Բերմանի գրասենյակն արագ արձագանքել է հանրապետական կոնգրեսականի տարածած ապատեղեկատվությանը: Հայտարարություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է. «Ես երբեւէ չեմ արտասանել այն բառերը, որոնք ինձ վերագրում է պարոն Ֆոքսը: Թե մասնավոր, թե հրապարակային զրույցներում հետեւողականորեն հայտարարել եմ, որ բանաձեւը կմտնի լիագումար նիստ, երբ հավաստիանանք, որ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը սատարում է բանձեւը»:
Այս մեկնաբանություններից հետո «Հուրիյեթ»-ի լրագրողներին Ֆոքսի հետ կապվել չի հաջողվել:
Վահագն Նանյան
Թուրքից զգուշանալ պե՛տք է
Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ երկրից ապօրինի բնակվող հայերին վտարելու մասին հայտարարության առումով Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը ասել է. «…Ի տարբերություն հայաստանցիների, Թուրքիայի հայերը խուճապի չեն մատնվել, նրանք վստահ են, որ Էրդողանը չի վտարի իրենց»:
Նա նաեւ ավելացրել է, որ հայերի նկատմամբ որեւէ ճնշում Թուրքիայում չկա: «Ընդհանրապես թուրքական քաղաքագետներն իրենց երկրում ապրող հայերին զանազանում են դրսում ապրող հայերից»,- ասել է Ռ. Հատտեճյանը: Նա նշել է, որ 2 երկրների համար էլ մոտ ապագայում մերձեցումը դյուրին չի լինելու, քանի որ երկուսն էլ նախապայմաններ ունեն. «Թուրքիայի համար նախապայմանը Ղարաբաղի հարցն է, Հայաստանի համար՝ ցեղասպանության հարցը»:
Սակայն, մեր ազգակիցները Թուրքիայում պետք է միշտ զգույշ լինեն: Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպված էր ոչ միայն թուրք ազգայնամոլների, այլեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ կարող էր նաեւ զանգվածային բնույթ կրել…
Դինքի սպանությունից հետո ոչ միայն հայերը, այլեւ թուրքերն ու քրդերը փողոց դուրս գալով վանկարկում էին. «Մենք հայ ենք, մենք Հրանտ Դինք ենք»: Բայց, կարճ ժամանակ անց, հասկանալի դարձավ, որ այդ բոլորը թուրքական կողմն էր նախաձեռնել՝ աշխարհին իբր մարդկային դեմքով նոր Թուրքիա ցուցադրելու համար: Իբր այս սպանությունը նպատակային չէ եւ Թուրքիայից վախենալու հարկ չկա: Բայց…
Արմասն Դավթյան
Վախենու՞մ է թուրքը
Եվրախորհրդարանում կազմակերպված քրդական կոնֆերանսում, ի թիվս այլոց, ելույթ է ունեցել նաեւ թուրք լրագրողուհի Էջե Թեմելքուրանը:
Նա ելույթում ասել է. «Ոչ ոք Թուրքիան չի կառավարում, ոչ թուրքական, ոչ էլ քրդական կողմը: Միակ բանը, որ ղեկավարում է Թուրքիան, դա վախն է»: Նրա համոզմամբ, դեռ կարիք կա, որ թուրքերն ու քրդերը միմյանց էլ ավելի լավ ճանաչեն:
Նշվել է, որ 100 տարի չլուծված 2 հիմնախնդիրները՝ հայկական եւ քրդական հարցերը, թուրքերը վճռել են 1 շաբաթում լուծել: Ստեղծված իրավիճակից էլ թուրքերն սկսում են վախենալ ու Թուրքիայի մասնատվելու սարսափից էլ դիմում են ծայրահեղ ազգայնականությանը:
Ուստի, կարծես շուտով հրատապ կդառնա հայկական հարցը քրդականից զատելը, քանի որ խոսքը ոչ միայն մարդկային եւ ազգային իրավունքների մասին է լինելու, այլ՝ Թուրքիայի հնարավոր մասնատումից հետո՝ Արեւմտյան Հայաստանի տարածքների…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 11 (142), 2010թ.



