններից», նույնպես սկսել են մասնակից դառնալ հայերենի աղավաղմանը: Եվ այս պարագան շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ այսպիսի աղավաղումները դանդաղորեն խցկվում են հեռուստալսարան, մեր լեզվի բառապաշար՝ անընդհատ կրկնվելու հետեւանքով:
Թվում է, թե վերեւում նշվածն ավելի շատ երգիծական բնույթ ունի, քան նախազգուշական, սակայն «ներ է մուծվելու»  ներմուծումը հատկապես ղեկավար այրերի բառապաշարում եւ մյուս արտահայտությունների խցկվելը խոսակցական լեզվում, հակառակ լեզվաբանների եւ հայոց լեզվի ուսուցիչների ժամանակին բարձրացրած տագնապի, ապացուցում է այն դառը ճշմարտությունը, որ հաճախ հաղթում է համառ տգիտությունը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.