Հայաստանը կարո՛ղ է տարածաշրջանային կենտրոն դառնալ երեք հիմքերով


Տարածաշրջանային հնարավոր նոր զարգացումները կարող են հանգեցնել հրատապ ռազմավարական-քաղաքական գործողությունների, որը պաշտոնական Երեւանին կմղի նոր քայլերի, ինչը պետք է հնարավորինս համադրելի լինի տարածաշրջանային տարբեր ուժերի համար: Այդ քայլերը նաեւ պետք է նորովի լինեն, նոր հարցադրումներով, ինչը առավել հետաքրքրական կդարձնի Երեւանի առաջարկները: Այդ նպատակով, կարծում ենք, ՀՀ իշխանությունները ունեն ծրագրեր, բայց պետք է տարաբնույթ ծրագրեր ունենան` եւ՛ Կովկասյան եւ՛ Մերձավորարեւելյան տարածաշրջանների համար:
Պայմանականորեն բնութագրելով մեր որոշ հնարավոր առաջարկներ, ասենք, որ պետք է փորձել նաեւ Հայաստանը դարձնել պատմա-գաղափարական, ռազմա-քաղաքական եւ մշակութա-հավատամքային կենտրոն:


1. Պատմա-քաղաքական կենտրոն կարելի է ձեւավորել Համակովկասյան Տան ստեղծմամբ: Այս կենտրոնը կարող է ստեղծվել տարածաշրջանի ազգերի բնիկության հենքի վրա, ուստի՝ պատմա-քաղաքական գաղափարի վրա ստեղծվելիք կենտրոնը կարող է ներառել ինչպես տարածքի պետություններին, այնպես էլ պետականազուրկ բնիկ ազգերին:
2. Ռազմա-քաղաքական կենտրոնը կարող է ձեւավորվել Մերձավոր Արեւելքի ու այս շրջանին սահմանակից պետությունների ընդհանուր շահերի (հատկապես՝ քաղաքական եւ տնտեսական) հենքի վրա:
3. Մշակութա-հավատամքային կենտրոն կարող է ստեղծվել համաարիականության հիմքի վրա` ի հակակշիռ տարբեր մշակութա-հոգեւոր տեսություններին:
Իսկ մինչ այդ պետք է հստակեցնել հայկական դիրքորոշումները հնարավոր այս 3 կենտրոնների երկրների ու ազգերի հետ:

1. Այսրկովկաս (Հարավային Կովկաս)
 – Վրաստանի հետ պաշտոնական Երեւանը պետք է հաստատի բարիդրացիական հարաբերություններ, սակայն, արդեն կարիք չկա ցուցաբերել հատուկ վերաբերմունք՝ հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական դիրքը: Այդ դիրքը իրեն սպառել է Մոսկվա-Թբիլիսի տարաձայնությունների պատճառով: Ինչքան էլ հիմա բանակցություններ են ընթանում դա կարգավորելու ուղղությամբ, առայժմ Վրաստանի՝ մեզ համար տարանցիկ ճանապարհ լինելը դեռ հարցականի տակ է: Ուստի՝ ուժեղ եւ միասնական Վրաստանի առկայությունը այս պահին գոնե շահեկան չէ Հայաստանի համար, հատկապես, երբ այդ երկիրը հակաթյուրքական ճակատում չէ: Այսրկովկասում անհրաժեշտ է, որ դերակատարություն ունենա մեկ պետություն, որը տարածքային ծավալումներում կենտրոնական դիրքում կլինի եւ այդպիսի դիրք կունենա նաեւ աշխարհի ուժեղների նպատակների իրագործման մեջ: Դա ամեն գնով Հայաստանը պետք է լինի եւ այսօր Վրաստանին պետք չէ հնարավորություն տալ վերականգնելու իր տարանցիկ երկրի կարգավիճակը:
Չի բացառվում, որ հանգամանքների բերումով (եթե ոչ մեր կամքով) առաջանա Ջավախքի անկախության հարց, ինչպես Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքերում, որը Թբիլիսին ամեն կերպ կփորձի չեզոքացնել: Ջավախքի (Նինոծմինդա-Ախալքալաք-Ախլցխա (իրենց գյուղերով ու հարակից տարածքներով)) հարցը հասկանալի պատճառներով առավել հեշտ լուծում կստանա, քան՝ Արցախինը, խնդիրը ժամանակի ու նպատակահարմարության մեջ է: Ուստի՝ անհրաժեշտ է արագորեն բազմակողմանի հարաբերություններ հաստատել Աբխազիայի, Աջարիայի եւ Հարավային Օսիայի հետ (թեկուզ ՀՀ մարզերի մակարդակով, Արցախ-ԼՂՀ-ն նույնպես՝ որպես անկախ պետություն), իսկ Վրաստանում պետք է հետեւել վիրահայոց գործոնի աշխուժացմանը: Վրաստանի հայկական համայնքը անհրաժեշտ է, որ լինի հզոր եւ ունենա դերակատարություն վրացիների ու մյուս ազգերի միջեւ առկա հիմնահարցերը հարթեցնելու, միջնորդ լինելու առումով:
Վերոնշյալ խնդիրները վաղ թե ուշ լուծելու կարիք ունենալու են (եթե այսօր անհավանական են թվում), քանի դեռ Վրաստանը չի դարձել Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Իսկ դա չի կարող առայժմ լինել, մինչեւ Վրաստանը չազատվի տարածքային բաժանումների (որն անխուսափելի է) հարկադրանքից, ինչն էլ ստիպելու է «ցայտնոտի» մեջ ապավինել այս կամ այն ուժին, որը տարաբնույթ վտանգներ է առաջացնելու տարածաշրջանում:
Իսկ Վրաստանի ներքին կյանքի կայունությունը կախված է ոչ միայն ինքնավար ու անջատողական հակվածությամբ շրջանների (նաեւ՝ ներվրաստանյան՝ Սամեգրելոյի, Գուրիայի եւ Իմերեթիայի ինքնավարություններ) ձեռնարկած իրավական-քաղաքական քայլերից, այլեւ՝ նեղէթնիկական (սվաններ, մեգրելներ, իմերեթցիներ, գուրիացիներ, լեզխումցիներ եւ այլք) հնարավոր զինված բախումներից: Հատկապես Ջավախքի անջատման պարագայում պետք է լրջորեն քննարկել Աջարիայի հետ (համադաշնորեն, ծովային սահմանով) անկախանալու երկուստեք շահավետ տարբերակը: Ուստի՝ Վրաստանը նաեւ կայուն հեռանկարով հարեւան չէ, իսկ նշյալ բոլոր գործոնները նրան մղում են այն ռազմաքաղաքական թեւը, որտեղ մեր հակառակորդներն են:
- Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվել պարբերաբար զինադադարի (գուցե նաեւ՝ չհարձակման պայմանագրային) քաղաքականությամբ, քանի որ այդ երկրի հետ ցանկացած համագործակցություն ժամանակավոր եւ հարաբերական բնույթ է կրելու: Արցախի ու Նախիջեւանի հարցերից բացի առկա է փոխադարձ խոր թշնամանք (հայերի ջարդեր, տեղահանություններ եւ այլն) ու էլի տարածքային խնդիրներ: Ադրբեջանի գոյությունը (ինչպեսեւ՝ Թուրքիայի) մշտապես վտանգ է ներկայացնելու մեր պետականության համար, ուստի՝ հայ-ռուսական եւ հայ-իրանական, նաեւ՝ այս երկրների եռակողմ հարաբերություններում պետք է քննարկվեն Ադրբեջանի «եռատման» տարբերակները:
Պատմական Հայաստանի տարածքներից բացի, մյուս տարածքները որոշակիորեն կարելի է «զիջել» Ռուսաստանին եւ Իրանին՝ օգտագործելով կովկասյան (ՌԴ-ի պարագայում հատկապես Դաղստանի ազգությունների միջոցով) եւ արիական-հնդիրանական ազգերի հակաադրբեջանական (հակաթուրքական) գործոնը: Ադրբեջանը ներսից քայքայելու ծրագիրը գուցե երկարաժամկետ է, սակայն` իրականանալի: Մեր հեռանկարային ռազմավարական ծրագրում չպիտի լինի նույնիսկ փոքրիկ Ադրբեջանի գոյության հանգամանքը, որը կարող է հնարովի մեծ Ադրբեջանի պատրանքը պահել Հայաստանի ու Իրանի (իրանական երկու Ադրբեջանների) անվտանգության ոլորտներում:
Կասպիցծովյան ավազանի պարագայում պիտի զարգացնել նաեւ առկա ադրբեջանա-թուրքմենական հակասությունը, եւ ռուս-ադրբեջանական ու ղազախա-ադրբեջանական հակասության հեռանկարը: Պետք է առավելագույնս, ըստ նպատակահարմարության, արծարծվեն լեզգինների (Լեզգիստան), թալիշների (Թալիշ-Մուղանյան հանրապետություն) եւ այլ ազգությունների հետ առնչվող հիմնախնդիրները, նաեւ քրդերի ու այլազգերի ուծացման հարցերը:  
Այսրկովկասյան լուրջ եւ հաստատուն համագործակցություն երբեք չի եղել, առավել եւս՝ հետայսու չի էլ լինելու: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան «համերաշխ կապ»-ը կեղծ է, «ուտոպիա» է, որը շահարկում են աշխարհի ներկա հզորները, դա ամբողջապես չի գործել նույնիսկ խորհրդային «եղբայրական» բռնակալության տարիներին: Սակայն, չի բացառվում Հայաստանի ու նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներում արդեն գոյություն ունեցող ու ստեղծվելիք պետական տարաբնույթ կազմավորումների հետ համատեղ Կովկասյան Տան ստեղծումը, որի կազմում, մինչեւ Հայաստանի հետ միավորվելը, կարող են լինել նաեւ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի անկախ հանրապետությունները: Կովկասյան Տունը կարող է ձեւավորվել Հյուսիսային եւ Հարավային Կովկասների երկրների ու ազգերի ներգրավմամբ:

2. Կովկաս (Հյուսիսային Կովկաս)
- Մեզ այսօր ձեռնտու է Կովկասի երկրների ու ազգերի հետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության կազմում, ընդ որում` ամենալայն ինքնավարությամբ: Թերեւս բացառություն կարելի է անել միայն Հյուսիսային Օսիայի (Ալանիայի) հարցում (հնարավոր է նաեւ երկու Օսիաների միավորումը): Սակայն, մյուս երկրների ու ազգերի անկախության ձգտման պարագայում, այնուամենայնիվ, Հայաստանը չպետք է մերժողական դիրք գրավի: Բնական ու հայրենատիրական ոչ մի պայքար չպետք է մերժվի Արարչաստեղծ Հայության կողմից:
 – Օսերը, ինչպես հայտնի է, արիական ծագում ունեն եւ դրանով ու առկա հիմնախնդիրներով (նաեւ՝ տարածքային) մեզ շատ մոտ են ու Վրաստանի ու Ռուսաստանի Դաշնության «արանքում» կարող են մեզ հետ փոխշահավետ գործակցել: Միացյալ Օսիան (Ալանիան) անառիկ պարիսպ կլինի նաեւ «ծովից ծով» կովկասյան մահմեդական համադաշնության ճանապարհին (Դաղստան, Չեչնիա (Իչքերիա), Ինգուշիա … Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերքեզիա, Աբխազիա), որը կտրում է Կովկաս-Այսրկովկասը Ռուսաստանի Դաշնությունից եւ թուլացնում է նաեւ Հայաստանի ռազմաքաղաքական դիրքերն ու աշխարհաքաղաքական նշանակությունը: Այս համամահմեդական դաշնությունը կարող է նպաստել նաեւ համաթուրքական ճակատի կայացմանը, ինչը կրկնակի կբարդացնի Հայաստանի վիճակը տարածաշրջանում եւ՝ առհասարակ: Ուստի՝ Հյուսիսային Կովկասի հնարավոր տարանջատումը պետք է հեռահար քննարկվի համահայկական հայեցակարգում:
Օսիայից բացի, մնացած ինքնավար հանրապետությունների հետ (Ռուսաստանի Դաշնության կազմում) ՀՀ-ն պետք է վարի բազմաձեւ քաղաքականություն:
 – Դաղստանի հետ անհրաժեշտ է համագործակցել այնտեղ բնակվող ավելի քան 60 ազգությունից յուրաքանչյուրի հետ՝ ստեղծելով առանձնակի հարաբերություններ՝ ըստ նրանց հայաստանամետության կամ հակաադրբեջանական գործոնի (հատկապես՝ Ադրբեջանի մասնատման պարագայում. լեզգիներ, թաթեր եւ այլք):
- Չեչնիայի (Իչքերիա) եւ Ինգուշիայի հետ պետք է հարաբերությունները կառուցվեն նրանց եւ մեր բնիկության կարեւորության տեսանկյունից, որոնք կլինեն վերկրոնական հարաբերություններ՝ հայրենիքի կառուցման գաղափարով շաղախված: Այսինքն՝ իրենք կովկասյան բնիկներ են, մենք՝ Հայկական լեռնաշխարհի, եւ յուրաքանչյուրս մեր հայրենիքի տերն ենք ու պատմական-իրավական ժառանգորդը: Վերկրոնական ու բնիկության քաղաքականությունը պետք է արմատավորվի առհասարակ բոլոր ազգերի հետ հարաբերություններում: Այն հատկապես պետք է դիմագրավի համաթուրանականությանը (պանթուրքիզմ), ինչը որեւէ կապ չունի մահմեդականության հետ, եւ հիմնավորի թյուրքալեզուների (հատկապես՝ թուրք-ադրբեջանցիների) ապօրինի ներխուժումը մեր տարածաշրջան, որի թուրքացման վտանգն արդեն առկա է եւ սպառնում է տարածաշրջանի բոլոր բնիկներին, այդ թվում՝ կովկասցիներին: Անհրաժեշտ է Չեչնիայի եւ Ինգուշիայի հետ ներռուսաստանյան հարցերում ներգրավել ռուսաստանաբնակ հայ հանրությանը, պետական ու քաղաքական գործիչների, որոնք, միջնորդի դեր կատարելով, իսկապես կմեղմեն առկա լարվածությունը: Առհասարակ, նման քաղաքականություն հայերը պետք է կիրառեն բոլոր հանրապետությունների եւ Մոսկվայի հետ փոխհարաբերություններում:
- Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաեւո-Չերքեզիայի, նաեւ՝ Ադըղեյի ու Կալմիկիայի հետ հարաբերություններում կարելի է առաջնորդվել ակտիվ-«չեզոքության» սկզբունքով` հաշտեցման պատրաստ հայ համայնքներ ստեղծելով այդ հանրապետություններում: Պետք է հաշվի առնել, որ առաջին երկու հանրապետություններում պառակտման, մասնատման ալիքի վրա հնարավոր է նոր էթնիկ հանրապետությունների առաջացում, որն, իհարկե, առանձնապես մեծ փոփոխություններ չի կատարի տարածաշրջանում, բայց այստեղ էլ կարելի է կարեւորել այդտեղ բնակվող հայերի դերը: Սա հայ-ռուսական համագործակցության լուրջ հարաբերությունների հիմնական ձեւերից մեկը պետք է դարձնել:
Անհրաժեշտ է առաջ քաշել Համակովկասյան Տան ստեղծման 3-րդ տարբերակը (չեչենական՝ ընդգծված մահմեդական եւ վրացական՝ զուտ տնտեսական տարբերակներից առանձին), որը կհամախմբի Կովկաս-Այսրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության եւ այլ հանգամանքից: Այս կառույցի կազմավորումը առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երեւան-կազմակերպիչ կենտրոնը կպաշտպանի բոլոր բնիկների շահերը: Կովկաս-Այսրկովկասի եւ Մերձավորարեւելյան մեզ թշնամական ազգերի հետ հարաբերություններում պետք է նպատակայնորեն օգտագործել մահմեդականության (իսլամի) պառակտումը (սունիներ, շիաներ, վահաբիտներ եւ այլք)՝ ի նպաստ հայկական շահերի:     
ՀՀ-ում անհրաժեշտ է ստեղծել նաեւ տարածաշրջանային (այնուհետեւ՝ համաշխարհային) քաղաքական դաշինք, որում կընդգրկվեն պետականություն չունեցող եւ փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, որը լրջորեն կբարձրացնի Հայաստանի քաղաքական վարկը եւ միջազգային կարգավիճակը:

3. Մերձավոր Արեւելք
- Ընդհանրապես պետք է աշխուժացնել կապերն ու ռազմավարական հարաբերությունները Արաբական աշխարհի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի: Շատ կարեւոր են Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի, Պաղեստինի եւ Իրաքի հետ ուղղակի կապերը, որոնք հակաթուրքական ստեղծվելիք դաշինքի ամենակայուն թեկնածուներն են (հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա (նաեւ՝ Ադրբեջան)-Իսրայել դաշինքը, որին հնարավոր է միանա նաեւ Վրաստանը): Վերոնշյալ երկրների հետ հարաբերությունները կկրեն նաեւ լուրջ տնտեսական բնույթ, եւ այս գործընկերությունը իսկապես շահավետ է, հատկապես՝ երբ հաշվի ենք առնում այդ տարածաշրջանի հարուստ հումքային պաշարները (իհարկե՝ առաջնահերթ նավթն ու գազը): Իրաքը եւ Սիրիան (Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի եւ քրդական գործոնի հետ) կարող են լինել օղակներն այն շղթայի, որը հարկ եղած դեպքում կշրջափակի Թուրքիան: ՀՀ-ն պետք է մշակի հստակ ռազմավարություն նշյալ երկրների հետ՝ հնարավոր պատերազմական իրավիճակներում համատեղ գործելու համար: Այս դաշինքի մահմեդական պետությունները կարող են իրականում մեղմել նաեւ իսլամական գործոնի ազդեցությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ (նաեւ՝ Արցախի հարցում) մեր հարաբերությունները (Իսլամական կոնֆերանս, Իսլամական միջխորհրդարանական ժողով եւ այլն):   
- Իսրայելի հետ անհրաժեշտ է հաստատել «անհասկանալի» քաղաքական հարաբերություններ: Այն պետք է հստակ լինի միայն փոխադարձ համագործակցության դեպքում: ՀՀ քաղաքական կեցվածքը պետք է «ստիպի» Իսրայելին՝ մշտապես ձգտելու լավ հարաբերությունների ու փոխադարձ ընդունելի համագործակցության: Այդ համագործակցությունը պետք է միտված լինի ոչնչացնելու հատկապես Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դաշինքը, այլապես անիմաստ է Իսրայելի հետ որեւէ խաղը, եւ պետք է կարողանալ անմիջապես հակադրվել այդ դաշինքին՝ մեկ ուրիշ համարժեքով: Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ անհրաժեշտ է լուրջ դերակատարության հասնել արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մինչեւ իսկ միջնորդությունների, հանդիպումների-բանակցությունների վայր կարգելով Երեւանը: Մերձավորարեւելյան հզոր հայ համայնքի միջոցով կարելի է նախեւառաջ հաշտեցման գործունեություն ծավալել մասնավորապես Իսրայել-Պաղեստին խնդրում: Իսրայելի (նաեւ՝ աշխարհասփյուռ հրեաների) հետ տնտեսական կապեր պետք է հաստատել՝ բացառելով Արաբական աշխարհի ու Իրանի հետ հարաբերությունների փչացումը: Հայաստան-Իսրայել բազմակողմանի կապերի ընդհանուր ջերմացումը նույնպես չպետք է կառուցվի Մերձավոր Արեւելքի՝ մեզ բարեկամ պետություններին «լքելու» հաշվին:   
- Իրանը մերձավորարեւելյան համատեքստում հատուկ նշանակություն ունի եւ ազդեցիկ գործոն է: Իրանի հետ Հայաստանը պետք է վարի բազմակողմանի ու կայուն քաղաքականություն, քանի որ այն այսօր մի պետություն է, որի հետ կարելի է համատեղ լուծել տարածաշրջանային շատ հարցեր, այդ թվում՝ Արցախի ու Նախիջեւանի, ինչպես նաեւ՝ Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջանների (մեծ Ադրբեջան) հիմնահարցերը: Համաթուրանականության դեմ պայքարը նույնպես ընդհանուր է, որին զուգահեռ պետք է մեղմվի իսլամական աշխարհի «ագրեսիվությունը»՝ Արցախի հարցի եւ անիմաստ քրիստոնեական հորջորջվող Հայաստանի նկատմամբ: Իրանն այն առանցքային երկրներից է, որի հետ (տարածաշրջանում նաեւ՝ Հունաստանի ու ՌԴ) Հայաստանը պետք է կառուցի լուրջ ռազմավարական (քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ) հարաբերություններ, եւ այդ դաշինքը (հետագայում գուցե դրան միանան Իրաքը, Սիրիան, Լիբանանը եւ այլն) պետք է ազդեցիկ, նույնիսկ անվերապահ դերակատարություն ունենա մեր տարածաշրջանում (Կովկաս-Այսրկովկաս-Մերձավոր Արեւելք), հատկապես՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական գերակայության հարցերում: Իրանի բնակչության մի մեծ հատվածի հետ կարելի է առնչվել նաեւ համաարիականության գաղափարախոսությամբ, որն ակնկալում է ստեղծել Արիական Ազգերի Դաշինք՝ նախապես մեր տարածաշրջանում (որը կգործի համաթուրանականության (պանթուրքիզմ), սիոնականության (սիոնիզմ), ինչ-որ տեղ էլ համաարաբականության (պանարաբիզմ) եւ քրիստոնեական էկումենիզմի դեմ՝ չեզոքացնելով նաեւ քրիստոնեական ու մահմեդական հակադրություններն ու վահաբականության (վահաբիզմ) նկրտումները), Կովկաս-Անդրկովկասի եւ հարակից տարածքներում բնակվող արիական ազգերի մասնակցությամբ: Այս դաշինքը, հետագայում ծավալվելով, հանդես կգա որպես Համաշխարհային Համաարիական Դաշինք: Իրանի (նաեւ Ռուսաստանի Դաշնության, Իրաքի ու Սիրիայի) հետ անհրաժեշտ է ծրագրավորել քրդական հարցի ծավալման հնարավորություններն ու հետագա զարգացումները, Քրդստանի ստեղծման քարոզչության կարգն ու, առհասարակ, նպատակահարմարությունը (կամ հնարավոր սահմանները): ԻԻՀ հետ կարելի է համագործակցել նաեւ իրանահայության մի մասին «աննկատ» ներկայիս Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջաններ «տեղափոխելու» հարցում՝ հայերին տալով շահագրգիռ արտոնություններ եւ ազդեցիկ դիրք՝ այդ տարածքներում: Սա պետք է կատարվի ի հաշիվ տվյալ տարածքի թուրք-ադրբեջանցիների՝ Իրանի արեւելյան ծայրամասեր տեղափոխման՝ ապահովելով Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների մերձակայքում հայերի թվային գերակայությունը: Իրանի հետ բանակցային թեմա է նաեւ 1920-ական թվականներին կատարած սխալն ուղղելու՝ Թուրքիա-Նախիջեւան սահմանագլխի թյուրքական «սեպի» (որն առաջացել է տարածքների երկկողմանի փոխանակման հետեւանքով) հարցը ինչ-որ կերպ արծարծելը:      
 – Քրդական հարցի լուրջ վերլուծություններից հետո պետք է այն շահեկանորեն կապել Հայկական հարցի հետ եւ արծարծել ըստ նպատակահարմարության: Քրդական աշխատավորական կուսակցության եւ այլ երկրների քրդական ուժերի հետ (Սիրիայի, Իրաքի, Իրանի, ՌԴ-ի, նաեւ՝ ՀՀ-ի) պետք է նախապես ճշտել մեր տարածքային տարաձայնությունները եւ այդուհետ համագործակցել քրդական շարժումների ու զինված պայքարի հետ: Քրդերը պետք է պաշտոնապես միասնաբար ներողություն խնդրեն 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության իրականացման մեջ թուրքերին որոշակիորեն աջակցելու համար եւ դիմեն ՄԱԿ-ին (եւ այլ անհրաժեշտ ատյաններին, դատարաններին)՝ ճանաչելու ցեղասպանությունը: Քրդերի հարցը կարելի է արծարծել Համաարիական քաղաքականության մեջ, համաթուրանականության դեմ եւ այլ տարածաշրջանային հիմնախնդիրներում:
Այս հարցը ունի նաեւ մի այլ կարեւոր գործոն. քրդերի այն հատվածը, որը մնացել է իր հին հավատամքին եւ հավատարիմ իր եզդի տեսակի կոչմանը, շարունակում է պահպանել արեւապաշտական հզոր համայնքներ ու լուրջ գործոն է տարածաշրջանում: Սա կարեւոր հանգամանք է նաեւ համաարիականության ոլորտում: Եզդիների հարցը լուրջ մակարդակի կարելի է բարձրացնել Հայաստանի եզդիական համայնքի օժանդակությամբ: Իսկ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի ու արաբական այլ երկրների տարածքներում կան արաբներ, ովքեր մերժում են իրենց սեմական ծագումը եւ ծագումնաբանորեն իրենց համարում են Հյուսիսից՝ Մարդկության Օրրան Հայաստանից եկածների ժառանգներ՝ արիացիներ: Եվ մեր տարածաշրջանում Արիական արաբների ու նաեւ ասորիների հարցերը նույնպես կարեւոր քաղաքական գործոններ են:
 – Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն ՀՀ-ի արտաքին քաղաքականությունում: Թուրքերը պատմականորեն ամենաբացասական ազգն են հայերիս համար, եթե չասենք՝ թշնամական: Վերջին հարյուրամյակների մեր գրեթե բոլոր անհաջողությունները (նաեւ՝ հայրենիքի մեծ մասի կորուստը) կապված են թուրքերի հետ, որոնք բարբարոսաբար ներխուժեցին տարածաշրջան՝ վնաս պատճառելով բոլոր բնիկներին: Սա լուրջ արգելք է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, առավել եւս՝ բարիդրացիական դարձնելու համար, թեեւ «մեծ հաշվով» դրա կարիքը չկա, քանի դեռ Հայկական հարցն ամբողջությամբ չի լուծվել: Երկուստեք հարաբերությունների ծիրում չի կարող երբեւիցե հանդուրժվել հզոր Թուրքիայի գոյատեւումը, թուրանականության (թուրքիզմ) քաղաքական առկայությունը, Հայկական լեռնաշխարհում թուրքական պետության կառուցումը (ինչպես Ադրբեջանի պարագայում): Նման պետության գոյությունը լուրջ սպառնալիք է հայոց պետականության համար (Հայ Դատի արդարացի լուծման համար): Թուրքական ներքաղաքական կյանքի ապակայունացումն ու Թուրքիայի հետագա մասնատման հարցերը պետք է մշտապես լինեն մեր պետական արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության օրակարգում: Հայոց Մեծ Եղեռնի (1915-1923թթ.) ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ անհրաժեշտ է արծարծել հույների, կիպրացիների, կրետացիների, քրդերի, սերբերի, բոսնիացիների, մակեդոնացիների, ալբանացիների, բուլղարացիների ռումինացիների, հունգարացիների, վրացիների, սիրիացիների եւ այլոց ջարդերն ու տեղահանությունները, 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագիրը, հայոց պահանջատիրությունը (օգտագործելով սփյուռքահայության հզոր լծակները), քրդական անջատողականությունը, թուրք-արաբական (Սիրիա, Իրաք), թուրք-իրանական, թուրք-հունական (կիպրական) սուր հարաբերությունները, ռուս-թուրքական տարածաշրջանային հակամարտությունը եւ այլն: Թուրքիան ավելի շատ է շրջապատված թշնամիներով, քան մենք, եւ դա հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների հակասության առկայության պայմաններում լինել հակաթուրքական կենտրոն-երկիր, որին մեծապես, բոլոր ոլորտներում պիտի աջակցեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ շահագրգիռ երկրները: Կարելի է Թուրքիայում բնակվող այլազգիների (հատկապես ջարդերի զոհ եւ ձուլման ենթարկվող) հարցը եւ թուրքահայերի հիմնախնդիրները համադրել ու
ծավալել անջատողական քարոզչություն: Մոտ 100 հզ. քրիստոնյա հայից բացի, Թուրքիայում բնակվում է ավելի քան 3 մլն. մահմադականացված հայ (նշվում է նաեւ՝ 8-9 մլն., հիմնականում՝ համշենահայեր), ովքեր հիշում են իրենց ծագումը եւ կարող են նպաստավոր գործոն լինել համահայկական գերխնդիրները լուծելու ճանապարհին: Հատուկ ներթուրքական ծրագրով (նաեւ՝ տնտեսական) պետք է կազմակերպել այդ հայերի համախմբումը Արեւմտյան Հայաստանում: Ամեն կերպ պետք է խոչընդոտվեն թուրք-բուլղարական, թուրք-ուկրաինական, թուրք-իսրայելական, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-արաբական եւ թուրք-իրանական մերձեցումները, պարբերաբար պետք է լարված մնա Կիպրոսի հարցը, Թուրքիայում պետք է մշտապես հրահրվեն ներքաղաքական եւ ազգամիջյան հակադրություններ, զինված բախումներ, տարածքային մասնատման տանող շարժումներ: Թուրանականությունը (թուրքիզմ) եւ համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարեւոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում, քանի որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի, Արաբական աշխարհի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ եվրոպական երկրների համար: Այս առումով Հայաստանը կիզակետում է, վտանգավոր, բայցեւայնպես` շահեկան դիրքում, եւ այս բոլոր երկրների համար Հայաստանի գոյությունը պարզապես անհրաժեշտ պայման է: Թուրքիայի հետ կարելի է որոշակի նպատակային առեւտրատնտեսական գործունեություն ծավալել, սակայն, շատ հեռու Արեւմտյան Հայաստանի տարածքից, որը պետք է լինի աղքատ ու նոսր բնակչությամբ` մինչեւ ազատագրվելը եւ Հայաստանին միանալը: Այս հարաբերությունները պետք է խթանեն նաեւ հայության կապերը թուրքահայության հետ:

ԱՊՀ – ՎՈւԱՄ
Տարածաշրջանային խնդիրներում հնարավոր ազդեցություն կարող են ունենալ նաեւ այս երկու դաշինքները:
 – ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցության կառույցը՝ որպես ԽՍՀՄ-ի անցումային «ժառանգ», այժմ շատ հարցերում կրում է ձեւական բնույթ, եւ հնարավոր է՝ քաղաքական-տնտեսական հակասությունների պատճառով քանակապես նվազի: Այս կառույցը ՀՀ-ին ներկայումս ձեռնտու է, թեկուզ միայն ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական համակարգի առումով: Իսկ ԱՊՀ-ի քանակական նվազման դեպքում հեռացողները հիմնականում մեր շահերին հակադիր պետություններն են լինելու (ասենք` ՎՈւԱՄ-ը. Վրաստան, Ուկրաինա, (նախկինում նաեւ՝ Ուզբեկստան), Ադրբեջան, Մոլդովա), ուստի՝ դա եւս դրականորեն կանդրադառնա կառույցի հայաստանանպաստ գործունեությանը: ԱՊՀ-ում ՀՀ-ն կայուն ռազմաքաղաքական եւ տնտեսական գործընկերություն պետք է հաստատի ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Տաջիկստանի հետ, ինչը հետեւողականորեն անհրաժեշտ է իրականացնել նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ, հատկապես, Թուրքմենստանի հետ, որը լուրջ հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ՝ կասպիցծովյան հիմնախնդիրների հարցում: Վրաստանի հետ լրջորեն կարելի է հարաբերվել միայն որոշակի տնտեսական ու տրանսպորտային հարցերում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է դադարեն ԱՊՀ-ից դուրս: Տնտեսական առումով ԱՊՀ-ի ներսում կարեւոր կլինի զուգահեռաբար զարգացնել Ռուսաստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Արաբական աշխարհ կապը, որը լուրջ քաղաքական-տնտեսական առանցք կլինի Միջին եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության մեջ, ու նաեւ կդառնա կարեւորագույն հանգույց՝ Ասիա -Եվրոպա տնտեսական ու տրանսպորտային կապերի նորովի զարգացման հեռանկարում: Իսկ Տաջիկստանը կարող է դառնալ «բազա»՝ մեր եւ Իրանի հետ Ասիայի մի մասի արիականացման քաղաքականության մեջ, որի առանցքը Հայաստան-Իրան-Հնդկաստան հիմքն է, որը մեծապես կհզորանա ԱՊՀ-ի սլավոնական (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա) երկրների ներգրավմամբ: Սա նաեւ հիմնավորապես կկանխի Ասիայի (նաեւ՝ ԱՊՀ-ի) մահմեդականացումը: ԱՊՀ-ի եւ, առհասարակ, աշխարհի հզորներից է Ռուսաստանը, որի հետ հարաբերությունները մեզ համար ռազմաքաղաքական ու տնտեսական կարեւոր նշանակություն ունեն: Բացի դա. այդ մեծ երկիրը համեմատաբար հաստատուն գործընկեր է՝ հատկապես աշխարհա-քաղաքական դիրքով, ուստի նրա հետ բազմակողմանի համագործակցությունը տարածաշրջանում եւ ՀՀ-ի համար շատ հարցերում վճռորոշ նշանակություն ունի, մանավանդ՝ մեր ներկայիս հակառակորդների հետ առկա հակամարտության ու քաղաքականության մեջ: Սակայն, այս սերտ, համակողմանի համագործակցությունը չըպետք է որեւէ կախում նույնիսկ նշմարի մեր փոխադարձ բարիդրացիական հարաբերությունների ծիրում, ինչպես նաեւ` Ռուսաստանը պետք է զերծ մնա մեծ ռուսական (վելիկոռուսական) ու համասլավոնական (պանսլավոնիզմ) նկրտումներից: Հատկապես կարեւոր է մի քանի միլիոնանոց հայ համայնքի դերը հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաեւ ներռուսաստանյան քաղաքական-տնտեսական կյանքում, որը նույնիսկ կարող է բացահայտ հայաստանանպաստ դարձնել ռուսաստանյան ռազմավարությունը: Մեր փոխշահավետ կապերը չպետք է արգելափակեն նաեւ Արեւմուտքի (Եվրոպա-ԱՄՆ) հետ արդեն ձեւավորված եւ Արեւելքի հետ ձեւավորվող մեր հարաբերությունները: ՀՀ-ն պետք է մշտապես մերժի այս կամ այն ռազմաքաղաքական խնդիրներում «քավության նոխազ» դառնալու հեռանկարը՝ ունենալով պետական հստակ ռազմավարություն եւ ճկուն մարտավարություն: ԱՊՀ-ի եվրոպական «թեւը» (Ռուսաստան, Բելառուս, հնարավոր է շուտով նաեւ՝ Ուկրաինա, Մոլդովա, քաղաքական մասով՝ նաեւ Հունաստան, Կիպրոս) կարող է լուրջ աջակցություն ցույց տալ Հայաստանին համաեվրոպական ամենատարբեր կառույցներում եւ հարաբերություններում, ինչը նույնպես պիտի հաշվի առնվի մեր արտաքին քաղաքականությունում: Պետք է ձգտել, որ ԱՊՀ-ն, տնտեսական կապերի ամրապնդմանը զուգահեռ, ունենա հզոր ռազմապաշտպանական արդիական համակարգ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա լուծել ռազմաքաղաքական խնդիրներ:
Անհրաժեշտ է վերականգնել նաեւ նախկին կապերը «ԽՍՀՄ-ական» Մերձբալթիկայի (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) հանրապետությունների հետ, որն էլ իր հերթին կնպաստի ՀՀ-Հյուսիսային Եվրոպա ու Բալթյան երկրներ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
ՌԴ-Բելառուս համագործակցության հետ կապը նույնպես պետք է դիտարկել ԱՊՀ կառույցում: Իսկ Ուկրաինայի այս իշխանությունների ռուսաստանամետ քաղաքական գիծը կարող է հարցականի տակ դնել ՎՈւԱՄ-ի գոյությունը (կամ հզոր գործոն լինելը), ինչը էապես կբարձրացնի ԱՊՀ-ի դերը, որի անդամ ՀՀ-ն պետք է առավել գործուն խաղա տարածաշրջանում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 12, 13 (143, 144), 2010թ.
 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։