Շաբաթվա մարզական կյանքից

Առայժմ 2-րդն ենք
Հայաստանի ռեգբիի հավաքականը հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի 2010թ. ազգերի գավաթի խաղարկության «Դ» դիվիզիոնի «Ա» խմբում: Աբովյանի քաղաքային մարզադաշտում մեր ռեգբիստները 26:17 հաշվով հաղթեցին Անդորայի հավաքականին:
Հայաստանի ռեգբիի հավաքականի հանդիպումները գավաթի խաղարկությունում` Սերբիա-Հայաստան` 0:41, Հայաստան-Շվեյցարիա` 35:15, Անդորա-Հայաստան` 36:10, Հայաստան-Լիտվա` 19:24, Լիտվա-Հայաստան` 25:0, Շվեյցարիա-Հայաստան` 18:0, Հայաստան-Անդորա` 26:17:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լիտվան, Հայաստանը 2-րդն է, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերում են Սերբիան, Շվեյցարիան եւ Անդորան:

Շախմատային խճանկար
Դուբայում 12-րդ անգամ մեկնարկեց շախմատի ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում են 32 երկրների 153 շախմատիստ-շախմատիստուհիներ, այդ թվում 36 գրոսմայստերներ, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանը: Դրանք են Գաբրիել Սարգսյանը, ով իր վարկանիշով առաջինն է մրցաշարում, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարարական մրցակարգով, 9 փուլով:

* * *
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 150 մասնակիցների շարքում գրավեց 7-րդ տեղը:  7,5 միավորով 1-ին մրցանակը նվաճեց կուբացի միջազգային վարպետ Արամիս Ալվարես Պեդրազան:

* * *
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ամերիկյան Ֆիլադելֆիայում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 127 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը: 7 միավորով 1-ին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Գատա Կամսկին, ով նույնպես հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո:

Նոր մրցաշար
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող բռնցքամարտի միջազգային անդրանիկ մրցաշարը:
Մասնակցում են 9 երկրների 14 թիմեր: Դրանք են Հայաստանը (ներկայացել է 3 թիմով), Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան (երեքն էլ 2-ական թիմով), Բելառուսը, Բուլղարիան, Իրանը, Ղազախստանը, Մոլդովան: Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրավերներ էր ուղարկել նաեւ Գամբիայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի եւ Ուզբեկստանի ֆեդերացիաներին, սակայն այդ երկրների ներկայացուցիչներն այդպես էլ չժամանեցին Երեւան:
Մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 10-ին, եզրափակիչ մենամարտերից հետո:

Քառյակը հայտնի է
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի` «Ուլիս»-«Գանձասար» պատասխան խաղում գրանցվեց 2:0 հաշիվ` օգուտ «Ուլիս»-ի: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք (1:1):
Երեւանի «Փյունիկ»-ը Դիլիջանում հաղթեց տեղի «Իմպուլս»-ին` 1:0: Առաջին խաղը նույնպես ավարտվել էր «Փյունիկ»-ի հաղթանակով, նույն հաշվով:
«Բանանց»-ը 3:0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Առաջին հանդիպումը ավարտվել էր` 1:0), իսկ «Կիլիկիա»-ն 0:1 հաշվով զիջեց «Միկա»-յին: Առաջին խաղում «Միկա»-ն նույնպես հաղթել էր` 3:0):
Այսպիսով, կիսաեզրափակիչ մտան «Փյունիկ»-ը, «Միկա»-ն, «Ուլիս»-ը եւ «Բանանց»-ը: Քառյակն էլ այս տարի Հայաստանը կներկայացնի Եվրագավաթներում, քանի որ նման իրավունք արդեն ունեին անցած տարվա առաջնության մրցանակակիրները («Փյունիկ», «Միկա», «Ուլիս»): «Բանանց»-ը այդ ուղեգիրը նվաճեց, քանի որ անցած տարի զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ այս տարվա գավաթին կտիրի հենց 1-4-րդ տեղերը գրաված թիմերից որեւէ մեկը

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 13 (144), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։