Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր եւ ոչ հակառակը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելեց նաեւ Դեյր Զոր եւ ասաց. «Այսօր ես այստեղ եմ, որովհետեւ պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առեւտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետեւ դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարեւորը՝ հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը՝ կյանքը՝ համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի»:
ՀՀ նախագահի կարծիքով, մի շարք պատմաբաններ ու լրագրողներ հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ՝ ասելով. «Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Բայց այս առումով ՀՀ նախագահը կարծում է, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձեւակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր… Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին»:
Եվ Սերժ Սարգսյանը հստակեցնելով իր խնդիրը նշեց. «Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»:
Այսքանից հետո, ՀՀ նախագահը դեռ պատրաստակամ է եւ ասում է. «Մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ եւ տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ վստահություն ձեւավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել երկու հասարակությունները՝ ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում: Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետեւ համոզված ենք, որ հարեւան ժողովուրդներն ապրելու եւ զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրեւ սկիզբ»:
Իհարկե, հասկանալ կարելի է ՀՀ նախագահի հային սրտամոտ ելույթը եւ միջազգային հանրությանը բավարարող տեսակետների համադրումը հայկական նպատակներին: Սակայն, կարծում ենք, դա բավարար չէ հայ հանրությանը համոզելու, որ «թուրքը էլ էն թուրքը չէ», քանզի հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ Անկարան ոչ միայն նախապայմաններ է առաջադրում Թուրքիայի համար, այլեւ հանուն իր եղբայր Ադրբեջանի՝ նախապայմաններ է առաջադրում նաեւ երրորդ կողմի համար:  
Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ բարձրաձայնել է. «Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. «Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել»: Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ: Մեզ այլեւս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ ե՛ւ մեր, ե՛ւ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը… Եվ այստեղ, Դեյր Զորում մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»: Եվ չնայած նախագահի այս խոսքերին, միեւնույնն է, հակառակ կողմից փոխըմբռնման քայլեր չեն կատարվում:
Ընդհակառակը, Բաքուն այսօր վերստին ուժգնացրել է «պատերազմ հրահրելու» կոչերը եւ դա անում է Անկարայի անթաքույց աջակցությամբ: Իհարկե, ՀՀ նախագահը ոչ մեկ անգամ նշել է, որ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի խնդրի կարգավորման հարցերը չեն կարող առնչվել հայ-թուրքական հարաբերությունների հետ,
այնուամենայնիվ վտանգը կա…
Եվ իզուր չէ, որ ինչպես Արցախ-ԼՂՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում արցախյան պատերազմի մասնակից կամավորականները արդեն քանի անգամ հանդիպումներ են կազմակերպել եւ կազմակերպական խնդիրներ են առաջ քաշել: Այո՛, «խաղաղություն ես ուզում, պատրաստվի՛ր պատերազմի»:
Հայաստանը Վրաստան չէ իհարկե, որ մի կատակ-հաղորդումից (իբր հարձակվել են Վրաստանի վրա), հոգեբանորեն կազմաքանդվի, բայց պետք է հաշվի առնվի, որ թուրքերն ու ադրբեջանցիները ծայրահե
ղ լարված են միջազգային եւ ներազգային տարաբնույթ ճնշումներից:

Եթե ՀՀ իշխանությունները կարողանան այդ ճնշումներից զերծ պահել ցեղասպանության ճանաչումից խուսափելու առաջադրված գործելաոճը, հեռու մնալ ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գայթակղությունից եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցը անիմաստ քննարկելուց, ապա Անկարան գուցեեւ ինքը խուսափի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից եւ հայությանն ազատի այդ հարցում առաջացած տարաձայնությունների հետեւանքով լուրջ պառակտումներից: Իսկ դա շատ անհրաժեշտ է մեզ, քանի որ Հայոց արեւելյան տարածքների ազատագրումից զատ դեռ արեւմտյան տարածքների հարցն է հասունանալու…
Իսկ Թուրքիայում ներքին գաղթը հասել է ահռելի չափերի: 2009թ. երկրի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններից դեպի արեւմտյան շրջաններ է տեղափոխվել 5,5 միլիոն մարդ: Արեւելյան շրջանների բնակչությունը հիմնականում գաղթում է Մարդինից, Շանլըուրֆայից, Վանից եւ Աղրըից՝ բնակություն հաստատելով Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մերսինում, Քոջաելիում, Բուրսայում եւ Մանիսայում: Արեւելյան շրջաններից տեղափոխությունների գլխավոր պատճառներն են գործազրկությունը եւ ցածր կենսամակարդակը, սակայն դա էլ է բավարարում մեզ, քանի որ Արեւմտյան Հայաստանը դատարկվում է…
Պետք է հաշվի առնել այս իրողությունը եւ այն, որ թուրքական իշխանությունների բարձրաձայնած 70 հազ. օրինական եւ 100 հազ. անօրինական հայերին կարող է ոչ թե վտարեն երկրից, այլ՝ թուրքավարի հարցերը լուծեն: Կա նաեւ ծպտյալ հայերի հանգամանքը: Սակայն, այս ամենը միայն մեզ չի մտահոգվելու տեղիք տալիս: Կարծում ենք, որ հայտնի եւ ծպտյալ հայերի (շուրջ 8-9 մլն) գոյությունը առավել մտահոգում է թուրքերին…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (142), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։