Մենք 3 տարեկան ենք

Այո, 3 տարի առաջ, մարտին, ճիշտ այս օրերին, հրատարակվեց «Լուսանցք»-ի անդրանիկ թողարկումը (2007թ. մարտի 16-ին): 3 տարի յուրաքանչյուր շաբաթ, ամեն ուրբաթ օր, մենք ընթերցողին ենք փոխանցում մեր տեսակետներն ազգի ու պետության ներքին եւ արտաքին ոլորտների մասին, ներկայացնում ենք ազգային ու համաշխարհային կարեւոր անցուդարձերի լրատվությունն ու վերլուծությունները, հատկապես` հայության եւ Հայաստանի հետ առնչվող հարցերը: Եվ որ ամենակարեւորն է՝ մենք մեր ընթերցողներին տրամադրում ենք ազգային արժեհամակարգին առնչվող նյութեր, ազգային-ազգայնական ուղղվածության գաղափարներ ու վերլուծություններ, ինչը եւ խոստացել էինք «Լուսանցք»-ի 1-ին իսկ համարում:

«Լուսանցք»-ը դարձել է հայ քաղաքական, հանրային ու մշակութային ոլորտների ազգային-ազգայնական տեսակետների քարոզիչն ու պաշտպանը, որի համար էլ արժանացել է Հայաստանի ու Սփյուռքի հայության նշյալ քաղաքական ուղղության հետեւորդների սիրելի թերթը: «Լուսանցք»-ը նաեւ ազգային հավատի՝ արիականության-հեթանոսության հետեւորդների քարոզիչն է: Մեզ զանգահարում են նաեւ ապաքաղաքական կենսակերպով մարդիկ, մտավորականներ, ովքեր նույնպես դարձել են մեր թերթի ընթերցողները՝ զուտ ազգային առումով տեղեկատվություն ստանալու եւ անցյալի, ներկայի ու ապագայի հետ ազգայնորեն առնչվելու նպատակով:
Մեր շնորհակալական խոսքն ենք հայտնում թերթի բոլոր նվիրյալներին, բարեկամներին եւ ընթերցողներին՝ «Լուսանցք»-ի աշխատակազմին աջակցելու եւ մեր աշխատանքը գնահատելու համար: Մեկ անգամ եւս հավաստում ենք, որ թերթը կմնա իր դիրքերում եւ կշարունակի լուսաբանել ինչպես առօրյան, այնպես էլ քողազերծ կանի պատմական անցյալի արգելափակված թեմաները եւ կառաջարկի ապագայի իր տեսլականը: Սա է պատճառը, որ «Լուսանցք»-ը դարձավ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) հիմնադիրներից մեկը եւ հայոց հավատի՝ արիադավանության քարոզիչը հայկական զլմ-ների  շարքում:

«Լուսանցք»-ի խմբագրակազմ

«Լուսանցք»-ի ծննդյան 3-ամյակը շնորհավորում են Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը եւ բազմաթիվ ընթերցողներ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Սփյուռքից…

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։