Իսկ Վ. Հովհաննիսյանը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, մասնավորապես ասել էր. «Նախարարն իրեն բնորոշ ոճով ասել է, թե իր հրաժարականը պահանջող ուժերն անպատասխանատու են եւ, եթե գոնե մեկ անգամ իրենք փորձեին բանակցություններ վարել, կհասկանային, թե դա որքան դժվար է: Ուզում եմ ասել, որ երբ նախարարը չէր ծնվել, իսկ հետագայում, երբ ծնվել էր ու դեռ դպրոց էր գնում, Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում: Մեզ դասեր տալ, թե ինչպես է պետք բանակցություններ վարել, պետք չէ»:
Այսպես իշխանությունից տակավին վերջերս հեռացած եւ ընդդիմություն դարձած ՀՅԴ-ն հայ-թուրքական կոչված արձանագրությունների նախաստորագրման մեղավոր համարում է ՀՀ ԱԳ նախարարին եւ պահանջում է նրա հրաժարականը: Սակայն, զարմանալին այն է, որ երբ դեռ Է. Նալբանդյանը չէր ծնվել եւ դեռ նույնիսկ Վ. Հովհաննիսյաննն էլ չէր ծնվել, «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր», ու գիտեր, որ այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն երկրի նախագահն է, ում քաղաքականությունն էլ իրականացնում է ԱԳ նախարարը:…
Ինչեւէ: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ վերջերս շատացել են ՀՀԿ-ԲՀԿ, ՀՀԿ-ՀՅԴ հակամարտությունները, որին ավելացավ նաեւ ՀՀԿ-ՕԵԿ-ը, եւ եթե սրան էլ գումարենք ՀՀԿ-ՀԱԿ ընդդիմադիր կառույցի հակամարտությունը, ապա գուցե թե հասունացման ընթացքում է Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հակամարտությունը, ինչը կարող է առաջ անցնել Ս. Սարգսյան – Լ. Տեր-Պետրոսյան հակամարտությունից……
Այս ամենը հնարավոր է, չնայած ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել է` ասելով, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայում չեն հանդիպել, եւ այդ լուրը ապատեղեկատվություն է: Ուստիեւ` երկու նախագահները իրար հետ չեն էլ վիճաբանել Փարիզում:
Արտակ Հայոցյան
Կողմնորոշվեք ու… հայակենտրոն եղեք
Մեր թերթի նախորդ թողարկումում անդրադարձել էինք եզդի-քրդական նոր տարաձայնություններին («Հայերը եւ քրդերն ու եզդիները» հոդվածում), որը երկար տարիների պատմություն ունի: Այսօր էլ աշխարհում ապրում են տասնյակ միլիոնավոր եզդիներ եւ քրդեր, որոնք միշտ ծագումնաբանական ու հավատամքային խնդիրներ են ունենում: Հիմնական տեսակետներից մեկն այն է, որ նույն ծագումնաբանությամբ եզդիներն ու քրդերը տարաձայնությունների մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ միասնական այդ ժողովրդի մի մասը մահմեդական կրոնն ընդունեց, իսկ մի մասն էլ մնաց իր հին՝ արեւապաշտական հավատին: Մահմեդական մասը քրդացավ, իսկ արեւապաշտները շարունակեցին մնալ եզդի: Սակայն քրդական տեսակետ կա նաեւ, որ քրդերը մարերի հետնորդներն են, կա նաեւ նրանց պարսկական ծագում ունենալու տեսակետը: Այսօր ոչ միայն Հայաստանում կամ Կովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձավորարեւելյան տարածքում միլիոնավոր քրդեր եւ եզդիներ են բնակվում, որոնք միմյանց հետ առավել խիտ են բնակեցված հատկապես Իրաքում: Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի տարածքներում գերակշռում են քրդերը:
Եթե քրդերն իրենց համարում են մարերի (Մարաստան) ժառանգորդներ, ապա առնվազն զարմանալի է, որ նրանք տարիներ շարունակ պայքարում են Մերձավորարեւելյան Միջագետքի տարածքում Քրդստան (Հայաստանի (Արեւմտյան Հայաստանի), Իրանի, Սիրիայի եւ Իրաքի տարածքներում) ստեղծելու համար` մոռանալով ժամանակին Իրանից դեպի հյուսիս-արեւելք եղած Մարաստանի մասին: Իսկ եթե քրդերը Միջագետքի տարածքում բնակված եզդիների մի մասն են, ապա ի՞նչ խնդիր են լուծում, երբ այդ տարածքում (եւ այլուր) երբեւե գոյություն չունեցող Քրդստան են ուզում ստեղծել: Այս դեպքում, Միջագետքյան այդ տարածքում (իհարկե որոշակի սահմաններրի մեջ) առավել հասկանալի (գուցե նույնպես ոչ ընդունելի) կլիներ Եզդիստանի ստեղծումը, քան՝ Քրդստանի:
Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ ինքը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԺ, որում բողոքել է, թե ՀՀ-ում ապրող քրդացած եզդիները իրավունք չունեն մի ամբողջ եզդի ազգի քուրդ անվանելու: Նա նամակում նշել է, որ Հայաստանում փակեն բոլոր քրդական թերթերն ու կազմակերպությունները, քանի որ դրանք իրականում պատկանում են ոչ թե քրդերին, այլ՝ քրդացած եզդիներին:
Ա. Թամոյանը նշել է, որ «եզդիները քրդերի հետ ծագումնաբանական կապ չունեն», եւ իրենք լրիվ տարբեր մշակույթ ու տարբեր լեզու ունեն. «Մենք Թուրքիայում ապրող քրդերի լեզուն չենք հասկանում, իսկ Հայաստանում քրդացած եզդիները խոսում են նույնպես եզդիերեն, ուղղակի նրանք քրդացել են՝ ելնելով որոշակի շահերից: Եթե իրենք իրենց քուրդ են անվանում, ապա թող քրդերեն խոսեն ու իրենց մշակույթն ու ավանդույթները պահպանեն… Բայց ինչու՞ են այդ քրդացած եզդիները խոսում եզդիերեն ու ապրում մեր ավանդույթներով»,- բարձրաձայնել է նա եւ ակնկալում է պատասխանն ստանալ ՀՀ քրդական համայնքից:
Իսկ մենք` հայերս, ակնկալում ենք հայակենտրոն քաղաքականություն եւ եզդիներից, եւ քրդերից…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.



