Խորհուրդ Ամենայնի
Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈւԹՅԱՆ մեջ,
Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:
Եղավ Մե՛ծ Պայթյուն – Մե՛ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:
Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,
Եվ շարժման մեջ դրվեց հստակ պատկերը՝
Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:
Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ
Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,
Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,
Տիեզերական Բնության Մարմնի:
Եվ գոյանում են մարմիններ տարբեր
Տիեզերական թելիկներով ձիգ,
Բոլոր կողմերից նայում դեպի վեր,
Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:
Մոլորումը՝ վախճանն է դաժան,
Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի
Ձեւափոխում է ուժի՝ ավերման,
Ու կործանվում է մարմինն անարժան:
Կործանումը՝ ծնունդն է նորի՝
Մաքուր, անարատ Բնության Մարմնի,
Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,
Կրելով իր մեջ ԱՍՊ-ն* անմեկնելի:
Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,
ԱՐԱՐՈւՄՆԵՐԻ շղթայում անվերջ,
Կրկին ծնվում է նա, ով ապրում է
Տիեզերական Լույս-Բնության մեջ:
*ԱՍՊ – Ամենայն Ստեղծի Պատմություն
ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում, եւ Առաջին ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը, ԱրՄանը կամ ԱրՄենը…
Խորհուրդ Արարումի
Այն պահից ի վեր, երբ ԱՐԱՐՎԵՑ Տիեզերքն անծայր,
Եվ ԱՐԱՐԻՉՆ էլ, շունչ տալով Մարմնին, ձուլվեց նրա մեջ՝ որպես Լույս-Ճրագ,
Այդժամ հուրհրաց Սիրո Կրակը անհունության մեջ,
Եվ Ջերմությամբ իր տարածեց կյանքեր՝ անսկիզբ ու անվերջ:
ԱՐԱՐՉԻ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐՈւՄՆ է լոկ Սկիզբը միակ,
Եվ այն էլ անսկիզբ եւ դարձյալ անվերջ ու աներեւույթ Անեզրության մեջ,
Իսկ նոր սկիզբը վերջն է սկզբի կամ սկիզբն է վերջի,
Եվ հավերժական է Խորհուրդն այս անխախտ՝ կյանքի ու մահի:
Խորհուրդ Ծնունդի
Այն պահից ի վեր, երբ սրտաձեւ Սիրո Կրակները բյուր
Մարմիններ դարձան Ուղեղ-Թաղանթով՝ կյանքով պարուրված,
Երկիրն էլ որպես Մոլորակ-Էակ, իր պահապանին՝
ՀԱՅ-ին ունեցավ՝ Երկնի ու Երկրի երկունքից ծնված:
Եվ երկունքից այդ որպես զույգ կրծքեր,
ԱՐԱՐատը եւ ԱՐագածը վեհ դարձան կաթնատու աղբյուրների լեռ,
Իսկ սուրբ Մայր-Հողը նրանց մեջ ընկած՝
Դարձավ օրորոց՝ Բնօրրան ծաղկած, ՀԱ՛ՅՔԸ ՓԱՌԱՊԱՆԾ……
Խորհուրդ Խոկումի
ԱՐԱՐԻՉ – ԱՄԵՆԱՅՆ ԷՈւԹՅԱՆ ԷՈւԹՅՈՒՆ,
ԱՐԱՐԻՉ – Տիեզերք ու Բնություն,
ԱՐԱՐԻՉ – Կենաց Բնարմատն Արարման,
ԱՐԱՐԻՉ – Կյանքի ու Մահի ԴՈւ Սահման.
Տիեզերք – Մարմնավորումն ես ԱՐԱՐՉԻ,
Տիեզերք – Եզերքներ Դու անհամար,
Տիեզերք – Աստվածների Դու Օրրան,
Տիեզերք – Բնական Երկինքներ Ոգիների.
Բնություն – ԱՐԱՐՉԻ Կատարյալ Արարմունք,
Բնություն – Կատարյալի Սիրո Պաշտամունք,
Բնություն – արտացոլանք Դու Տիեզերքի,
Բնություն – հայտնություն անհայտի.
Սեր – միջուկ դու Տիեզերական,
Սեր – հավերժություն ես Բնության մեջ,
Սեր – Բանականը Բնականի,
Սեր – դու կյանքի թել մարդկային.
Մարդ – ծնունդն ես Վեհ Սիրո,
Մարդ – Աստծո դեմքով դու մարդ,
Մարդ – Արարած դու Երկրային,
Մարդ – ժամանակ կյանք ու մահի.
Կյանք – Արարման մի ակնթարթ,
Կյանք – քայքայումն ամենայնի,
Կյանք – արթմնի մի երազ,
Կյանք – շարունակություն դու մահի.
Մահ – դու կյանք Տիեզերական,
Մահ – ձուլման միջոց Բնության հետ,
Մահ – նյութ-ճակատագիր անխուսափելի,
Մահ – սկիզբ Հոգու ծննդի.
Ծնունդ – Գերերեւույթ Արարչական,
Ծնունդ – ճիչ մի նոր կյանքի,
Ծնունդ – պայքար Առաքելության,
Ծնունդ – նոր Զարթո՛նք դու հնի…
* * *
Արարչականչ
Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,
Տե’Ր ամենայնի, Տե’ր շա՛տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՛ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ` ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ, Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՛ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի’ր – ՏԵ’Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի…
* * *
Աստվածականչ
Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…
Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա’տ հզոր ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դու’ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ, Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել: Աստվածներ Արի, Դու’ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ անարժան Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ, Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր… Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս, Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ, Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի… Նորից հե’տ եկեք, տուն վերադարձե’ք, – հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր – իրար կապեցե’ք:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 12 (143), 2010թ.
* * *
Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր
Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
Տիեզերքի հեռաստաններում…
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան
* * *
Ձոն Արարչին
- Տ Ե Ր
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,- – Կանչը մեր հոգու, – Զարկերը՝ սրտի, – Միտքը՝ ուղեղի, – Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի… - Տե՛ր Ամենայնի:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
07.11.2010թ. – ք. Երեւան
* * *
ՀԱՅԱ… որ ՀԱՅ էս
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային՝‘
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր՝ Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
Եվ արդ՝ թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ… ՀԱՅԱ. –
Ակունքը՝ Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան




Armenian