Հիշեցենենք, որ օրերս Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի էին ունեցել ուժգին պայթյուններ, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել էր 39-ի, իսկ 73-ն էլ վիրավորվել էին: Այս թվերը պարբերաբար ճշգրտվում էին:
Միաժամանակ ՌԴ Անվտանգության ֆեդերատիվ ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Մեդվեդեւի մոտ հրավիրված արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե պայթյունների հետեւում կանգնած են հյուսիս-կովկասյան շրջանին մոտ կանգնած ահաբեկչական խմբավորումներ:
«Դա հիմնական վարկած պետք է դիտարկել»,- ասել է Ա. Բորտնիկովը:
«Ինտերֆաքս»-ը հաղորդել է, որ ՌԴ իրավապահ մարմինները նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կին մահապարտի մարմնի մասեր: «Նախնական տվյալների համաձայն` 2 կանայք կապ են ունեցել Հյուսիսային Կովկասի տարածաշրջանի հետ»,- նկատել է ՌԴ ԱԴԾ տնօրենը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հերթին իրավապահ մարմիններին հանձնարարել է խստորեն վերահսկել երկրում իրավիճակը, որպեսզի ապակայունացում չլինի:
ՌԴ նախագահը նաեւ կառավարությանն է հանձնարարել վերլուծել տրանսպորտային անվտանգության ապահովման համակարգը երկրի մասշտաբով, օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին եւ վիրավորներին:
Անի Մարության
Թուրքական ընդդիմությունը գիտի անելիքը
Թուրքական մեջլիսի ամենամեծ խորհրդարանական ընդդիմություն կազմող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատելով թուրքական իշխանությունների գործելաոճը, անդրադարձել է վարչապետ Թայիփ Էրդողանի` հայերին վտարելու մասին տխրահռչակ հայտարարությանը:
Թուրք ընդդիմադիր գործիչը նշել է. «Պարոն վարչապետը չի խոսում գործազրկությունից, չի խոսում աղքատությունից, չի խոսում քաղցած անկողին մտնող երեխաներից: Պարոն վարչապետը կարծես թե այլ երկրի վարչապետ է, կարծես թե բոլոր թվարկված հարցերը լուծել է եւ այժմ էլ ուրիշ խնդրով է սկսել հետաքրքվել: Այդ իսկ պատճառով էլ հայերին արտաքսելու մասին խոսելը անտակտություն էր»: Իսկ այդ կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալն ասել է, թե «հայկական ու քրդական հարցերը Թուրքիայի գլխին փորձանք են բերել»: Նա կուսակցական ժողովի ժամանակ ելույթ է ունեցել հայկական ու քրդական հարցերի վերաբերյալ: Դ. Բայքալը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների հռչակած այն քաղաքական կուրսը, որը հետամուտ է հայերի ու քրդերի հետ առկա խնդիրները վերացնելուն: Ընդդիմադիր այս գործչի հիմնավորումն այն է, որ Անկարան դեռեւս պատրաստ չէ նման կարգավորման գործընթացների, դեռ չի ձեւավորել դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: «Հայկական ու քրդական կարգավորման գործընթացները Թուրքիայի գլխին փորձանք բերեցին, Թուրքիային նեղը գցեցին: Սխալ քաղաքականություն է տարվում այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Թվում է` թուրքական ընդդիմությունը հայկական (նաեւ` քրդական) հարցում ինչ-որ տարբերություն ունի իշխանություններից, սակայն, այդպես չէ` նրանք միայն ավելի լավ են ուզում պատրաստվել… եւ ոչ թե միայն հակահայկական հայտարարություններ անել:
Վահագն Նանյան
Անկարան ձեռք չի քաշում Վաշինգտոնից
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ըստ թուրքական զլմ-ների, Քլինթոնն ու Դավութօղլուն հանգամանորեն քննարկել են Միացյալ Նահանգներում առկախ մնացած Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը: Բացի այդ անդրադարձ է կ
ատարվել նաեւ Մերձավոր Արեւելքի, Իրանի եւ Իրաքի խնդիրներին:
Անկարան խնդիր է դրել` մինչեւ ապրիլի 24-ը չեզոքացնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Վահագն Նանյան
Իսրայելը կարող է, Պակիստանը կարող է… Իրանը՝ ո՞չ
Ամերիկացի զինվորական գեներալը հայտարարել է, որ ատոմային զենք արտադրելու Իրանի մտադրությունը մի փոքր ժամանակավրեպ է: «Այս տարի Իրանը չի ունենա ատոմային ռումբ»,- Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության գլխավոր շտաբի ղեկավար Դեւիդ Պետրեուսը:
Սակայն, այս հարցը հանգիստ չի տալիս հատկապես Վաշինգտոնին եւ Թել Ավիվին:
Եթե Իրանը դառնա «ատոմային» պետություն, ապա լրջորեն կխառնվեն ոմանց գծած տարածաշրջանային խաղաքարտերը:
Թուրքիան նույնպես ամեն ձեւով ձգտում է հասնել իր տարածքում գոնե մեկ ատոմակայանի կառուցմանը:
Այնպես որ, Հայաստանը պետք է լրջորեն մտորի եւ՛ եղած ատոմակայանի վերազինման եւ՛ նորի կառուցման եւ՛ առհասարակ «ատոմային» ամենատարբեր հարցերով:
Գերզինվածությունը այսօր էլ գերխնդիր է…
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 12 (143), 2010թ.



