Նոր ժայթքումների շեմին


Մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւերի ընդունման կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին եւ ԱՄՆ-ում ու Շվեդիայում Թուրքիայի դեսպաններ Նամիկ Թանին եւ Զերգուն Կոռութուրքին:
Այդ քննարկումների ժամանակ թուրք պատգամավորները պահանջել են կառավարությունից ավելի կոշտ արձագանքել նման բանաձեւերին: Կոչեր են հնչել… նույնիսկ աքսորել Թուրքիայի տարածքում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ փակել Իլջիռլիքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան:


ԱԳ նախարար Դավութօղլուն ասել է. «…Թուրքիան հնարավորություն է տվել հայերին օրենքից դուրս բնակվել իր տարածքում` հաշվի առնելով, որ Հայաստանում խիստ ծանր իրավիճակ է տիրում: Բացի այդ, եթե մենք գնանք նման քայլի, ի՞նչ կմտածի մեր մասին Արեւմուտքը: Միանգամից բոլոր արեւմտյան զլմ-ները արշավ կսկսեն Թուրքիայի դեմ ու կաղաղակեն, որ Անկարան հայերին է վտարում: Դա մեզ ծանր իրավիճակի մեջ կդնի»: Այսպես փորձել է հանգստացնել հայերին «աքսորող» պատգամավորներին Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանատուն:
Եվ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնական Անկարան չի պատրաստվում խորհրդարանից հետ կանչել: «Ամեն ինչ ունի իր ժամանակը: Չարժի որոշումներ կայացնել, որոնք հետագայում կարող են վնասել մեր շահերին: Բայց մենք ավելի ակտիվորեն սատար կկանգնենք մեր ազգային շահերին, եւ թող բոլորը դա իմանան: Թուրքիան այն երկիրը չէ, ում հետ կարելի է ճնշումների լեզվով խոսել: Մենք օգտագործելու ենք այս փաստաթղթերը որպես մեր ձեռքի գործիք»,- նշել է ԱԳ նախարարը: Նա անհրաժեշտ է համարել ապագայում հաշվի առնել նման իրավիճակի ստեղծման հնարավորություններն ու ուժեղացնել ազդեցությունն այլ երկրների խորհրդարանների վրա:
Սակայն հստակ է, որ Թուրքիայում հասունանում է նոր հակահայկական հիստերիա: Սա գիտակցելով` Անկարան փորձում է երկու խնդիր լուծել:
Նախ՝ արտաքին աշխարհին ցույց տալ, թե ինչքան վտանգավոր է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը եւ ինչ հետեւանքների կհանգեցնի հարցի շարունակականությունը: Ինչ հետեւանքներ կարող են ունենալ ներթուրքական ընդվզումները ինչպես Հայաստանի, այնպես էլ` տարածաշրջանի համար: Եվ երկրորդ՝ սեփական ժողովրդին եւ թյուրքական այլ ժողովուրդներին ցույց տալ, թե ինչքան դժվար է Անկարայի համար հակահայկական մթնոլորտում համաշխարհային կարգի որոշումներ կայացնելը, ինչը ահա նրանք անում են հանուն համաթուրքական շահերի: Կարելի է այլ ձեւակերպումներ էլ գտնել, բայց դրանք հիմնականում կամփոփվեն այս տեսակետների մեջ:
Թուրքական ազգայնամոլներին եւ զինվորական բարձրաստիճան խավին միշտ էլ անհանգստացրել է հայկական թեման: Անկախ այն բանից, թե ինչի շուրջ են ծավալվել հարցերը: Եթե դրանք առնչվում են հայությանը, ապա վնասարար ու վտանգավոր են համարվում Թուրքիայի ապագայի համար: Եվ այստեղ կա տրամաբանություն: Թուրքական վախը ունի պատճառներ: Մեղավորը միշտ էլ վախ ունի իր ներսում…
Ճիշտ եւ նպատակային ռազմա-քաղաքական քայլերի դեպքում նույնիսկ հայ-թուրքական կոչված հարաբերությունները կարող են առաջնային դարձնել Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության խնդիրները: Սակայն, միայն եթե ՀՀ իշխանությունները հակված են իսկապես պահանջողի դիրքերից հանդես գալու:
Իսկ հայերի արտաքսման վտանգը (եթե նոր ջարդեր չլինեն) այսօր էլ կա եւ պետք է միջոցներ ձեռնարկել: Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը, հարցազրույց տալով «BBC» լրատվական ծառայությանը, նախազգուշացրել է. «Իմ երկրում 170 հազար հայ կա: Նրանցից 70 հազարը իմ քաղաքացիներն են: Բայց մնացյալ 100 հազարին մեր երկրում տեղ ենք տալիս: Ի՞նչ եմ անելու ես վաղը: Եթե հարկ լինի, այդ 100 հազարին կասեմ. «Դե, դուք էլ ձեր երկիր գնացեք»: Դա կանեմ: Ինչո՞ւ: Քանի որ նրանք իմ համերկրացիները չեն: Այսինքն` ներկայիս մեր այդ անկեղծ մոտեցումների վրա նրանք իրենց այդօրինակ պահվածքով, ցավոք, բացասաբար են ազդում եւ դա չեն գիտակցում»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։